Առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրել նաև մեկուսացած և ինքնամեկուսացած անձանց
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրել նաև մեկուսացած և ինքնամեկուսացած անձանց:
Պատգամավորն առաջարկում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրել նպաստ:
Նշվում է, որ այս օրենքով մեկուսացում է անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Ինքնամեկուսացում է անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Ըստ նախագծի` մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:
Մեկուսացման նպաստի նշանակման և վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում ներառվում է վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ ինքնամեկուսացման հիմքերը և ժամանակահատվածը (սկիզբը և վերջը):
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ կարգավորված չէ մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է առաջացնել քաղաքացիների կողմից մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն` պայմանավորված եկամտի աղբյուրի կորստի վտանգով:
Նախագծի հեղինակի հիմնավորումներով` օրենսդրական կարգավորումը նպատակ ունի էապես բարձրացնել աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նպաստել աշխատաշուկայում ստվերի կրճատմանը, նաև աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:
«Պայմանավորված նոր կորոնավիրուսի պայմաններում բնակչության սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ նման կարգավորումներ ներդրվել են նաև եվրոպական մի շարք երկրներում: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար կավելանա ժամանակավոր անաշխատունակության հիմքով նպաստի նշանակման հասանելիությունը»,-նշվում է նախագծում:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի համաձայն` ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակներն են սահմանված.
- Հհիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ:
- Պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ:
- Առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ
- Ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ:
- Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է օրենքով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել