HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ոչինչ չասող վիճակագրություն

Դատախազության աշխատանքի արդյունավետությունը երբևէ չի գնահատվել հարուցված քրեական գործերի քանակով, ցուցանիշը եղել և մնում է դատական ակտերով հաստատված մեղադրանքները: Բայց դատախազությունը որպես աշխատանքի ցուցանիշ շարունակ հրամցնում է հարուցված քրեական գործերի քանակը: 

Մեզ հետաքրքրողը տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ոլորտն է, եւ թվերն այստեղ տպավորիչ են: Այսպես. 2019թ.-ին քրեական հետապնդման է ենթարկվել ՏԻՄ ոլորտում աշխատող 113 անձ, որից 74-ը համայնքների գործող ղեկավարներն են, 20-ը՝ համայնքների նախկին ղեկավարներն են: Մնացյալ 18-ը՝ ՏԻՄ-երի աշխատակազմերի ու նրան ենթակա տարբեր ՀՈԱԿ-ների աշխատակիցներ են: 

Դեռևս մայիսի 5-ին հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գրավոր հարցումով խնդրել էինք տրամադրել, թե 2018-20 թթ.-ին քանի՞ քրեական գործ է քննվել տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցների նկատմամբ, նրանցից քանի՞սն են դատապարտվել և ինչ մեղադրանքով:

Դատախազությունից հայտնեցին, որ մեր հարցերի պատասխանները փնտրենք դատախազության կայքում: Կայքում տեղադրված հաշվետվությունները մասնակի պատասխանում են մեր հարցերից երկուսին՝ 2018-ին 73 քրեական գործ է հարուցվել ՏԻՄ աշխատակիցների նկատմամբ, իսկ 2019-ին՝ 113 քրեական գործ: Նաև՝ 2019թ.-ին քրեական գործերով համայնքներին հանցագործությամբ պատճառված վնասը, դատախազության նախնական հաշվարկով, կազմել է 355 075 748 դրամ: Համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 93 233 387 դրամ:

Դատախազությունից մեր ակնկալած տեղեկատվությունը քննված գործերի քանակի մասին է եւ ոչ թե հարուցված քրեական գործերի քանակի: Հաշվետվություններում պետք է ներկայացվեր, թե քննված գործերից քանիսով է մեղադրական եզրակացությունը հաստատվել, դրանցից քանիսն է ուղարկվել դատարան, քանի՞ գործով է մեղադրական դատական ակտ կայացվել, քանիսն են արդարացվել և այլն: Եթե հարուցված քրեական գործերի վարույթները կարճվել են, ապա՝ ի՞նչ հիմքով, քանի՞ գործով է գործի վարույթը կասեցվել և ի՞նչ հիմքով:

Մեզ հետաքրքրողն այս թվերն են, որոնք չկան հաշվետվություններում, իսկ դատախազությունը չի ցանկանում տրամադրել դրանք: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ մեր հարցերին պատասխանելն աշխատատար է, իսկ իրենք այդքան ժամանակ չունեն: 

Դատախազությունը տարվա ընթացքում պարբերաբար հաղորդագրություններ է տարածում այս կամ այն համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի, հանցագործությամբ համայնքին պատճառված վնասի չափի մասին: Հրապարակված անուններն ու թվերը տարեվերջում տպավորիչ վիճակագրություն են դառնում:

Բայց զարմանալիորեն մեզ չհաջողվեց գտնել մի համայնքապետի, որը վերջին երկու տարիներին դատապարտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու համար: Դատախազության անցած տարվա քրեական խրոնիկոնից մի հաղորդագրություն առանձնացրինք՝ քրեական հետապնդում է սկսվել նախկին մարզպետներից մեկի նկատմամբ: Եվ այդ մեկը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, որը դրանից դեռևս մեկ տարի առաջ Ֆրանսիայում էր գտնվում: 

Նրան հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2019 թ. նոյեմբերին մեղադրանք առաջադրվեց, որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը և հայտարարվեց հետախուզում: Նախկին մարզպետը մեղադրվեց մարզի երկու՝ Նորավան և Ակներ համայնքների ղեկավարներին ապօրինի կարգադրություններ տալով, առանձնապես խոշոր չափերի՝ 5 132 891 դրամի, վատնում ու պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար: 

Նորավանի բնակիչները կարո՞ղ են ակնկալել, որ համայնքին պատճառված 5 132 891 դրամի վնասը կվերականգնվի  և ո՞վ պետք է վերականգնի այն՝ Ս. Խաչատրյա՞նը, թե՞ Նորավանի համայնքապետը, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել: 

Սույն հաշվետվությամբ դատախազությունը տեղեկացնում է, որ նախնական հաշվարկով 2019թ.-ին համայնքներին պատճառված վնասը կազմել է 355 075 748 դրամ, որից վերականգնվել է 93 233 387 դրամ: Բացատրություն կարո՞ղ են ունենալ, թե ինչո՞ւ չի վերականգնվել մնացյալ 261 842 361 դրամը: Կարո՞ղ ենք մտածել, որ դատախազությունը վնասի վերականգնման իր նախնական հաշվարկներում այդքանով սխալվել է: Գուցե անձանց վերագրվող յուրացման մեղադրանքներն են անհիմն եղել, և վնասը հենց այդ 93 մլն դրամն է կազմել: Ինչպե՞ս պարզել՝ Նորավանի 5 մլն դրամը վերականգնված 93 մլն-ի մեջ է մտնում, թե՞ չվերականգնված մոտ 262 մլն դրամի մեջ:

Դատախազությունը չպատասխանեց նաև մեր այն հարցին, թե տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցները համայնքին պատճառված գույքային վնասը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում: Ի դեպ, ՏԻՄ ոլորտի պատասխանատուներն անգամ այդ հարցի պատասխանը չունեն: Այս հանգամանքը կասկածներ է ծնում իրականացվող քննության եւ վերականգնվող գումարների իրական ծավալների վերաբերյալ:

Գոռ Աբրահամյանն ասում է, որոշ դեպքում գումարներն ուղղակի համայնքային բյուջե են փոխանցում, բայց, հիմնականում, վճարումը կատարում են քննչականների կամ դատախազության դեպոզիտ հաշվին: Գործի ելքից հետո, այդ գումարները համապատասխանաբար կա՛մ պետական, կա՛մ համայնքային բյուջե են փոխանցվում, պայմանավորված այն հանգամանքով, թե վնասն ում է պատճառվել: «Մենք տեղեկատվություն ենք տալիս ռեալ վճարված գումարների մասին, երբ նախաքննական մարմնին են հանձնում գումարի փոխանցման անդորրագիրը»,- ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գ. Աբրահամյանը:

Կոռուպցիոն հնչեղ հաղորդագրությունների թողած տպավորությունը չստվերելու համար, դատախազությունը գուցե ժամանակ գտնի եւ ռեալ հաշվետվություններ կազմի: Տարին մեկ-երկու անգամ հստակ թվեր ներկայացնի, թե իրականում քանի համայնքի ղեկավար է դատապարտվել համայնքային ունեցվածքը յուրացնելու համար, ինչքանո՞վ է վերականգնել համայնքին պատճառված վնասը և ո՞ր բյուջեին է փոխանցել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter