
Զբոսաշրջային ոլորտի ավտոմեքենաների կայանման համար նախատեսվում է ճանապարհային նշաններ սահմանել
Ոստիկանությունը նախատեսում է սահմանել ճանպարհային նշաններ, որոնց ազդման գոտում կթույլատրվի կանգառ կատարել և կայանել միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցները։ Ոստիկանությունը կարծում է՝ այս փոփոխությամբ կբարձրացնի զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը։
Նման փոփոխություն կատարելու առաջարկ է ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։
Ոստիկանությունն ընդգծել է, որ այժմ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունները զբոսաշրջիկների այցելությունների ժամանակ ավտոմեքենաները զբոսաշրջային վայրերում կայանելու տեղ չունեն, որի պատճառով բախվում են էական խոչընդոտների։ Ոստիկանությունը կայանատեղիների բացակայությունը պայմանավորել է վերջին տարիներին տրանսպորտային միջոցների աննախադեպ քանակի ներհոսքով։
«Այս համատեքստում բացակայում են առանձնացված վայրերը (կայանատեղեր, կայանման հրապարակներ և այլն), որտեղ համապատասխան տեսակի ճանապարհային նշանների պահանջներով պայմանավորված՝ հնարավորություն կլինի կայանել միայն զբոսաշրջային տրանսպորտային միջոցները։ Խնդրի հնարավոր լուծմանը կարելի է հասնել համապատասխան տեսակի ճանապարհային նշաններ նախատեսելու միջոցով»,- նախագծում նշել է ոստիկանությունը։
Նոր գծանշված կայանատեղիներում կայանելու հնարավորություն կստանան միայն զբոսաշրջային գործունեություն իրականացնող և «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձեւերը հաստատելու մասին» որոշման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցները։
Մեկնաբանել