HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գործունեության պատմությունը

1972 թվականին ստեղծվել է ԱրմԳԻԳԻՍ (Армянский Государственный Институт Инжинерно-Геодезических Изискаий и съёмки), որը անմիջապես ենթարկվում էր ԽՍՀՄ մինիստրների խորհրդին առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության վարչությանը, դրանով այն ենթակա չէր ՀԽՍՀ պետական մարմինների։ 1973 թվականից մեկնարկել է ԱրմԳԻԳԻՍ-ի շենքի կառուցումը, որին անվարձահատույց անմիջական մասնակցություն են ունեցել ներկայիս «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մի քանիսը։

Խորհրդային տարիներին նման կենտրոնի ստեղծումն ինքնին բացառիկ էր մեր հանրապետության համար, քանի որ Հայաստանը փաստացի անկախացավ իր հարևան հանրապետությունների մասնագիտական մարմիններից և տպարաններից։ Մինչև այս կառույցի ստեղծումը Հայաստնի տարածքում գեոդեզիական հիմքի ստեղծումն իրականացվում էր Խորհրդային մյուս ինստիտուտների կողմից։

Մյուս, և առավել կարևոր հանգամանքը հայտնի սահմանային հարցն էր։ Քանի որ Խորհրդային տարիներին մեր տարածաշրջանում քարտեզները տպագրվում էին Թբիլիսիում, տեղի իշանություններն աշխատանքներն իրականացնում էին ի օգուտ իրենց հանրապետության։ Գաղտնիք բացած չենք լինի եթե ասենք, որ տարբեր տարիների տպագրված տեղագրական և թեմատիկ քարտեզներում Հայաստան-Վրաստան սահմանը տեղաշարժվել է և միշտ ի օգուտ Վրացական կողմի, իսկ ԱրմԳԻԳԻՍ-ի ստեղծումը թույլ տվեց այդ ամենն իրականացնել Հայաստանում և բացառել նման աղավաղումները։

Կարծում եմ քաջածանոթ եք, որ սկսած 1990-ական թվականներից տարբեր ժամանակներում գործել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության սահմանազատման (դեմարկացիայի) հանձնաժողով։ Այդ հանձնաժողովների աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել մեր կազմակերպության մասնագետները, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով փաստացի պաշտպանել են հայրենի երկրի սահմաններն ու չեն զիջել անգամ մեկ թիզ հող։

Խորհրդային տարիներին կազմակերպությունն իրականացրել է Հայաստանի տարածքի գեոդեզիական լայն սպեկտրի աշխատանքներ, այն է՝ տարբեր մասշտաբի և տեսակի հանույթներ, գեոդեզիական հիմքի ստեղծման և քարտեզների տպագրության աշխատանքներ։ Այս ամենի իրականացումը թույլ տվեց նորանկախ հանրապետությունը չլինել անօգնական և իր ուժերով իրականացրեց ամբողջ Հանրապետության տարածքում համապատասխան ծառայությունների մատուցում։

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո կազմակերպությունը փաստացի գտնվել է մի շարք պետական կառույցների կազմում և ունեցել է տարբեր անուններ։ Առավել հայտնի դառնալով «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ անվանմամբ։ Նորանկախ հանրապետության կյանքի առաջին տարիներին երբ Հանրապետությունը գտնվում էր պատերազմական պայմաններում, կազմակերպությունը մի րոպե անգամ չի փակել դռները, մշակել են քարտեզներ ռազմական կիրառության համար և ապահովել են ՀՀ բանակի պահանջները։ Այդ տարիներին երբ շատ ձեռնարկություններ չէին գործում կազմակերպությունն աշխատում էր մի քանի հերթափոխով։

Ներկայիս «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը (այսուհետ կազմակերպություն) ունի հետևյալ բաժինները 

  • Գիտատեխնիկական, 
  • Գեոդեզիական դիտարկումներ և չափաբանություն,
  • Հողաշինարարություն, 
  • Հանութագրում և քարտեզագրում,
  • Թեմատիկ քարտեզագրություն,
  • Երկրատեղեկատվություն,
  • Ֆոտոգրամետրիա և քարտեզագրում,
  • Աշխարհագրական անվանումներ:

Նմանատիպ կառուցվածքն ապահովում է գեոդեզիական, քարտեզագրական և տեղագրական աշխատանքների գրեթե բոլոր տիպի աշխատանքները։ Կազմակերպությունում կախված աշխատանքների ծավալից աշխատում են 100 և ավելի թվով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև հեռանկարային երիտասարդ մասնագետներ։

Մեր աշխատողներն որակավորման բարձրացման դասընթացներ են անցել Գերմանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի Դաշնության մասնագիտացված կազմակերպություններում։

Իր գործունեության ընթացքում Կազմակերպությունը իրականացրել է բազմաթիվ պետական նշանակության աշխատանքներ:

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Ազգային (արբանյակային) գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) ստեղծման և քարտադարանի վարման աշխատանքներ։ Այս ցանցը ստեղծվել է 2003-2007թթ, ներառում է 1112 կետ, որը ապահովել է ՀՀ տարածքի բոլոր բնակավայրերում քարտեզագրական աշխատանքների ծախսերի նվազմանը, այդ թվում նախատեսված է մասնավոր կազմակերպությունների օգտագործման համար։ Ցանցը գտնվում է Կադաստրի կոմիտեի ենթակայության ներքո սակայն դրա սպասարկումը, պարբերական հետազոտումն ու քարտադարանի վարումը չի իրականացնում (որը նախատեսում է Գեոդեզիայի և քարտեզագրության մասին օրենքը)։ Կազմակերպության կողմից եղել են մի շարք աշխատանքների առաջարկներ, որոնք Կադաստրի կոմիտեի կողմից մերժվել են։

Ցանցի ստեղծման ժամանակ համագործակցություն է եղել Շվեդ մասնագետների հետ, որոնք իրենց բարձր գնահատականն են տվել մեր մասնագետների կատարած աշխատանքներին։ Նույնիսկ ցանցի մի մասը հավասարակշռել են իրենք և ստացել տեղական տվյալներին համարժեք տվյալներ, որով ցանցն ապացուցել է միջազգային չափորոշիչներին համապատասխանությունը։

Պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) ստեղծման և քարտադարանի վարման աշխատանքներ։ Ստեղծվել է Խորհրդային տարիներին, ներառում է
2000-ից ավելի կետ։ Այս ցանցի ստեղծմամբ և սպասարկամամբ զբաղվել է կազմակերպությունը մինչև Կադաստրի կոմիտեի կազմում հայտնվելը։ Ներկայում պատասխանատուն հենց Կադաստրի կոմիտեն է, որը փաստացի սպասարկում չի իրականացնում։

Պետական բարձունքային ցանցի (ՊԲՑ) ստեղծման և քարտադարանի վարման աշխատանքներ։ Այս ցանցը ստեղծվել, նիվելիրացվել և հավասարակշռվել է 2005-2007 թթ, ներառում է 800-ից ավելի կետ։ Ապահովում է ՀՀ ամբողջ տարածքում ծովի մակարդակից բարձրության բարձր ճշտության որոշում։ Այս ցանցի նիվելիրացման և հավասարակշռման աշխատանքներն իրականացվել են բացարձակապես կազմակերպության մասնագետների կողմից։ Ստուգման է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն և Շվեդիա։ Երկու ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ մեր մասնագետների կողմից ստեղծված ցանցը համապատասխանում է ամենաբարձր միջազգային պահանջներին։ ՊԲՑ ցանցը մեր երկրին դասել է այն բացառիկ երկրների շարքին որոնք ունեն բարձր դասի և այսքան ճշգրիտ նիվելիրացման ցանց, որը փաստել են արտասահմանցի մասնագետները։

Մշտական գործող բազային կայանների ցանցի (GNSS) ստեղծման և գործարկման աշխատանքներ։ Այս աշխատանքներն իրականացվել են 2013-2014 թթ Նորվեգական դրամաշնորհի շրջանակներում արտասահմանյան ընկերության կողմից, ներառում է 12 կայան։ Կազմակերպության աշխատակիցները մասնակցել են աշխատանքների բոլոր փուլերին, ցուցաբերելով տեխնիկական աջակցություն և կատարելով ստուգումներ։ Հենց այս ցանցի ստեղծումն էր, որ թույլ տվեց մասնավոր ընկերություններին բարձրացնել իրենց աշխատանքի որակը և դարձնել մասնագիտական աշխատանքները հասանելի օպերատորի որոկավորում ունեցող անձանց։

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի ստեղծում։ Կազմակերպության կողմից ստեղծվել և GIS միջավայր են տեղափոխվել սկզբում բազային համարվող 1։10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ, ապա նաև 1։100000-1։25000 մասշտաբների քարտեզները։ Վերջին տարիներին մեկնարկվել է ՀՀ քաղաքների 1։2000 մասշտաբի աբմողջական, բազմաշերտ քարտեզների ստեղծումն երկրատեղեկատվական միջավայրում, որը թույլ է տալու բարձրացնել տվյալների կենտրոնացումն ու կառավարելիության աստիճանը։ Այս ամեն աշխատանքներում կազմակերպությունը առաջիններից մեկն էր, որ իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում և որի մասնագետները ունեն կուտակված ահռելի փորձ վերը նշված բոլոր բնագավառներում։

Ֆոտոգրամետրական աշխատանքների իրականացում, օրթոֆոտոհատակագծերի և բազային թվային քարտեզների ստեղծում։ Կատարել ենք ՀՀ ողջ տարածքի աէրոնկարների ֆոտոգրամետրիական մշակում, որի լուսանկարումը իրականացվել էր Շվեյցարական ընկերության կողմից 2003 թվականին։ Ստացել են այդ ժամանակի համար բարձր ճշտության օրթոֆոտոհատակագծեր։ Ինչպես նաև կատարել են 2014 թվականին իրականացված ՀՀ տարածքի օրթոֆոտոհատակագծերի ստուգման աշխատանքներ։

Օդալուսանկարների և տիեզերական նկարների գրասենյակային և դաշտային վերծանում։ Եղել ենք միակ կազմակերպությունը, որ ստացել ենք տիեզերական լուսանկարներ միջազգային արբանյակներից և տեղում մշակել։ Սակայն կազմակերպության թուլացման և նախկին իշխանությունների քմահաճույքի պատճառով այդ հնարավորությունը փոխանցվել է այլ պետական գերատեսչությանը։

Կադաստրային թվային քարտեզների ստեղծում և մշակում։ Կադաստրային քարտեզները կազմակերպությունը ստեղծել է բացարձակապես արտաքին պատվերների արդյունքում։ Սակայն չի մասնակցել 90-ականների համատարած քարտեզագրական աշխատանքներին, որոնց որակը շատ ցածր է եղել։

ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1852 որոշմամբ երբ միավորվեցին «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» և «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ՊՈԱԿ-ները (նախկին «Հողաշինարարության ինստիտուտ»-ը, որը ստեղծվել էր 1967 թվականին, և որը ունեցել է տարածաշրջանում հողաշինարարական լավագույն լաբորատորիաներից մեկը) «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը ձեռք բերեց նաև հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման, դիտարկումների իրականացման և այլ գործառույթներ, իսկ Կադաստրի կոմիտեն ստանձնեց նաև այդ ոլորտի լիազորի դերը։ Օբյեկտիվ դիտելիս ակնհայտ է դառնում, որ այս հողաշինարարության, հողերի արդյունավետ կառավարման և հողերի որակի բարձրացման ոլորտում անելիքները շատ են և այդ ամենն արդյունավետ կարելի է իրականացնել ունենալով մեկ հզոր պետական կառույց։

Հողաշինարարական աշխատանքներն առավել կարևոր են՝ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, հարկային դրույքաչափերի որոշման, պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։ Առկա են այս ոլորտի աշխատանքների իրականացման համար համապատասխան մասնագետներ և կուտակված է ահռելի փորձ, սակայն չեն ձեռնարկվում միջոցառումներ այս աշխատանքների իրականացման համար։ Լիազոր մարմնի անգործության պատճառով ոչ միայն հողերի օգտագործումը վեր է ածվել կամայականության, այլ նաև Հանրապետության հողերն ենթարկվում են էրոզիայի, դեգրադացման, տարատեսակ  նյութերով աղտոտման, անապատացման, աղակալման, բերքատվության նվազման և ի վերջո լքվել են սեփականատերերի կողմից։

Տարբեր տարիներին կազմակերպության հողաշինարարների կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները

  • Հողաշինարարական սխեմաների կազմում ըստ համայնքների, շրջանների և մարզերի,
  • Հողերի միավորման աշխատանքներ,
  • Ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ,
  • Միջտնտեսային հողաշինարարական աշխատանքներ,
  • Տնամերձ տնտեսությունների նախագծում,
  • Բնակավայրերի հողօգտագործման հատակագծերի կազմում,
  • Արոտների և խոտհարքների արմատական և մակերեսային բարելավման նախագծերի կազմում,
  • Համայնքների հողատեսքերի հաշվառում,
  • Հողօգտագործման քարտեզների կազմում,
  • Հողային հաշվեկշիռների կազմում,
  • Անտառային ֆոնդի քարտեզագրում և հաշվառում,
  • Հողային ֆոնդի, ոռոգվող հողերի, գծային կառույցների և այլ գույքագրման աշխատանքներ,
  • Հողերի որակական գնահատման աշխատանքներ
  • Հողերի որակի բարձրացման աշխատանքներ:

ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս ոլորտում իրականացվել են ահռելի աշխատանքներ։ Դեռ հարց է թե կազմակերպության մշակումներից քանիսն են օգտագործվել մասնավոր ընկերությունների կողմից իրենց քարտեզների մշակման ընթաքում։

Իրականացվել է՝

Թեմատիկ ուսումնական քարտեզներ

Հայաստանի ազգային ատլասի ստեղծում հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով։

Այլ ատլասներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի ստեղծման համար աշխատակիցները պարգևատրվել են պատվոգերերով և մեդալներով։

Մանկական ատլաս։ Այն մշակվել է կազմակերպության միջոցներով, չի ֆինանսավորվել ոչ պետության ոչ մասնավորի կողմից։

Հրատարակվել են 50-ից ավելի այլ քարտեզներ, ատլասներ, բուկլետներ և այլ քարտեզագրական նյութեր:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

Այս ոլորտում իրականացվել են ահռելի չափով աշխատանքներ։ Առաջինը և կարևորը կազմակերպությունում ստեղծվել, կառավարվել և կայացվել է աշխարհագրական անվանումների հավաքագրման և գրանցման համակարգը։ Հավաքագրվել են մի քանի տասնյակ հազար աշխարհագրական օբյեկտների անվանումներ, վերականգնվել են հայերեն անունները, մաքրվել են օտար, օտարահունչ և կեղծ անունները (հիմնականում թուրքերեն և ադրբեջաներեն)։

Կազմվել և հրատարակվել են երկու տասնյակին մոտ բառարաններ։

ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի առաջին երկրատեղեկատվական համակարգը ստեղծվել է այս Կազմակերպությունում։ Ստեղծումը և ներդրումն այնքան արդյունավետ է եղել որ սկսվել է ՀՀ քաղաքների երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը։

2005 թվականին ստեղծվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի  համար բազային փորձնական ԵՏՀ, որի համար բազային քարտեզագրական հիմք է հանդիսացել  1:500 մասշտաբի կադաստրային հատակագիծը և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը,  որոնք ստեղծվել են Երևանի օդալուսանկարահանման նյութերով:

2006-2009թթ. ստեղծվել են ԵՏՀ-ի 1: 2000 մասշտաբի քարտեզագրական  հիմքեր Երևանի տասը համայնքների, ինչպես նաև Ծաղկաձոր, Աշտարակ և Բյուրեղավան քաղաքների համար: Կատարվել այդ հատակագծերի  թարմացման աշխաատնքները:

2011թ. նախատեսվում էր ավարտել Երևանի բոլոր համայնքների բազային ԵՏՀ-ի հիմքի ստեղծումը։

2009 թվականին կազմակերպության կողմից ստեղծվել են անշարժ գույքի տեղեկատվության վերաբերյալ  որոնման համակարգեր Արաբկիր համայնքի համար, որոնք կապակցված են քարտեզագրական հիմքի հետ և հնարավորություն ունեն գույքի վերաբերյալ և տեղեկանք տրամադրել առանձին բլանկի տեսքով, և վկայականն անմիջապես  տպել:

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպությունը կազմակերպել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ մասնավոր ոլորտի մասնագետների համար։ Դասընթացի շրջանակներում մասնագետները բարձրացնում էին իրենց որակավորման աստիճանը, աշխատում էին ժամանակակից տեղխնոլոգիաներով և կարճ ժամկետում ծանոթանում էին ոլորտի նորարարական լուծումներին ու կազմակերպությունում կուտակված փորձին։ Դասընթացները վարել են բազմամյա փորձ ունեցող մասնագետներ և կառավարման, և մասնագիտական օղակներից։

Սրանով իսկ կազմակերպությունը նպաստել է մասնավոր ոլորտի զարգացմանը, բարձրացնելով մասնագետների որակավորումը և կիսվելով սեփական փորձով։

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ի տարբերություն մասնավոր ոլորտի ընկերությունների, Կազմակերպությունն իր կազմում ունի գիտատեխնիկական բաժին, որը իրականացնում է ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ, նորարաությունների կիրառություն, բարդ խնդիրների ուսումնասիրում, վերլուծում և լուծման ուղիների հայտնաբերում։ Պետական  բարձունքային ցանցի առաջին դասի նիվելիրացման հենանիշերի GPS   դիտարկման մշակված արդյունքների հիման վրա ստեղծվել է ՀՀ և ԼՂՀ տարածքների քվազիգեոիդի մոդելը, որը հնարավորություն է տալիս GPS դիտարկումների ժամանակ ցանկացած կետի նորմալ բարձրությունը ստանալ բարձր ճշտությամբ` առանց լրացուցիչ նիվելիրացման աշխատանքներ կատարելու։ Նմանատիպ բարդ և կարևոր աշխատանքներից է եղել ՀՀ տարածքի քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն իր ներքին ռեսուրսներով, առանց արտասահմանցի մասնագետների ներգրավման ստացել է աշխարհում լավագույն քվազիգեոիդի մոդլենրից մեկը, որը կարևոր նվաճում է մեր երկրի համար։ 

Իրականացված մի շարք այլ աշխատանքներ

  • GPS դիտարկման մշակված արդյունքների հիման վրա գնահատվել է գոյություն ունեցող ՀՀ պետական գեոդեզիական ցանցի ճշտության աստիճանը:
  • ՀՀ կառավարության 11.03.2002թ. 225 որոշմամբ հանրապետության տարածքում ներդրվել է WGS-84 միջազգային գեոդեզիական կոորդինատային համակարգը, այդ նպատակով կառուցվել է Ազգային գեոդեզիական ցանց, որը բաղկացած է 0-ական դասի 5 կետից, 1-ին դասի 41 կետից և 2-րդ դասի 761 կետից:
  • Իրականացվել են ՀՀ պետական բարձունքային ցանցի  I և  II  դասի նիվելիրացման աշխատանքներ:
  • Իրականացվել են տեղագրագեոդեզիական ապահովում, ինչպես նաև GPS դիտարկումներ և «Զվարթնոցե», «Շիրակ», «Ստեփանավանե», «Ստեփանակերտ» օդանավակայանների տարածքներին հարող գոտիներում ընկած խոչընդոտների կոորդինատների հաշվարկ:
  • Իրականացվում են գեոդեզիական գործիք սարքավորումների չափաբանական ապահովման աշխատանքներ:
  • Մերձերևանյան և Սպիտակի գեոդինամիկական  պոլիգոններում ստեղծվել են տեղական նշանակության գեոդեզիական ցանցեր, սեյսմիկ շրջաններում երկրակեղևի դինամիկ շարժումներն ուսումնասիրելու և ինքնատիպ կառույցների ու շինությունների դեֆորմացիոն տեղաշարժերը հետազոտելու նպատակով:
  • Գեոդեզիական ապահովում է իրականացվել Երևանի հեռուստաաշտարակի, մետրոպոլիտենի և Մարզահամերգային համալիրի, ինչպես նաև Արփա-Սևան թունելի կառուցման  շինարարական աշխատանքների ժամանակ:
  • Իրակաացվել է «Արմենտել» ՓԲ ընկերությանը պատկանող օպտիկամանրաթելային մալուխային ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների հանութագրում, թվայնացում  և ԵՏՀ ստեղծում:
  • ՀՀ պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման գեոդեզիական աշխատանքների իրականացում:
  • Իրականացվել են ՀՀ 13500 քառ.կմ տարածքի օդալուսանկարահանում, 1:2000 մասշտաբի օրթօֆոտոհատակագծերի ստեղծում, 1:2000 մասշտաբի թվային տեղագրական  հատակագծերի ստեղծման աշխատանքներ: 
  • Քաղաքների 1:2000 մասշտաբի վերգետնյա և ստորգետնյա ինժեներական կառույցների հաղորդակցուղիների հանութագրում:
  • Կատարվել է Երևանի, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ: 
  • Իրականացվել են Իրան-Հայաստան գազամուղի ինժեներագեոդեզիական, հիդրոլոգիական և նախագծային աշխատանքներ:
  • Ենոքավան համայնքի տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքներ, մասնավոր ընկերության հետ համագործակցության հատ:
  • ՀՀ ԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի նիվելիրացման աշխատանքներ, որոնք հանդիսացել են պետական կարևորության բարձր վտանգավորության աշխատքներ։
  • Բիլայն ընկերության համար ՀՀ խոշորագույն քաղաքների տարածական մոդելների մշակում:

Բացի այս ամենը կազմակերպությունը բազմիցս իրականացրել է պետությանն անհապաղ անհրաժեշտ մասնագիտական, ստուգման և այլ աշխատանքներ, որոնք շատ ժամանակ եղել են անվճար, պարզապես ելենելով պետական անհրաժեշտությունից։

Գալով կառավարության նիստում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորումների

Առաջին հիմնավորումը այն է որ կազմակերպությունը խոչընդոտում է մասնավոր ընկերությունների զարգացմանը։ 

Դա բացարձակ ապատեղեկատվություն է։ Եթե մի փոքր ավելի խորն ուսումնասիրվի շուկան ապա պարզ է դառնում որ պետական պատվերներից որոշակի մասնաբաժին իրականացրել են մասնավոր ընկերությունները։ Կազմակերպության գոյությունը սահմանում է բարձր նշաձող մասնավոր կազմակերպությունների համար։ Եթե ըստ հեղինակների զարգացումը դա ուժեղ մրցակցի ոչնչացումն է, ապա դա սխալ մոդել է։ Քանի որ շուկայում մրցակցության առկայությունն ապահովում է հնարավորինս ցածր գին և բարձր որակ։ Կազմակերպության լուծարմամբ մեծ է ռիսկը մասնագիտական աշխատանքների որակի կտրուկ անկման, որը նախագծում չի դիտարկվել։

Երկրորդ հիմնավորումն այն է որ կազմակերպությունը ունի առավելություն մասնավորի նկատմամաբ, քանի որ ունի պետական աջակցություն։ 

Սա նույնպես ցածրարժեք մանիպուլյացիա է, քանի որ չնայած կազմակերպության պետական լինելը, սակայն ուղիղ պետական միջոցներ չի ստանում։ Ինքն է հոգում իր ծախսերը, գնում սարքեր, վճարում կոմունալ վճարները, վճարում աշխատավարձ և այդ ամենի հետ միասին ստեղծում պրոդուկտներ։

Նախագծով նախատեսվում է ամբողջ գույքը տրամադրել Կադաստրի կոմիտեին, սակայն չէ որ այդ գույքը գնվել է աշխատողներին չվճարված աշխատավարձների և պարգևավճարների հաշվին։ Նախորդ տարի կատարվել է 20 000 000-ից ավելի ներդրում, որը կարող էր գնալ աշխատողների աշխատավարձին և բարելավել նրանց սոցիալական վիճակը սակայն այդ գումարով ձեռք է բերվել բարձր որակի մասնագիտական սարքավորումներ։

Երրորդ հիմնավորումը, որ Կազմակերպության լուծարումով կխնայվեն պետական միջոցներ։

Ոչ միայն չեն խնայվի պետական միջոցներ այլ նաև կկատարվեն լրացուցիչ ծախսեր։ Եթե Կազմակերպությունն իր ծախսերը հոգում էր ինքը, իր հաշվին չունենալով պետական ֆինանսավորում, ապա հիմա ամբողջ ծախսերը պետք է հոգա Կադաստրի կոմիտեն պետական բյուջեի միջոցների հաշվին։

Խոսք է գնում նոր ստեղծվող ստորաբաժանման մասին, որը ոչ միայն ունեալու է ավելի փոքր աշխատակազմ, այլ նաև ուրիշ ստորաբաժանումների միավորման արդյունքում լուծարվող Կազմակերպության աշխատակիցների հատկացվող աշխատատեղերն ավելի են պակասելու, բերելով ավելի մեծաքանակ մարդկանց գործզրկության։

Եթե նախկինում Կազմակերպությունը վճարում էր աշխատավարձերը մրցույթների հաշվին ձեռք բերած գումարներից, ապա նոր ստորաբաժանումում ամբողջ բեռը ընկնելու է պետական բյուջեի վրա (Կադաստրի կոմիտեի պետական բյուջեից հատկացված գումարից)։

Նախագծում բերված հիմնավորումները չեն վերաբերվում Կազմակերպությանը, մտածածին, ոչ օբյեկտիվ և հստակ նպատակ են հետապնդում Կազմակերպությունը ներկայացնել բացասական կողմից, որպես խոչընդոտ։ Ոչ մի անրադարձ չկա ընկերության կողմից կատարած բազմամյա աշխատանքների ու գործառույթների վերաբերյալ, որը նորից բացասական ֆոնի ստեղծմանն է ծառայում։

Հաշվի չի առնվել մեկ այլ խնդիր։ Գեոդեզիայի և քարտեզագրության մի շարք աշխատանքների իրենցից ենթադրում են գաղտնիություն, այն է գաղտնի նյութերի հետ աշխատելու կոմպետենցիա և իրավունք։ Ի տարբերություն մասնավոր ընկերությունների Կազմակերպությունն ունի և փորձ, և իրավունք նմանատիպ աշխատանքներ իրականացնելու։ Սա ուղիղ պետական անվտանգության հարց է։

Սկսած 2020 թվականից Կազմակերպության նկատմամբ վարվում է խիստ բացասական քաղաքականություն։ 2020 թվականի հունվարի 8-ին աշխատակիցներին տրված ծանուցման արդյունքում կազմակերպությունը չկարողացավ մասնակցել ոչ մի աշախատանքի, սակայն նրան պարտավորեցրի իր գումարներից վճարել պարապուրդում գտնվող աշխատակիցներին, փաստացի ընկերությանը տանելով սնանկացման։ Այդ ամենն արվեց առանց Կառավրաության համապատասխան որոշման և հիմքի, միայն պարզ քմահաճույքով։

Ի տարբերություն մասնավոր ընկերությունների որոնց գործունեությունը կարող է դադարել ցանկացած պահի և նրանք պատասխանատվություն չկրեն կատարած աշխատանքի համար, Կազմակերպությունը միշտ պատասխանատու է եղել իր կատարած աշխատանքների համար։ Նման վառ օրինակ է կադաստրային քարտեզների ստեղծման ժամանակ գույթւոյթուն ունեցած ընկերությունները, որոնցից անգամ մի քանիսին դժվար կլինի գտնել։

Կարծում եմ ՀՀ տարածքում քիչ կազմակերպություններ կգտնվեն, որ իրականացրել են 50-ի հասնող տեսակի 1000-ից ավելի աշխատանքներ ու գործում են ստեղծման օրվանից և ծառայում են իրենց երկրին մինչև օրս։

Կազմակերպությունը միայն շենք ու գործիք չէ այլ բարձր որակավորմամբ մասնագետներ, մարդիկ ովքեր աշխատել են հանուն իրենց երկրի:

Կազմակերպությունը մոդերնիզացիայից հետո կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանի այլ նաև արևելյան Եվրոպայի հզորագույն կազմակերպություններից մեկը, որը ոչ միայն կիարկանացնի աշխատանքներ ՀՀ տարածքում, այլ նաև ԵՄ և ԵԱՏՄ տարածքներում։

Կազմակերպությունը ունի մասնագիտական ռեսուրսներ գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության, գույքի գնահատման, կադաստրի, երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, ֆոտոգրամետրիայի, էլեկտրոնային քարտեզագրության և հարակից ոլորտներում աշխատանքներ իրականացնելու համար։ Ոլորտը կարիք ունի կարգավորումների և դա կարելի է ապահովել կազմակերպության կուտակած ներուժով։ Պետք չէ հրաժարվել կայացած կառույցից։

տ․գ․թ․ Շահեն Շահինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter