
Գարիկի մահվան համար եղբայրը մեղադրում է կոմբինատի ղեկավարությանը
Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող թիվ 305 հանքում փետրվարի 25-ին զոհված Գարիկ Աղջյանի եղբայրը` Հակոբ Աղջյանը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ մինչ օրս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարներից որևէ մեկը չի ցավակցել իր մորը` Գոհար Աղջյանին:
«Ղեկավարներից որևէ մեկը չի եկել մեր տուն, որ ասի` ցավակցում եմ: Ես եմ գնացել իրենց աշխատանքի վայրը, որտեղ էլ ինձ ցավակցել են: Մահացած ժամանակ եկել են տան դռանը մի թեթև երևացել ու գնացել»,- ասում է Հակոբ Աղջյանը:
Ըստ նրան՝ դեռևս իրենց չեն տվել հանքում եղբոր զոհվելու հանգամանքները պարզող դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
«Դեպքը, իրենց ասելով, եղբորս անզգուշության պատճառով է եղել: Եղբայրս իր աշխատանքին վերաբերող անվտանգության կանոններից ոչ մի բան չի իմացել: Հանքի ղեկավարները պարտավոր էին եղբորս սովորեցնել, որ նա կարողանար էլեկտրաքարշը վարել: Գարիկը չի իմացել էլեկտրաքարշ վարելու կարգը: Քննություն չի հանձնել: Գարիկը պետք է իմանար, օրինակ, թե քանի աստիճանի տակ պետք է էլեկտրաքարշը շրջադարձ կատարի: Գարիկը ոչինչ չի իմացել: Նա 2,5 ամսվա աշխատող է եղել: Նա միայն 3 ամիս սովորելուց հետո պետք է քննություն հանձեր և իրավունք ստանար էլեկտրաքարշ վարելու: Առանց մի բան իմանալու՝ էլեկտրաքարշը տվել են ձեռքը: Բացի այդ՝ Գարիկը 22 տարեկան էր, նրան չպետք է ընդունեին հանքում աշխատելու»- ասում է Հակոբը:
Զոհվելու պահին Գարիկի կողքին եղել է էլեկտրաքարշի մեքենավար Արթուր Ասլիկյանը: Հակոբի կարծիքով, եթե մեքենավարը ճիշտն ասի, նրան աշխատանքից կհեռացնեն. « Բայց նա 3 երեխա ունի, նրա ընտանիքն ո՞վ է պահելու: Իրա տան միակ աշխատող մարդն ա»:
Ըստ Հակոբին՝ հանքում աշխատանքի ընդունվելուց հետո Գարիկին աշխատանքային հագուստ չեն տվել. «Ինքն իր աշխատավարձից փող է տվել, ես եմ իմ ձեքով գնացել 4 հազար դրամ տվել, երկու հատ ռեզինի սապոգ եմ առել. կոշիկով հնարավոր չէ հանք մտնել: Ձեռնոցներ չէին տրամադրել. սաղ ձեռքերը մազոլ էր: Հանքից որ տուն էր գալիս, Գարիկի աչքերն արյունով լցված էր լինում, որովհետև էլեկտրաքարշի տրայլերները լրիվ կտրտված են եղել, դրանց կայծերից Գարիկի աչքերի մեջը արյուն էր լցվում»:
Եղբոր խոսքով՝ կոմբինատը Գարիկի ընտանիքին թաղման արարողության համար 200 հազար դրամ է հատկացրել, որեւէ այլ օգնություն չեն տրամադրել: Գործազուրկ Հակոբը ելք չի գտնում հիվանդ մոր առողջական խնդիրները լուծելու համար. «Կրծքի քաղցկեղով հիվանդ է մայրս, հիմա օպերացիա պետք է արվի: Եղբայրս հանք էր մտել աշխատելու, որ մայրս գնա օպերացիայի»:
Հակոբը մտահոգված է, որ չի կարող եղբոր մահվան հանգամանքները լիարժեքորեն պարզել՝ համապատասխան օրենքների չիմացության պատճառով. «Գիտեք, գործը ծածկելն այն է, որ նրանք հենց սկզբից հայտարարեցին, որ եղբայրս ա մեղավոր. տեխնիկական անվտանգությունը չի պահպանել: Իրանք ինձ ասում են՝ էլեկտրաքարշի ընթացքի ժամանակ պանտոգրաֆը տեղից դուրս եկած է եղել, Գարիկը գլուխը հանել ա, որ ուղղի, գլուխը խփել ա: Եղբորս նկարներն էլ ունեմ: Թաղումից առաջ Գարիկի դեմքը բացել ու նայել ենք: Ես չեմ նայել, մորեղբայրներս են նայել, դաժե ժուռնալով եղբորս երեսը փաթաթած է եղել: Խփելուց հետո նա դեմք չի ունեցել»:
«Ասում են՝ էդ տարիքում իրավունք չկա հանքում աշխատանքի ընդունելու: ԼՀԿ-ի ղեկավարներն իրենց ծանոթներին ընդունում են լավ տեղեր աշխատանքի, եղբորս էլ մտցրել են հանքը,- ասում է Հակոբ Աղջյանը եւ նշում, թե իր տեղեկություններով՝ հանքում էլեկտրաքարշի գծեր գրեթե գոյություն չունեն,- էլեկտրաքարշի վագոնները շուտ-շուտ վեր են ընկնում: Ոչ ոք չգիտի, թե շպալները վերջին անգամ երբ է փոխվել»:
Հակոբ Աղջյանի բարձրացված հարցերի վերաբերյալ «Հետքը» փորձեց տեղեկություններ ստանալ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանից:
«Մենք արդեն Գարիկ Աղջյանի մահվան արարողության համար վստահված անձին տվել ենք 200 հազար դրամ: 200 հազար էլ տվել ենք Հակոբ Աղջյանին՝ իր ձեռքով ծախսելու համար: Թաղման արարողությունից կես ժամ առաջ ես, ընկերության արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանը և գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանը կանգնած ենք եղել Աղջյանների տան առաջ: Գարիկ մորը` Գոհար Աղջյանին, չենք մոտեցել և ցավակցել՝ ուղղակի մեր սեռերի տարբերության պատճառող: Գարիկի քաղցկեղով հիվանդ մոր վիրահատաության համար մեզնից պահանջել են 300 հազար դրամ, մենք խոստացել ենք, որ կվճարենք: Խնդիրը գործընթացի մեջ է: Էսօր էլ իրենց էինք ման գալի, որ Երևանի հարցերը ճշտենք»,- ասաց Գագիկ Շահնազարյանը:
Գարիկի մահվան համար կոմբինատի ղեկավարությանը մեղադրելուն ի պատասխան՝ Շահնազարյանն ասաց. «Դա առնչվում է հանքի անվտանգության տեխնիկայի կանոնների հետ, ես չեմ կարող ասել: Ինչ վերաբերվում է էլեկտրաքարշ վարել սովորեցնելուն, ապա Գարիկը երեխա չէր. 22 տարեկան էր, և մոտ 2,5 ամիս սովորել էր էլեկտրաքարշի վրա աշխատել»:
«Սուտ է ասում Գագիկ Շահնազարյանը, ԼՀԿ-ից ինձ 10 լումա էլ չեն տվել: 200 հազար դրամ են տվել հորաքրոջս տղային, նա էլ ազնվորեն ծախսել է այդ գումարները: Ես կարող եմ ամեն կերպ ապացուցել, որ ինձ ոչ մի լումա էլ չեն տվել»,- ասաց Հակոբը՝ հանքում զոհված Գարիկ Աղջյանի հարազատ եղբայրը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել