Կապահովվի ծրագրերի շարունակականությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության նորանշանակ ղեկավար, դեպան Տրայան Յաուրենտիու Հրիսթային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն կրթական ծրագրերին առնչվող հարցեր:
Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կառավարության կրթական քաղաքականության հիմնական սկզբունքները, նշել է, որ մեր երկրի համար առաջնային է լիովին ներգրավվել եվրոպական կրթական տարածքում:
«Այս համատեքստում մենք կարևորում ենք Եվրամիության աջակցությունը հատկապես ուսանողների շարժունությանը միտված ծրագրերում»,- նշել է նախարար Աշոտյանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել կրթական ոլորտի համատեղ ծրագրերը դարձնել շարունակական, և հետամուտ լինել նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես Արմեն Աշոտյանն առաջարկել է բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացնել նոր համատեղ ծրագիր` ագրարային կրթության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը ստանձնելու և 2015 թվականին Երևանում կազմակերպվելիք նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիության կրթական համագործակցության ծրագրին առնչվող մի շարք հարցերի: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել