HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրվել են աղետներին դիմակայելու ծրագրին մասնակից դպրոցները

Կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է շարունակել մոտ մեկ տարի առաջ սկսված համագործակցությունը «Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում» ծրագրի շրջանակում:

Հիշյալ ծրագրի մասնակից 11 լավագույն դպրոցներին հանձնվել են մրցանակներ` պատվոգրեր և համակարգչային տեխնիկա: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններին` «Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում» ծրագրի համար և նշել, որ  հիմնական նպատակը կրթական հաստատությունների` աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը նպաստելն ու դպրոցների պատրաստվածության մակարդակը բարձրացնելն է:

«Մենք պետք է շարունակենք համագործակցությունը, որպեսզի կարողանանք բարելավել գիտելիքներն աղենտներին պատրաստված դիմակայելու համար: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի «Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում» ծրագրին մասնակցող դպրոցների թիվն ընդլայնվի»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ այս ծրագիրը մեր երկրի համար առանձնակի կարևորություն ունի, քանի որ Հայաստանը սեյսմիկ առումով գտնվում է ռիսկային գոտում:

Մրցույթին Երևանից և մարզերից մասնակցել են 78 հանրակրթական դպրոցներ, որոնք մշակել և ներկայացրել են  աղետներին դիմակայելու իրենց ծրագրերը: Նրանցից 11-ը խրախուսվել են` առաջին տեղը գրաված մասնակիցները ստացել են նոութբուքեր, երկրորդ տեղը` համակարգիչներ, իսկ երրորդ տեղը` տպիչներ:

Նախարար Աշոտյանը նշել է, որ կառավարության կողմից գույքագրվել են վթարային դպրոցական շենքերը, որոնք դպրոցաշինական առաջիկա ծրագրերում առաջնահերթություն կունենան: Արտակարգ իրավիճակների նախարարը նշել է, որ Հայաստանում ստեղծվել է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որում ներառված են բոլոր կրթական հաստատությունները: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆիանա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը կարևորել են աղետների ռիսկերի կառավարման կրթությունը՝ նշելով, որ այն համաշխարհային մարտահարավեր է: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter