HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեռլինի Տեգել օդանավակայանը կարող է փակվել հունիսին

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Գերմանիայում ժամանակից շուտ կարող է փակվել մեծությամբ չորրորդ Տեգել օդանավակայանը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չնկատվի ուղևորահոսքի աճ, ապա հունիսի 15-ից օդանավակայանի աշխատանքները երկու ամսով կդադարեցվեն։ Այդպիսի որոշում չորեքշաբթի օրը՝ մայիսի 20-ին, ընդունել են դաշնային իշխանության և Բեռլին ու Բրանդենբուրգ երկրամասերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Որոշման մասին հայտարարել է Բեռլինի սենատի ֆինանսական վարչության ներկայացուցիչը։

Նրա խոսքերով՝ համապատասխան հանձնարարականն արդեն իսկ ուղարկվել է Օդային հաղորդակցության հարցերով վարչություն։ Հաստատման պարագայում բոլոր թռիչքները կտեղափոխվեն Բեռլինի մյուս՝ Շյոնեֆելդ օդանավակայան։

2019 թվականին Տեգելը, որը գտնվում է Բեռլինի հյուսիս-արևմուտքում, սպասարկել է ավելի քան 24 միլիոն ուղևորների և մտնում է Գերմանիայի չորս ամենախոշոր օդանավակայանների ցանկում՝ Ֆրանկֆուրտի, Մյունխենի և Դյուսելդորֆի օդանավակայանների հետ միասին։ Շյոնեֆելդ օդանավակայանը, որը գտնվում է Գերմանիայի մայրաքաղաքից հարավ-արևելք՝ Բրանդենբուրգ երկրամասում, նախորդ տարի սպասարկել է 11 միլիոն ուղևորների։ Վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու օդանավակայաններում ուղևորահոսքն էականորեն կրճատվել է՝ յուրաքանչյուրն օրական սպասարկելով մինչև 2 000 ուղևորների։

2020 թվականի նոյեմբերին նախատեսվում է վերջնականորեն փակել Տեգել օդանավակայանը, որի փոխարեն շահագործման կհանձնվի Բեռլին-Բրանդենբուրգ (BER) նոր օդանավակայանը։ 2006 թվականից ձգվող շինարարական աշխատանքներից և բացման ժամկետների հետաձգումներից հետո, BER-ը պետք է սկսի իր աշխատանքն այս տարվա հոկտեմբերի 31-ից։

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter