HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Քեյանը՝ Ալեն Սիմոնյանի նախագծի մասին. «Եթե չհետևեն, ցենզուրայից դուրս համարներ են լինելու, դառնալու է այլասերվածություն»

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը մտահոգություն ունի, որ սեփականատիրոջ ցանկությամբ մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների ընտրությունը կարող է հանգեցնել անվերահսկելի պրոցեսի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քեյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը:

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտրելի տառի կամ թվանշանի, կամ տառերի և թվանշանների թույլատրված համակցություն:

Նման հնարավորություն է ընձեռում շրջանառության մեջ հայտնված նախագիծը:

«Նման համարանիշեր օգտագործում են այն երկրներում, որտեղ ազգաբնակչությունը ունիտար չէ, 80 և ավելի տոկոսը բնիկ չէ, օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ բնակչությունը բազմազգ է, և կեսից շատին հայտի չէ համարանիշի վրա գրված բառի թարգմանությունը: Մեզ մոտ եթե չհետևեն, ցենզուրայից դուրս համարներ են լինելու, ինձ թվում է՝  չեն կարողանալու սահմանափակել որոշ բառերի արգելքը: Նման սահմանափակումներ կիրառելու պրակտիկան անհնար է լինելու»,-ասում է Քեյանը՝ հավելելով, որ նման պետհամարանիշերի դեպքում կարող են լինել բառեր, որոնք հանրության դժգոհությունը կառաջացնեն:

Ինչ վերաբերում է Վրաստանում կիրառվող նման պետհամարանիշերին, Տիգրան Քեյանի խոսքով՝ հարեւան երկրում ազատականացված չէ այնպես, ինչպես նախագծում է:

«Հիմնականում երեք տառի համակցություն է, իսկ երեք տառով չես կարող շատ բառեր գրել, հնարավոր է միայն կարճ անուններ, իսկ էս նախագծով լինելու է այնպես, ինչպես ԱՄՆ-ում, իսկ դրա դեմը հնարավոր չէ առնել»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ նախագծի հիմնավորումներում  նշվում է, որ այն անհրաժեշտ է բյուջեում լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, Քեյանն արձագանքեց. «Բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելու համար ավելի խելամիտ քայլեր է պետք անել, միայն մուտքերի մասին չպետք է մտածենք,  պիտի ստեղծենք իրավիճակ, որ բյուջեի հանդեպ պարտավորություններն էլ մարդիկ հաճույքով կատարեն: Եթե երթևեկության օրինակով ասեմ, ապա հիմա ահավոր վիճակում է Երևանի ճանապարհաշինարարությունը, բազում դիտահորեր կան բացված, որի վերանորոգումը նորմալ չի իրականացվում, ու քաղաքացիները դժգոհում են՝ գույքահարկը չվճարելով: Թող նմանատիպ միջոցառումներ իրականացնեն, որ քաղաքացիներն ավելի շահագրգիռ լինեն, պարտավորությունները ժամանակին կատարեն, ոչ թե աբսուրդ նախագծեր ներկայացնեն՝ ավելի մեծ դժգհություն բարձրացնելով»:

Քեյանը հիշեցնում է, որ շատերը գոլդ համարանիշեր գնելու համար ծախսում են ութ միլիոն դրամ, ինչը մեկ մեքենայի գին է։ «Դրա վաճառքի խնդիր չենք ունենում, էս պարագայում էլ խնդիր չենք ունենալու, մեր ժողովուրդը, անկախ նրանից՝ այդ գումարը վարկով կլինի, թե չէ, ձեռք կբերի նման համարներ, պահանջարկը մեծ է լինելու: Սակայն, դա վերահսկելը մի մեծ աշխատանքային ռեսուրս է պահանջելու, չեն կարողանալու հետևել, վերհահսկել, ու դառնալու է այլասերվածություն»,-եզրափակեց Քեյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter