
Վարչապետին է ներկայացվել արդարադատության նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Անցնելով զեկույցին՝ նախարար Բադասյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020- 2022թթ․ գործողությունների ծրագիրը, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը:
Դատական և իրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը փոխարինվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին: Նախատեսվել է դատավորների գործունեության գնահատման նոր կարգ, որի համաձայն դատավորների գործունեությունը ենթակա է լինելու պարբերական գնահատման: Հստակեցվել է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգը:
Ըստ հաղորդագրության՝ Համաշխարհային բանկի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել մշակել նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի վավերացումը իրականացնելու համար էլեկտրոնային հարթակ (ֆինանսավորման չափը՝ 20 միլիոն ՀՀ դրամ): Համաձայնություն է ձեռք բերվել արդիականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգերը (ֆինանսավորման չափը՝ 80 միլիոն ՀՀ դրամ): Միջազգային դոնոր կազմակերպություններին ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգի արդիականացման համար տեխնիկական նկարագրի մշակման և արխիվի թվայնացման ծրագրերը:
Եվրոպական միության հետ բանակցվել ու վերջնականացվել է դատական և իրավական բարեփոխումների նոր բյուջետային աջակցության ծրագրի փաթեթը՝ ընդհանուր՝ 30 մլն եվրո արժողությամբ: Ֆինանսավորման համաձայնագիրը կստորագրվի այս տարի:
2019-ի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2020թ. ապրիլի 15-ից ուժի մեջ է մտել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ ուղղված Սնանկության կառավարիչների հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, Սնանկության վարույթում ծախսերի և ժամկետների կրճատմանը, Էլեկտրոնային համակարգերի ներդրմանը:
2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես, բավարարվել է 56 դիմում, ընդհանուր առմամբ տրամադրվել է 630 մլն դրամի փոխհատուցում:
Հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում ընդունվել են՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը:
Ներդրվել է Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման կառուցակարգ:
Կոռուպցիայի կանխարգելման նպատակով միջոցառումներ են իրականացվել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուղղությամբ, հաստատվել է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հայտարարագրման ձևանմուշը, որի հիման վրա հանքարդյուաբերող ընկերությունները ներկայացրել են իրենց հայտարագրերը, ձեռնարկվում են միջոցներ հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ:
Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին: 9 քրեակատարողական հիմնարկ միացել է ծրագրին, բոլոր 12 ՔԿՀ-ները կմիանան մինչև 2020 թվականի հունիս:
2019-ի ընթացքում Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է շուրջ 30 տոկոսով: ՔԿՀ-ները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով:
Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտի բարեփոխումների շրջանակում 2019-ի սեպտեմբերի մեկից քաղաքացին ՔԿԱԳ մարմնից որևէ ծառայություն ստանալու համար կարող է դիմել տարածքային առումով իրեն ամենամոտ տարածքային մարմին, ամուսնություն գրանցել կարող են բոլոր երկրների քաղաքացիները, այլևս պարտադիր պահանջ չէ զույգերից մեկի՝ Հայաստանում գրանցում ունենալու փաստը: Հայաստանն ամբողջությամբ անցել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի տրամադրմանը:
2020 թվականի մարտի 8-ից Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդների գրանցումն ու դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներն իրականացվում են տեղում: Ծրագրին միացել են արդեն 3 ծննդատուն, մոտ օրերս կմիանա եւս 5-ը:
2020-ի մարտից արդարադատության նախարարությունը սկսել է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների ընդունելության սպասասրահի կազմակերպման աշխատանքները և այս պահին դրանք գտնվում են ավարտական փուլում, քաղաքացիները հնարավորություն կստանան դիմումեր ներկայացնել՝ ՔԿԱԳ գործակալություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Սոցիալական ապահովման ծառայություն, Միգրացիոն ծառայություն, Կադաստրի պետական կոմիտե, Թաղման բյուրո, Ազգային արխիվ:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրատվական գործունեություն իրականացնողների համար դարձել է անվճար:
Անդրադարձ է կատարվել նաև նախարարությանը տրված հանձնարարականների կատարողականին:
Մեկնաբանել