HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իրեն և իր ընտանիքին պատահած միջադեպը կապում է մասնագիտական գործունեության հետ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանին և վերջինիս ընտանիքին պատահած միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նշենք, որ փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ երեկ Տիգրան Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի անձ առանց որևէ առիթի հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին։ Այդ ժամանակ փաստաբանը տանը չի եղել։ Նշված գործողությունները, որոնք Մելիքյանը խուլիգանություն է որակում, շարունակվել են նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։

Ըստ Մելիքյանի՝ տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթյա դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն, և ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։

Նշենք, որ  դեպքի վայր ժամանակելուց հետո ոստիկանները վերը նշված անձանց հարկադրաբար հեռացրել են այնտեղից, սակայն ոստիկանությունն այս պահին տեղեկություններ չի հայտնում՝ նրանք բերման ենթարկվել են, թե՞ ոչ։

Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամներն արդեն բացատրություններ են տվել ոստիկանությունում, պատմել դեպքի հանգամանքները, սակայն ոստիկանությունն այս մասով ևս որևէ մեկնաբանություն չի տալիս։

Տիգրան Աթանեսյանի և վերջինիս ընտանիքի շահերը ներկայացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Տեղի ունեցածը գարշելի ոտնձգություն է,  հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայհոյանքներն ու սպառնալիքներն ուղղված են եղել կնոջն ու մանկահասակ երեխաներին, այն ժամանակ, երբ Տիգրանը չի գտնվել տանը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երվանդ Վարոսյանը։ Վերջինս այս պահին որևէ այլ մեկնաբանություն չի տալիս, վաղը՝ մայիսի 23-ին Տիգրան Աթանեսյանը  մամուլի ասուլիս է հրավիրել, որում մանրամասներ կպատմի։

Այսօր դեպքին անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները:

Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:

Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»։

Արա Զոհրաբյանի արձագանքը տտեղադրվել է Փաստաբանների պալատի կայքում։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն՝ երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ»։

Լուսանկարը՝ Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter