Հայաստանում կգործի տիեզերքի դիտարկման միջազգային լավագույն կենտրոններից մեկը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում այսօր տեղի է ունեցել հայ գիտնականների հանդիպումը ռուսական պատվիրակության հետ: Հանդիպումը նվիրված էր տիեզերական հետազոտությունների վերաբերյալ հայ-ռուսական համագործակցությանը:
Քննարկմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ-ի գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոի» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, «Պռոյեկտտեխնիկա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխաիլ Կարդաշենկոն, միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի համակարգող Իգոր Մոլոտովը, գիտնականներ:
Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին 75-ամյա հոբելյանի առթիվ եւ շնորհել Վալերի Բրյուսովի անվան ոսկե շքանշան` հայ-ռուսական հումանիտար եւ մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշել է, որ վերականգնվում է հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական հետազոտությունների ոլորտում, ինչի շնորհիվ հայ գիտնականները հնարավորություն կստանան բարելավելու տեխնիկական բազան եւ լավացնելու իրենց գիտական արդյունքները: Քննարկվող թեմաներից էր տիեզերական աղբի խնդիրը, որով պետք է զբաղվի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը:
Միխաիլ Կարդաշենկոյի խոսքերով` այս համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում կգործի տիեզերքի դիտարկման միջազգային լավագույն կենտրոններից մեկը:
Ինչպես նշել է Իգոր Մոլոտովը, համագործակցության շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը կդառնա միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի 24-րդ անդամը: Այս մասին հաղորդում ենՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել