HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըտենց էլ մարտի 8-ի կենացը չխմեցինք

Չնայած արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ մարտի 8-ը տոնում ենք, բայց միշտ ինչ-որ մեկն ուզում է հայտնություն անել ու նոր բառեր մոգոնել` մեծարելու կնոջը, շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր ասելու, երբեմն ավելի շատ նրա համար, որ ընդգծվի իր յուրօրինակությունը:

Այդ և հաջորդ մոտակա օրերին ծաղկի գնաճի մասին խոսելը ժլատություն է դիտվում, իսկ լրատվամիջոցների էջերի մշտական ունեցող այրերը նախապես համացանցից մի քանի թանկ օծանելիքի անուն են թռցնում, որ հերթապահ հարցազրույցում նշեն, թե իրենց մտերիմներին հենց այդ օծանելիքն են նվիրում: Կանայք էլ աշխարհքով մեկ են լինում ու միամտաբար հավատում, թե պատահական չէ, որ իրենց տոնը բնության զարթոնքին են նշում, որ իրենք տեղներովը մեկ գարուն են ու իրենց ներկայությամբ զարդարում են աշխարհը: Էդ էլ քիչ է, մի ամբողջ միամսյակ` մինչև  ապրիլի 7-ը, երկրագունդն իրենց առանցքի շուրջն է պտտվելու: 

Ոմանք էլ մեծահոգաբար թույլ են տալիս, որ շարունակեն խաբել իրենց, աչք են փակում ամբողջ տարվա ընթացքում կրած վիրավորանքի վրա, որ գոնե ցելոֆանի մեջ մի հատիկ վարդ ստանան: Չէ, վարդն ինքը շատ գեղեցիկ է, բայց փուշն էլ կարող է հմայել, եթե բարուրված չլինի ձևականության մեջ ու հրամցվի ոչ լուռ ու մունջ, ասես գերեզմանաքարի են դնում:

Բայց արի ու տես, որ էս տոներին ամենաանկե՜ղծը, ճշմարի՜տը հեռուստատեսությունն է: Մինչ կնոջ, մոր, քրոջ փառաբանման (թեկուզ խաթրներն առնելու համար) լավ թե վատ բաժակաճառեր են ասվում, հայկական հեռուստաէկրանին ճիշտ մարտի 8-ի օրը սերիալներում, տարբեր հաղորդումներում նույն կինը, մայրը, քույրը ներկայացվում են իրենց սովորական կյանքով. այ մարդ, ինչ սովորական, ինչ առօրյա. ամենաթշվառ, ամենաճնշված, նվաստացված...

Առանց այն էլ, մեռնես էլ, մանավանդ հայկական սերիալներում երջանիկ կնոջ մի կերպար չես գտնի, ով կարող է օրինակ լինել, գոնե ոգևորի կանաց, որ էս աշխարհում երջանիկ կին էլ կա: Դա էլ քիչ է, տոնի օրով հեռուստաէկրանին շարունակվում է դժբախտ կանանց հիթ-շքերթը. սերիալներից մեկում (Դժվար ապրուստ) երիտասարդ Մերին, ում ամուսինը, չգիտես ինչու, փոշմանել է ամուսնության համար ու նոր սեր է գտել, թքած ունի, որ կինը երեխայի է սպասում, իբր թե անհավասակշիռ վիճակում փորձում է սպանել ամուսնու սիրուհուն, բայց կորցնում 1 երեխային. էդ էլ քիչ է, երբ ինչ-որ մեկը, հավանաբար, էդ պահին մոր կենացն է խմում տոնի առթիվ, սցենարիստը պատժում է Մերիին. երբեք մայր չես դառնա:

Նույն այդ սերիալում հինգ հերոսները` էլ Մարիցա, էլ Բինա, Ֆելո, էլ Սևակ, էլ Էլեն, անգամ Ջորջիկ, ապօրինի երեխեք են:

Սա էլ քիչ է, ընտանիքի մորը կամ «ծալապակաս» են ասում կամ Ֆելո որդին հայտարարում է, թե «այլասերված» մորը տեսնել չի ուզում, բա «վհու՜կը»` մանկատան  աշխատակիցը, որ բախտի քմահաճույքին մնացած աղջնակներին ճակատագրեր է բաշխում…Սրանով չպրծավ. Սյուզկան ամուսնու հետ է ապրում, բայց ուրիշին սիրում, հորաքույրը հարուստ փեսա փնտրում, մանկատան չաղլիկ աջնակը գերեզմանափոր տղուն սիրահարվում, մենակ թե ուտելու բան ունենա ու էսպես շարունակ...

Նույն հեռուստաալիքի մեկ այլ սերիալում` «Եզրագծից այն կողմ»-ում, կրկին մարտի 8-ի օրով հերոսուհին ամուսնու դաժանության արդյունքում կորցնում է զույգ երեխաներին: Դժբախտ կինը հոգեկան ծանր ապրումների մեջ դեգերում է հիվանդանոցներում, երկու կանայք ճաղերի հետևում են, մեկը հիշողությունը կորցրել ու սեփական երեխային էլ չի ճանաչում, չորրորդը ապօրինի երեխա է ունեցել ու Սևակի գլխին սաղացրել, հինգերորդն էլ ուզում էր Արամից երեխա կպցնել, չստացվեց: Եղբայրը կարող է և քրոջն է սիրել, ջահել լրագրողուհին էլ սենսացիա է փնտրում:

Այ ցավներդ տանեմ, էս հիվանդանոցի թեման ի՜նչ մի պահանջարկ ունի, որ սերալներում համարյա գլխավոր հերոս է դարձել. բոլոր երեխեքը հիվանդ են ու նրանց բուժման համար մայրերն ինչ քայլի ասես, պատրաստ են…Էն «Եղբայրներ» սերիալի էլ մերն է իբր բուժման համար հեռու ռուսաստաններում, էդ էլ քիչ է, տոնի նախօրյակին անընդհատ գովազդում են, թե տեսեք, սենսացիա է լինելու, ինքնաթիռ ենք այրելու...:

 Վայ, բա մեր ամենա-ամենա հանրայինը: Էդ հրեշտակների դպրոցում արդեն քանի ամիս է՝ մենակ դժբախտներ են ոչ միայն սովորում, այլ աշխատում. դպրոցի տնօրենը, ով վայ թե գոնե օրինակ պիտի լիներ, երեխա չունի հերիք չի, մայրական բնազդ էլ չունի: Աշակերտուհին ամուսնացած տղամարդու հետ է հանդիպում ու ընտանիք քանդում, առույծի սիրտ կերած ու ամեն սերիայում արյունլվիկ Լևոնի մերն ու հոր երկրորդ կինն իրար միս են կրծում: Լավ է, գոնե էն Լիդայի մարդը մեռավ, թե չէ կշարունակեր մարտի 8-ի ազիզ օրով ծեծ ու ջարդ ուտել:

Քիչ մնաց մոռանայի. ալամ-աշխարհում նշվող տոնին մեծահոգության ի՜նչ օրինակ էին ցույց տվել «Ազատ գոտի» հաղորդման ընթացքում` էկրանից աշխարհով մեկ ներկայացնելով դատապարտված կանանց. բա ոնց, տեսնո՞ւմ եք՝ ոնց են նրանց «ինտեգրում», մարդատեղ դնում, անգամ հետաքրքրվում, թե ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում: Տնաշենները տեսնես ի՞նչ պատասխան էին սպասում: Ու չես հասկանում՝ հաղորդման վերնագրի ազատ գոտի անո՞ւնն է պահանջում, որ դատապարտվածների հետ աշխատող կինը եթերում հայտարարի, թե երբ տանը տխրում է, ժամեր է հաշվում, որ… գործի գնա:

Դե, իսկ «Կյանքի կարուսել» ու «Մի ստիր» հաղորդումների բոլոր գործի տեղերում աշխատակցուհիերը բռնության են ենթարկվում շեֆերի կողմից, սկեսուրները «վեդմաներ» են, կանայք անպայման «ուվլեչենիներ» ունեն, էրեխեքը դժբախտ են, քանի որ երջանիկ ընտանիք չունեն, որովհետև երջանկությունը միայն սիրուն Նազոյի «Երջանկության մեխանիկա» հաղորդման մեջ է մնացել ու գոնե այդ ընթացքում կարող է հոգիդ փառավորվի, որ էս աշխարհում ինչ որ հայ ընտանիք երջանիկ է: Կարևոր չի` ռեժիսորական աշխատա՞նք է, հերոսներն անկե՞ղծ են, թե՞ չէ, հնարովի՞ է, թե՞ բնական: Կարևորն այն է, որ էկրանից էս կողմ նախանձողներ կլինեն հեռուստատաղավարի բազմոցին երջանկությունից խոսող կնոջը, ում մարտի 8-ը կարող է և շնորհավորող էլ չի եղել:

Նա, ով հավես ունեցավ էսքանը կարդալու, հնարավոր է, որ հանդիմանի հեղինակիս՝ ասելով, թե դուրդ չի գալիս, մի նայիր: Բայց խնդիրն իմ նայել-չնայելը չի, այլ էն, որ կանանց տոնին`մարտի 8-ին, խաշի հրավիրեցի միայն ազգականուհիներիս: Ու հյուրասիրության ամբողջ ընթացքում նրանք խոսում էին ոչ թե այն մասին, թե «գարունը որքան ծաղիկ է բերել», ով ինչ նվեր է ստացել, այլ պատմում էին նույն այս սերիալներից ու արցունքոտվելու աստիճան մղկտում դժբախտ հերոսների  ճակատագրի համար ու որքան քարսիրտ պիտի լինեին, որ տոնի սիրտ ունենային:  Վայ թե մոռացան էլ մարտի 8-ի կենացը խմել:

Մեկնաբանություններ (5)

NARA
esel marti 8-i nver,shat lavn er shaaat cicaxeci.apri hexinak@
Առաջին Տիկին
Ամենազավեշտալին Առաջին Տիկնոջ կողմից կազմակերպված նվեր համերգը` Սոսո Պավլիաշվիլին իր ռեստորանային երգացանկով և սեփական կնոջ մերկապարով Նժդեհական ազգային գաղափարոսւոթյան համատեքստում:
yes
Et hatuk cragira mardkanc aveli degradacnelu hamar! Et debil serialneri patcharov mardkanc 90%-@ anhavasarakshrvaca! Mi nayeq et axb@, xnayeq dzer aroxjutyun@!! Et serialneri scenaristnerin u rejisornerin pti mi vagon lcnen u uxarken djungliner, dranq iskakan anasun en, vor tenc axb@ mardkanc en cuyc talis!!
mariam
inch lavn es kyaaaaaaanq,sax toshni er,halalaaa
HASMIK
DE HO NORUTYUN CHE VOR HAY AZGE MAZOXIST E,VOR DARD U CAV EL CHUNENA MI BAN KHORINI IREN TANJELU HAMAR.ES DEPQUM GONE MI QICH MAKARDAKOV BANER HORINEN U AYLASERUTYUN CHQAROZEN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter