HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սահմանափակումներ, որ դատարկեցին մի ամբողջ գյուղ. բագրավանցի դարձած խարկովցիների մտորումներից

Փողոցի երկարությամբ ձգվող միանման տների շարքը Բագրավանին կանոնավոր հատակագծով բնակավայրի տեսք է հաղորդում: Սակայն, դա ընդամենը գյուղի նորակառույց հատվածն է: Բագրավանը հիմնվել է 1860-1880թթ.-ին, բնակիչների նախնիները գաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի, Ալաշկերտի տարբեր շրջաններից: Կանոնավոր շարք կազմած տներից մեկի վրա դաջված 1980թ.-ը Բագրավանի ընդլայնման, միաժամանակ՝ հարեւան Խարկով բնակավայրի վերաբնակեցման տարեթիվն է: 1983թ.-ին Խարկովից Բագրավան տեղափոխված եւ նորակառույցներից մեկում հաստատված 74-ամյա Գեւորգ Դավթյանն ասում է, որ մի շարք սահմանափակումներով (օրինակ՝ անցաթղթային ռեժիմը) ապրող ընտանիքների համար գյուղից հեռանալը միակ ելքն էր: 

Փշալարից այն կողմ, Անի մայրաքաղաքի ավերակների դեմ հանդիման, 1894թ-ին հիմնված փոքրիկ գյուղակի՝ Խարկովի մասին քչերը գիտեն, անգամ՝ Շիրակի մարզում: Գյուղը թե' խորհրդային, թե' անկախացման տարիներին ապրել է փակ-սահմանային ռեժիմով: Խորհրդային իշխանությունների համար հայ-թուրքական սահմանային գոտում գտնվող բնակավայրը որոշ առումով գլխացավանք էր, գուցե ոչ բացահայտ, սակայն այն դատարկելու ծրագրեր մշտապես են եղել: Գեւորգ Դավթյանն ասում է, որ բնակիչները սովորել էին ելումուտի համար սահմանված անցաթղթային ռեժիմին՝ շատ չէին դժգոհում, սակայն երեխաների կրթությունը կազմակերպելու դժվարությունները, հատկապես անցած դարի 70-ականների վերջերին, արդեն դարձել էին անհաղթահարելի: 

«Գյուղից դուրս եկողների համար պատճառներից ամենահիմնականը դպրոցն էր, չփակվեր՝ մարդիկ չէին դուրս գա,-ասում է Գեւորգ Դավթյանը,-Խարկովի դպրոցը մինչեւ 1961թ.-ը 7-ամյա էր, ես էդ վախտ եմ գնացել, հետո դարձրեցին տարրական, հետո էլ՝ փակվավ ու մարդիկ վերջնականապես թողեցին գյուղը: Ես երեխեքիս խաթր եմ գյուղից դուրս եկել՝ 6 երեխա ունեի, 7-րդս Բագրավանում է ծնվել: Ըսենք, թե ես շոֆեռ էի, ավտոն կար, երեխեքին դպրոց կտանեի-կբերեի Խարկովից Բագրավան, բայց ձմեռները մեկ-երկու ամսով ճամփեքը կփակվեր, դաժե զաստավը ուտելիք չէր ստանա դրսից: Ուսումը կարեւոր բան էր ու հանուն երեխեքի ուսման մարդիկ տները թողեցին դուրս եկան»: 

Զրուցակիցս սիրով է հիշում ծննդավայրը, հարցնում է՝ երբեւէ եղե՞լ եմ Խարկովում, ասում եմ՝ այո՛, տարիներ առաջ, ճշտում է՝ տեսե՞լ եմ կիսաքանդ եկեղեցին: «Հա, իհարկե, գիտեմ, որ եկեղեցու քահանան Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի պապն է եղել»: «Այ, էդ եկեղեցու մոտ իմ տունն է եղել, սաղ քանդվել է, մե կանգնած պատըմ է մնացել: Մենք 5 ախպեր ենք եղել, հինգ հարսնիք ենք էրել: Էն թվերին էլ յոթ օր, յոթ գիշեր կուրախնային մարդիկ՝ ուրբաթ օրը մսացուն բդի մորթեին, հետո բուն հարսնիքն էր, կիրակի առավոտ էլ խաշ կուտեին, մե երեք օրից գլուխլվանալիք էր՝ սրտանց կուրախնային, սրտանց բարեկամություն կենեին՝ հիմիկվա նման չէ»:

Գեւորգ Դավթյանը չի խոսում ո'չ արտակարգ դրությունից, ո'չ կորոնավիրուսից, ո'չ մեկուսացման պարտադրանքից՝ տպավորություն է, որ 2020թ-ի ամենազգայուն, քննարկվող ու վերլուծվող թեման չի հետաքրքրում զրուցակցիս: Ասում է՝ էս էլ կանցնի: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է, որ մարդիկ 40-50 տարի կարողացել են ապրել պարտադրված սահմանափակումներով, սակայն հիմա, անգամ 3 ամիս չեն դիմանում: «Դե մեզի ի՞նչ կար՝ մենակ անցաթուղթն էր, էլի, մեզի հո չէին ըսե՝ դիմակ դրեք, ձեռնոց հագեք, իրարից հեռու մնացեք, ընդամենը պիտի իրիկունը մինչեւ ժամը ինը գյուղն էղնեինք, թե չէ չոլերը կմնայինք»:

1970-ականներին Խարկովը միավորել են Բագրավանին եւ ստեղծել մեկ գյուղական միավոր (այն ժամանակ՝ սովխոզ): Գյուղի անվանափոխությունը տեղի է ունեցել 2006թ.-ին (Խարկով-Նորշեն): Բագրավանում Խարկովից տեղափոխված 10 ընտանիք կա: Անձնագրային փոփոխություններից հետո խարկովցիների անձնագրերում Խարկովը փոխարինվել է Բագրավանով: «Խարկով չկա, կհասկընա՞ք, ավելի ճիշտ` տարածքը կա, մարդիկ չկան»,-բացատրում է 62-ամյա Սեդրակ Խաչատրյանը: Գեւորգ Դավթյանի հարեւանն է Սեդրակը՝ երկու տուն այն կողմ են ապրում: Կնոջ ու երեխայի հետ Խարկովից Բագրավան է տեղափոխվել 1985-ին: «Ես Խարկովում մինչեւ 4-րդ դասարան եմ դասի գնացել, որովհետեւ 1965թ.-ին արդեն տարրական էր դպրոցը, հետո Անիավանում մինչեւ 8-րդ, վերջին երկու դասարանն էլ` Բագրավանում: Խարկովի դպրոցը 70-ականներից արդեն չկար, փակել էին, ու երեխա ունեցողները ստիպված սկսեցին գյուղից դուրս գալ»:

Խաչատրյաններն եւս, Դավթյանների նման, բազմազավակ են՝ երեք տղա, երկու աղջիկ: Խարկովի բնակչության թիվը շատ մեծ չի եղել, սակայն երեխաներ շատ են ծնվել, եւ ենթադրաբար, դպրոցի փակումը չպետք է աշակերտների սակավ թվով պայմանավորված լիներ: «Դե մենակ դպրոցի հարցը չէր, էնքան է եղել բարեկամ մարդիկ եկել են, սահմանապահ ուղեկալից ներս չեն թողել, գնացել ենք՝ մենք էս կողմը, իրանք փշալարն էն կողմ, մի 20 մետրի վրա խոսացել, թողել գնացել են: Հետո Լեննագան կամ Երեւան էրթալու համար պիտի հասնեինք 5-6 կմ հեռու Անի կայարան, օր գնացք նստեինք: Էն սկզբի ժամանակները մարդիկ ոտով, սելով են գնացել, հետո էլ շատ բան չի փոխվել: Հա, դժվար էր՝ էս արգելքը, էն արգելքը, ճիշտ է, լիքը բաների հետ ընթացքում կհարմարվիս, բայց դե, օրինակ, դպրոցի փակվելը հեչ հարմարվելու բան չէր»,-նկատում է Սեդրակը:

Խարկովին երկար տարիներ շունչ տվող երկու ընտանիքներից մեկն էլ Խաչատրյաններն էին: Սեդրակի եղբոր՝ Ավետիքի ընտանիքը գյուղը լքել է 2009-10թթ.-ին: Ներկայում Խարկովում բնակվող մեկ անձ կա: Սեդրակն ասում է, որ ապրած երջանիկ տարիները կապված են ծննդավայրի հետ: 

 Սեդրակի կինը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է: Խնամախոսության ժամանակ աղջկա հարազատներին սկզբում շփոթեցրել է Խարկով անունը, խառնվել են իրար՝ ասելով, թե այդքան հեռու` Ուկրաինա աղջիկ չունեն ուղարկելու: Հարկ է եղել բացատրել, որ ուկրաինական Խարկով քաղաքից բացի, Հայաստանում, փշալարն այն կողմ, կա նույնանուն մի գյուղ, որի անվան ստուգաբանությունը բոլորովին այլ է: «Հարսնիքս 1984թ.-ի հունվարին ենք արել, լավ ցուրտ ձմեռ էր, դպրոցի շենքում ենք արել, որովհետեւ 150 հոգի մարդ կմասնակցեր: Ամեն ինչ տեղը տեղին, ադաթով հարսնիք է եղել: Էդ օրը քարակերտցի խնամիների համար երկու ուրախություն կար՝ մեկ, որ աղջիկ էին նշանել, մյուս՝ որ պատմական Անին կտեսնեին,-Սեդրակը ժպտում է,-լավ օրեր էին, ափսոս օր անցան: Ես Խարկովում, իրոք, երջանիկ եմ եղել, չնայած շատ չէ՝ 27 տարի եմ ապրել»:

Տան ձեղնահարկը խաչքարագործ Սեդրակ Խաչատրյանը յուրօրինակ թանգարանի է վերածել, որի մի հատվածը նվիրված է Անի մայրաքաղաքին: Ասում է՝ երանի այն օրը, երբ կվերանան բոլոր սահմանափակումները, եւ Խարկով գյուղը նորից կվերածնվի, մարդիկ կկարողանան գալ ու տեսնել Անին Ախուրյան գետի ձախ ափից: Նույն ցանկությունը հայտնեց նաեւ Գեւորգ Դավթյանը, եւ դա բոլոր նախկին խարկովցիների երազանքն է, սակայն սա մեկ այլ պատմության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Արա Կյուրեղյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter