
50 մլրդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում
Կառավարությունն այսօր՝ մայիսի 21-ի նիստում հաստատեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։ Դրա առաջնային նպատակն է խթանել մասնավոր ներդրումների աճը: Ներդրումներն իրականացվելու են պետության համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ըստ վարչապետ Փաշինյանի՝ ծրագիրը շրջադարձային ու աննախադեպ է։
Առաջարկվում է դիտարկել մինչև 50 մլրդ դրամի չափով ներդրում Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով։
«50 մլրդ դրամ աջակցությունը բաղկացած է լինելու հնարավոր 10 առանձին 5 մլրդ դրամանոց հատկացումներից, և սա դրանցից առաջին 5 մլրդ դրամի հատկացման որոշումն է։ Որոշումը նախատեսում է նաև, որ հաջորդ 5 մլրդ դրամների վերաբերյալ գործողությունները կամրագրվեն Կառավարության հաջորդ որոշումներով՝ յուրաքանչյուր նախորդ հատկացման վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու և ստանալու արդյունքում»,- հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝
- մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,
- Ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝
ա. Ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով.
բ. Ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։
Ֆոնդում Կառավարության ձեռք բերած փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով, իսկ ընթացիկ ծախսերն իրականացվում են տոկոսային եկամուտների հաշվին, բայց ոչ ավել, քան կազմակերպություններում փաստացի մասնակցության մեկ տոկոսը չգերազանցող գումարի չափով:
Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը
Մեկնաբանել