Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը
Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. տարեկան ամփոփիչ նիստը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդի նոր անդամներին՝ ՀՀ կառավարության կողմից նշանակված, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին, ԵԿՄ կողմից նշանակված, ԵԿՄ վարչության անդամ Բարսեղ Բարսեղյանին, ինչպես նաև «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ Արա Չալաբյանին:
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թ.-ի ցուցանիշների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում հատուցումների ծավալը կազմել է 822 մլն. դրամ։ Մասնավորապես՝ կատարվել է 166 դեպքի հատուցում, որոնցից՝ 2017թ.-ից հետո տեղի ունեցած 17 դեպքի հատուցում (10-ը՝ զոհված, 7-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին), 2015-2016թթ. տեղի ունեցած 18 դեպքի հատուցում (որոնցից 14-ը՝ զոհված, իսկ 4-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին): 2008-2014թթ. դեպքերի մասով կատարվել է 131 հատուցում (որոնցից 109-ը՝ զոհված, 22-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին):
Նիստի ընթացքում արձանագրվել է, որ հաշվետու տարում, 2018 թվականի համեմատ, ավելի քան 1 միլիարդ դրամով ավելացել է հիմնադրամի կողմից հավաքագրվող գումարի ծավալը (շուրջ 8 մլրդ. դրամ), իսկ հիմնադրամի ընդհանուր ակտիվների ծավալն արդեն հատել է 24 մլրդ. դրամը։ Ի դեպ, նշված ցուցանիշն ավելի քան 2.5 միլիարդ դրամով ավելի է 2017-ին հավաքագրված գումարից։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019-ի ընթացքում, ամսական կտրվածքով, վճարումներ կատարողների թվաքանակն ավելացել է շուրջ 55.000-ով։
Հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով շուրջ 1.3 միլիարդ դրամ (2018-ին՝ շուրջ 790 մլն. դրամ, 2017 ին՝ 153 մլն. դրամ)։ Փաստացի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, երկրորդ տարին շարունակ, ավելի է, քան հիմնադրամի կողմից կատարված հատուցումները(միայն ակտիվների կառավարումից ստացվել է 1.3 միլիարդ դրամ, այնինչ փոխհատուցումների գումարը կազմել է 822 մլն. դրամ)
2017-2018թթ. համեմատ 2019թ. նվիրաբերությունների ծավալն աճել է շուրջ 21 մլն. դրամով՝ կազմելով 115 մլն. դրամ:
2019 թվականին կատարվել է 2018-ին վճարված՝ շուրջ 94 մլն. դրամի դրոշմանիշային վճարների վերադարձ (սրանք այն գումարներն են, որոնք գոյանում են երկու կամ ավելի տեղ աշխատող քաղաքացիների կողմից հավելյալ վճարվող, ինչպես նաև ժամկետային զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վճարած 1000-ական դրամներից, որոնք, համապատասխան դիմումի դեպքում, հիմնադրամը վերադարձնում է)։
Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով, ինչի վկայություններից մեկն էլ այն է, որ հիմնադրամի աուդիտն իրականացնում է աշխարհում լավագույն 4 աուդիտորական ընկերություններից մեկը համարվող «Էրնսթ ընդ Յանգը» (Ernst&Young (EY Armenia) 3 տարի շարունակ դրական եզրակացություն):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել