HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործատուները խախտում են աշխատողների իրավունքները․ չձևակերպված աշխատողներ, չվճարված աշխատավարձեր

Ալավերդի քաղաքի բնակիչ Վահրամ Գիգոյանն ասում է` 2019թ.-ի նոյեմբերի 18-ից մինչև այս տարվա մարտի 24-ը «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ում բանվոր է աշխատել: «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ-ն ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած 14 կմ հատվածում:

Վահրամ Գիգոյանն ասում է` բանվորի իր աշխատանքը կատարել է շինարարական տեղամասի Ալավերդու Բաղրամյան թաղամասով անցնող միջպետական ճանապարհին: Հարկ վճարողների Ալավերդու սպասարկման բաժնից իր անհատական հաշվի քաղվածքը ստանալուց հետո Վահրամ Գիգոյանը պարզել է, որ «Ա.Ա.Բ. Պրոեկտ»-ի շինարարական տեղամասի աշխղեկ Անդրանիկ Գրիգորյանը, թեև աշխատանքի ընդունելիս պահանջել է իր անձնագիրն ու սոցքարտը՝ 2019թ.-ի նոյեմբերի 18-ին որպես աշխատող իրեն չեն հրամանագրել ընկերությունում: Վահրամ Գիգոյանի հետ չի կնքվել նաև աշխատանքային պայմանագիր:

Վահրամ Գիգոյանի ասելով` «Ա.Ա.Բ. Պրոեկտի» ճանապարհային շինարարության տեղամասում աշխատել է 4 ամիս և 6 օր: Պատմում է, որ ամեն առավոտ` ժամը 8-ին, ներկայացել է աշխատատեղ, որտեղ լուսանկարվելուց հետո անցել է իր պարտականությունների կատարմանը: Աշխատանքի ընդունվելիս աշխղեկ Անդրանիկ Գրիգորյանը Վահրամ Գիգոյանին հայտնել է, որ մեկ օրվա համար ստանալու է 5000 դրամ։

«Ամեն օր գնացել եմ աշխատանքի, եթե բետոնը ուշ է եկել, մինչև ժամը 21։00-ն աշխատել ենք: Եղել են դեպքեր՝ ժամը 19-00-ին ենք ավարտել աշխատանքը»,- պատմում է Վահրամը:

Մարտի 24-ին Անդրանիկ Գրիգորյանը Վահրամին հայտնել է, որ ազատված է աշխատանքից: «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ն աշխատանքից ազատելու մասին ինձ գրավոր չի զգուշացրել, չեն տվել աշխատանքից ազատման հրաման և վերջնահաշվարկ»,- ասում է Վահրամը:

Աշխատանքից ազատելուց 43 օր անց, մարտ ամսվա 18 օրվա աշխատավարձը մայիսի 7-ին ծրարով առձեռն Վահրամին է տվել աշխղեկ Անդրանիկ Գրիգորյանը: Վահրամի ասելով` ծրարի մեջ եղել է 90 հազար դրամ: Անդրանիկ Գրիգորյանը ծրարը Վահրամին տալիս նաև մի թուղթ է ստորագրել տվել:

«Վահրամ Գիգոյանին «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ում չեն հրամանագրել որպես աշխատող: Դա փաստում է նաև հարկ վճարողների Ալավերդու սպասարկման գրասենյակից Վ. Գիգոյանին տրված անհատական հաշվի քաղվածքը: Այդ պատճառով նրան չէին կարող աշխատանքից ազատման հրաման և վերջնահաշվարկ տալ: Վահրամ Գիգոյանը կոչվում է չգրանցված աշխատող: Նա «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից որպես աշխատող չի գրանցվել նաև հարկային մարմնում»,- հայտնեց փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:

«Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի շինարարական տեղամասի պետ Դավիթ Ազատյանը ճանաչում էր Վահրամ Գիգոյանին: Ասաց՝ նա միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Աթոռիկ» ռեստորանի աշխատողներին տաքսի ծառայություն է մատուցում: «Ինքը, եթե «Աթոռիկ»-ում աշխատում է, մեզ մոտ չի կարող աշխատել: Ինքը մեզ խնդրել էր ընդունել աշխատանքի:

Նա մեկ օր է մեզ մոտ աշխատել, ուզեցել ենք տեսնել կարողանում է աշխատել, թե ոչ»,- հայտնեց տեղամասի պետը:

«Աթոռիկ» ռեստորանի կառավարիչ Մանյա Ղազարյանը ասաց, որ Վահրամ Գիգոյանը երբեք «Աթոռիկ» ռեստորանում չի աշխատել և այսօր էլ չի աշխատում: Մանյան բացատրեց, որ իր աշխատանքը ռեստորանում ավարտվում է երեկոյան ժամը 23:00-ին:

Այդ ժամին Ալավերդիում տաքսի ծառայությունները չեն աշխատում: Վահրամ Գիգոյանն իր նախկին հարևանի տղան է։ «Ես խնդրել եմ նրան ժամի 23:00-ին իմ աշխատանքն ավարտելուց հետո իր մեքենայով ռեստորանից ինձ տուն տանի: Դրա համար ես նրան վճարում եմ 1000 դրամ: Ռեստորանում այլ աշխատողի նա ծառայություն չի մատուցում և չի մատուցել»,- պարզաբանեց Մանյա Ղազարյանը:

Վահրամ Գիգոյանը «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի շինարարության տեղամասում իր մեկ oր աշխատած լինելու մասին տեղամասի պետ Դավիթ Ազատյանի հայտարարությանը հակադարձում է»․ «Ալավերդու «Անկյուն + 3» հեռուստաընկերության այս տարվա փետրվարի 27-ի և մարտի 5-ի տեսանյութերում Դավիթ Ազատյանը պատմում է միջպետական ճանապարհի իր ղեկավարած տեղամասում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին, ես՝ որպես տեղամասի աշխատող, նույնպես երևում եմ այդ երկու տեսանյութերի կադրերում»,- ասաց Վահրամը և ավելացրեց, որ «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացնելու իրեն չհրամանագրելու, աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամերից ավել աշխատեցնելու, աշխատանքից ապօրինի ազատելու և վերջնահաշվարկ չվճարելու համար:

Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի բնակիչ Սարգիս Շահվերդյանը «Հորիզոն-95» ՍՊԸ-ում որպես վարորդ գրանցվել է 2019թ.-ի հոկտեմբերի 1-ին: «Հորիզոն- 95» ՍՊԸ-ն Մ-6 միջպետական ճանապարհին շինարարական աշխատանքներ է իրականացնում լոտ-1 տեղամասում 10 կմ՝ Քոբայր կայարանից մինչև Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի կամրջի ձախակողմյան մասը՝ գումարած 210 մ: «Հայրս ԿՌԱԶ մակնիշի ավտոմեքենա էր վարում: Նա փետրվարի 19-ին ավտոմեքենան վերջնական տեսքի էր բերել: Փետրվարի 20-ի գիշերը ես հորս լեղապարկի քարի նոպայով տեղափոխել եմ Ալավերդու բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք»,- պատմեց Ս. Շահվերդյանի որդին՝ Ալիկ Շահվերդյանը:

Վերջինիս խոսքով՝ հոր անաշխատունակության 1-ին թերթիկը փակվել է մարտի 16-ին: Անաշխատունակության թերթիկը եղել է շարունակելի: Հոր 2-րդ անաշխատունակության թերթիկը Ա. Շահվերդյանը աշխատավայր է ներկայացրել ապրիլի 17-ին, այդ ժամանակ էլ տեղամասի պետ Ժիրայր Ստեփանյանը նրան հայտնել է, որ հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, ազատված է աշխատանքից: «Եկա հարկ վճարողների Ալավերդու սպասարկման բաժնից վերցրի հորս անհատական հաշվի քաղվածքը, տեսա, որ նրան աշխատանքից ազատել են ապրիլի 4-ին»,- պատմեց Ա. Շահվերդյանը:

«Հորիզոն-95» ՍՊԸ-ի Մ-6 միջպետական ճանապարհի շինարարության տեղամասի պետ Ժիրայր Ստեփանյանը Սարգիս Շահվերդյանին անաշխատունակության մեջ լինելով աշխատանքից ազատելու մասին մեր հարցը լսելուց հետո խուճապի մատնվեց։

«Բայց ով է ասել, որ նա ազատված է աշխատանքից»,- ասաց նա և մեր մյուս հարցերին չպատասխանելու համար, դուրս եկավ իր աշխատասենյակից: Անաշխատունակության մեջ Սարգիս Շահվերդյանին աշխատանքից անօրինական ազատելու մասին մեր հարցին «Հորիզոն-95» ՍՊԸ-ի փոխտնօրեն Աիդա Խաչատրյանը պատասխանեց․ «Սուտ է ասում այդ մարդը: Թող իմ հիմնարկի հեղինակության հետ չխաղա: Մեր հիմնարկը ժամացույցի նման աշխատում է: Վաղը այնտեղ եմ ուղարկելու անվտանգության մեր ինժեներին՝ հարցն ուսումնասիրելու համար։

Սարգիս Շահվերդյանն ասում է՝ անաշխատունակության մեջ աշխատանքից իրեն ազատելու, ազատման հրաման և վերջնահաշվակ չտալու համար դիմելու է դատարան:

Ալավերդի քաղաքի բնակիչ Արկադի Գևորգյանը 2019թ.-ին որպես բանվոր աշխատանքի է ընդունվել «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ում:

Արկադի Գևորգյանն ընկերության գրանցված աշխատող է: Երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով մարտի 25-ին հաստոցաշինական արտադրական միավորման տնօրինությունը դադարեցրել է իր աշխատողների, այդ թվում նաև՝ Արկադի Գևորգյանի աշխատանքը: Ապրիլի 25-ին աշխատավայրից Արկադի Գևորգյանին կանչել են աշխատանքի: Արկադի Գևորգյանը պատմում է, որ ապրիլի 29-ին ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Մխիթարյանը իրեն հայնել է, որ ապրիլ ամսվա աշխատավարձը չի ստանալու։ «Դու չես աշխատել, քո աշխատավարձը, որ ինչ տամ»,- Արկադի Գևորգյանին ասել է գլխավոր տնօրենը:

Արկադի Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը պարզել է, որ հարկ վճարողների Արկադի Գևորգյանի անհատական հաշվի քաղվածքում «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ն ապրիլ ամսին որպես վճարված աշխատավարձ գրանցել է 270 024 դրամ, որից 62 105 դրամ կազմել է եկամտահարկը: Արկադի Գևորգյանը մայիսի 19-ի գրավոր դիմումով գլխավոր տնօրեն Աշոտ Մխիթարյանից պահանջել է վճարել իր մաքուր՝ 207 919 դրամ աշխատավարձը, այլ պարագայում՝ աշխատավարձը ստանալու համար կդիմի դատարան:

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Զարմանալի ոչ մի բան չկա, աշխ.օրենսգրքով նախատեսվում է որ 2021թ. հուլիսի 1-ից պետք է աշխատանքի պայմանների ու հարաբերությունների նկատմամբ վերահսկողության մասին դրույթները: Սակայն չգիտես ինչն է որոշ անձանց խանգարում որ այդ մեխանիզմները գործեն անգամ այսօրվանից, գիտեմ անգամ որ անհրաժեշտ անձնակազմի ու կարողությունների խնդիր էլ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter