HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ չի հարցաքննվել նախկին միլպետ Հունան Պողոսյանը

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ, գործարար Մկրտիչ Մարգարյանն ազատազրկման է դատապարտվել խարդախության մեղադրանքով: Այս գործի հետ կապված են նաեւ նրա նախկին թիմակիցների ու այժմ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի անունները:

2011-ի նոյեմբերին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատ.՝ Մխիթար Պապոյան) 5 տարի ու 6 ամսվա ազատազրկման դատավճիռ է կայացրել, սակայն ԱԺ-ի կողմից ընդունած համաներման որոշման հիմքով կրճատել է Մարգարյանի պատժի չկրած մասը 1/4-ով: Վերաքննիչ քրեական դատարանը (դատ.՝ Գագիկ Ավետիսյան, Եվա Դարբինյան, Սերգեյ Չիչոյան) նույնն է թողել նախորդ ատյանի վճիռը՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքը: Մարգարյանը դատապարտվել է ՀՀ Քր.օր.-ի 178 հոդվածով. «Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Մկրտիչ Մարգարյանը Սամվել Հակոբյանի հետ զբաղվել է Հնդկաստանից մսի ներկրմամբ: 2007-ին, ըստ Մարգարյանի, դրանում ներգրավվել են Հովհաննես Պողոսյանը, Սուրեն Հարությունյանը, Բագրատ Սաֆարյանը: Հովհաննեսի հետ Մկրտիչը ծանոթ է եղել «Արարատ» թիմում համատեղ ելույթներից: 2007-ի ապրիլին, ըստ Մարգարյանի, Հովհաննեսը Մկրտչին ու Սամվելին տարել է Այգեստանում գտնվող իր տուն, որտեղ եկել է նաեւ նրա եղբայրը՝ այն ժամանակ Արարատի մարզի ոստիկանության պետ Հունան Պողոսյանը (առաջին նկարում, ներկայումս ՀՀ փոխոստիկանապետ), որն իրեն հանձնել է 115.000 դոլար՝ բիզնեսի մեջ դնելու եւ 6 ամսից վերադարձնելու պայմանով: Գործարքը գրավոր չեն ձեւակերպել: Հովհաննեսը գումարից վերցրել է 20.000-ը, արդյունքում՝ մնացած 95.000-ը դրվել է ընդհանուր գործի մեջ: Սակայն Հովհաննեսը իր ցուցմունքներում պնդել է, որ ինքն է 115.000-ը տվել Մարգարյանին, այն էլ որպես պարտք: Որ Հովհաննեսը իրենց հետ բիզնեսի մեջ է մտել, դրանում ներդրել է եղբոր տված գումարից 95.000 դոլարը, ոստիկանությունում ցուցմունք գրելիս հայտնել է նաեւ Սամվել Հակոբյանը՝ Մկրտչի գործընկերը, ով ներկա էր Այգեստանի տանը, սակայն արդեն դատարանում ասել է, թե տեղյակ չէ, որ Հովհաննեսն էլ է իրենց հետ գործի մեջ եղել, եւ գիտի միայն, որ Մարգարյանը Պողոսյանից 115.000 դոլար է վերցրել:  

Սամվել Հակոբյանը գործում ներգրավվել է իբրեւ վկա, իսկ Հովհ. Պողոսյանը, Սուրեն Հարությունյանն ու Բագրատ Սաֆարյանը՝ իբրեւ տուժողներ: Վերջին երկուսը հայտնել են, թե համապատասխանաբար 21.000 եւ 20.000 դոլար պարտք են տվել Մարգարյանին: Վերջինիս փաստաբան Գայանե Գրիգորյանը, սակայն, նշում է, որ Մկրտիչն ու Սամվելը Բագրատին պատմել են, որ մսի ներկրման գործում գումարի կարիք ունեն, եւ առաջարկել են մասնակցություն ունենալ այդ գործի մեջ: Բագրատը համաձայնել է ու 20.000-ի ներդրում կատարել: Ըստ պաշտպանի՝ 19.800 դոլարի (դատարանը նշել է 21.000) ոսկեղենի տեսքով ներդրում է կատարել նաեւ Սուրեն Հարությունյանը:

Բիզնեսի կազմակերպմամբ զբաղվել են գլխավորապես Մկրտիչն ու Սամվելը, որոնք նախկինում էլ նման փորձ ունեին: Սամվելն ուներ «Սամվել Հակոբյան» ԱՁ-ն, որի միջոցով կատարվել են գործարքները: 2007-ի մայիսին Մկրտիչն ու Սամվելը 105.000 դոլարով 56.000 կգ միս են գնել Հնկաստանում եւ տեղափոխել Հայաստան: Շուրջ 3 ամիս գործը բավականին հաջող է ընթացել: Սակայն նոր գործարք սկսելուց առաջ Սամվելը, որ 40.000 դոլարի ներդրում էր կատարել (մոտ 100.000 էլ դրել էր Մկրտիչը), վատառողջ լինելու պատճառով ցանկություն է հայտնել դուրս գալ բիզնեսից: Այդ մասին նա հայտնել է նաեւ նախաքննական մարմնին, իսկ դատարանում ասել է, թե դուրս գալու պատճառը եղել է Մկրտիչը, որին սկսել է չվստահել: Դուրս գալուց հետո Սամվելը պնդել է, որ Մկրտչի հետ փաստաթուղթ կնքեն, որով ինքը կվերցնի իր ներդրած 40.000-ը, ու իրարից այլեւս պարտք ու պահանջ չեն ունենա:

Փաստաբան Գրիգորյանը հարց է բարձրացնում. «Ցուցմունքներից մեկում Սամվել Հակոբյանը գրել է, թե ներդնելով 40.000 դոլար, բիզնեսից դուրս գալուց վերցրել է 47.000, մինչդեռ հենց ինքը նշել է, որ բիզնեսում իրենք շահույթ չեն ունեցել: Հենց միայն այս հանգամանքը պետք է քննիչի (Կամո Ներսիսյան- հեղ.) մոտ առաջացներ պարզաբանման անհրաժեշտություն: Արդյունքում պարզ կդառնար, որ Սամվել Հակոբյանը ստում է»: Սամվելն ասել է, թե այդ 47.000-ը տվել է Մկրտչի նախկին կնոջը՝ Անուշ Մազմանյանին, որը, սակայն, հերքել է դա: Մարգարյանի փաստաբանը, ներկայացնելով Հակոբյանի կողմից ոստիկանությանն ու դատարանին տված ցուցմունքներում առկա հակասությունները, մեկնաբանում է. «Այս ամենը տեղիք է տալիս կարծել, որ Սամվել Հակոբյանին կամ ահաբեկել են Մ. Մարգարյանի դեմ նմանատիպ ցուցմունքներ չտալու դեպքում եւս ենթարկել քրեական պատասխանատվության, կամ ինքն է, զգալով այդ վտանգը, միացել Մարգարյանի դեմ հաղորդում տվողների բանակին եւ փորձում է տպավորություն ստեղծել, թե նրանց հետ է, մտածում է իրենց մասին, որպեսզի տուժողները գումար չպահանջեն նաեւ իրենից»: Փաստաբանն ասում է, որ եթե Մարգարյանին դատել են որոշակի գործողությունների հիմքով, ապա Հակոբյանն էլ ուղղակի մասնակցություն է ունեցել բոլոր գործարքներին, դրանք կատարվել են նրա ԱՁ-ի միջոցով, փաստաթղթերում առկա է նրա ստորագրությունը, ու դրանցով ապացուցվում է, որ գումարները ոչ թե հափշտակվել են, ինչպես նշվել է մեղադրանքում, այլ ներդրվել են բիզնեսի մեջ: Եվ ուրեմն այս պարագայում ինչպե՞ս եղավ, որ Հակոբյանը ներգրավվել է իբրեւ վկա, իսկ Մարգարյանը՝ մեղադրյալ:

Վերադառնալով բիզնեսին՝ նշենք, որ մսի գործն իրեն հետագայում չի արդարացրել, իսկ քանի որ պայմանավորվածություն է եղել Հովհաննեսի 115.000-ը վերադարձնել 6 ամսում, Մկրտիչը այդ ընթացքում 4 անգամ 5000-ական, ընդհանուր՝ 20.000 դոլար է տվել Պողոսյանին: Վերջինս, սակայն, պահանջել է արդեն փակվել ոչ թե 115.000, այլ 160.000, քանի որ 6 ամիսն արդեն անցել էր: Որպես նոր բիզնես Մ. Մարգարյանը որոշել է անանաս ներկրել կրկին Հնդկաստանից: Այդտեղ մեկնել է տուժողներ ճանաչված Սուրենի ու Բագրատի հետ, սակայն անանասի բիզնեսը եւս խոստումնալից չի եղել, ինչից հետո Մկրտիչը որոշել է Իրանից դեպի Ռուսաստան միրգ ու բանջարեղեն մատակարարել: Այս ընթացքում բավականին գումարներ են ծախսվել թե ճանապարհի, թե սննդի եւ թե հումքի գնման համար, սակայն վերջնարդյունքում օգուտ չի եղել, քանի որ նռան մեծ մասը փչացած է եղել, իսկ վարունգը փչացել է մաքսակետում, որտեղ բեռնատարները 5 օր կանգնել են:

Դատարանում Սուրենն ու Բագրատը պատմել են, որ Հնդկաստանում Մկրտիչը մեծ գումարներ է ծախսել խանութներում ու խաղատներում, մեծ քանակի զարդեր գրավադրել: Չնայած տուժողներից այս երկուսը չեն հերքել, որ եղել են Հնդկաստանում, սակայն հերքել են, թե համատեղ բիզնես են ծավալել: Ներկայանալով իբրեւ տուժած պարտատերեր՝ Հովհաննեսը, Բագրատը, Սուրենը միաձայն պնդել են, որ Մկրտչի բիզնես ծրագրերով (այսինքն՝ թե ինչի մեջ են ներդրվել իրենց գումարները) սկսել են հետաքրքրվել միայն այն ժամանակ, երբ նա չի վերադարձրել իրենց գումարները:

Մարգարյանի փաստաբան Գայանե Գրիգորյանը, հաշվելով ծախսերը, նշում է, որ Բագրատին առձեռն հանձնվել ու նաեւ նրա վրա ծախսվել է 19.300 դոլար, նմանատիպ ծախսեր կատարվել են նաեւ Սուրենի պարագայում: «Տուժողները միաձայն հայտարարում են, որ իրենց վնաս է պատճառվել, սակայն տարօրինակ կերպով առարկեցին մի քանի անգամ իմ կողմից ներկայացված միջնորդությանը՝ Մ. Մարգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (ստորագրություն չհեռանալու մասին- հեղ.) վերացնելու եւ նրան իր անձնագիրը վերադարձնելու մասին, քանի որ Մ. Մարգարյանը առաջարկ էր ստացել արտասահմանում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,- ասում է պաշտպանը,- դա նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքն էր եւ հնարավորություն՝ արդարացնել իրականում ներդրված գումարները»:   

Գ. Գրիգորյանը ներկայացնում է նախաքննական մարմնի ու դատարանի կողմից մի շարք թերացումներ: Այսպես՝ չեն ուսումնասիրվել հաշիվ-ապրանքագրերը՝ պատճառաբանությամբ, որ դրանք կապ չունեն գործի հետ: Այնինչ, ըստ փաստաբանի, դրանցով ապացուցվում է, որ գումարները դրվել են բիզնեսի մեջ, եւ Մկրտիչը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով չի յուրացրել դրանք: Դատարանը չի բավարարել Հունան Պողոսյանին հարցաքննելու միջնորդությունը: Այստեղ իսկապես հարց է ծագում: Ամբաստանյալը պնդում է, որ հենց Հունան Պողոսյանն է տվել 115.000-ը, իսկ դատարանը, հիմնվելով միայն հակառակ կողմի վկայության վրա, գտնում է, որ այդպես չի եղել: Իսկ Մկրտչի ինչի՞ն էր պետք գործին խառնել Հունանին, եթե նա իրոք առնչություն չուներ դրան: Սա չի հետաքրքրել ոչ ոստիկանությանը, ոչ էլ դատարանին: Թերեւս չեն ցանկացել խաթարել բարձրաստիճան ոստիկանի անդորրը: Պաշտպանական կողմը ներկայացրել է տեսաձայնագրություն, որտեղ Սուրենը Մկրտչին նախատում է, որ նա սխալ է արել՝ գործ բռնելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի (նկատի է ունեցել Հունան Պողոսյանին) հետ: Մի քանի անգամ նշել է նաեւ, թե Մարգարյանին իր օրթաղը Սամվել Հակոբյանն է քաշել, ձախողման պատճառը նա է, բացի այդ՝ ասել է, որ եթե իրեն դատարան կանչեն, Մկրտչի դեմ ցուցմունքներ պետք է տա: Դատարանը որպես ապացույց չի ընդունել այս ձայնագրությունը՝ նշելով, որ հայտնի չէ դրա ստացման աղբյուրը:    

Հատկանշական է, որ գործով որպես տուժող է ներկայացվել նաեւ Գուրգեն Ենգիբարյանը, ում Մկրտիչը ճանաչել է «Արարատից»: Ըստ գործի՝ Գուրգենը 3000 դոլար պարտք է տվել Մարգարյանին, սակայն վերջինս կտրականապես հերքել է, որ երբեւէ գումար է վերցրել նրանից: Գայանե Գրիգորյանը շեշտում է, որ դատարանը առանց ապացույցի հիմք է ընդունել միայն տուժողների ցուցմունքները՝ պատշաճ չուսումնասիրելով Մկրտչի ասածներն ու մեղադրանքը հերքող ապացույցները: «Մինչ օրս անհայտ է, թե ինչն է դրդել Գուրգենին միանալ այդ շինծու մեղադրանքին,- ասում է փաստաբան Գրիգորյանը,- միգուցե սպառնալիքը կամ վախը, կա որեւէ այլ կախվածություն տուժողներից կամ նրանց բարձրաստիճան հարազատներից, կամ, միգուցե, ինչու ոչ, հենց այնպես գումար վաստակելու ախորժակը: Դժվար է ասելը: Սակայն ակնհայտ է այն փաստը, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի իր սուտ ցուցմունքների, կեղծ հաղորդման, Մ. Մարգարյանի պատիվը եւ արժանապատվությունը արատավորելու համար»:   

Ըստ գործի՝ տուժողներ են Հովհաննես Պողոսյանը, Բագրատ Սաֆարյանը, Սուրեն Հարությունյանը, Գուրգեն Ենգիբարյանը ու եւս մեկը՝ Վլադիմիր Հայրապետյանը: Վերջինից Մկրտիչը 2007-ի դեկտեմբերին վերցրել էր 950 դոլարի ադամանդե քարեր ու խոստացել գումարը փակել 15-20 օրից: Դրանք վաճառել է, գումարը դրել գործի մեջ, սակայն հետո չի կարողացել փակել: Իսկ Վլադիմիրն ասել է, թե ինքն է ստիպված եղել Մկրտչին 2009-ին պարտավորագիր ստորագրել տալ, ինչից հետո, սակայն, կրկին չի վերադարձրել գումարը:

Փաստաբան Գրիգորյանն ասում է, որ իրականում Մկրտչի, Հովհաննեսի, Սուրենի ու Բագրատի միջեւ եղել է բիզնեսի մեջ գումար դնելու եւ դրան համարժեք շահույթ ստանալու պայմանավորվածություն. «Եթե նույնիսկ վերացականորեն ընդունենք, որ վերոհիշյալ անձանցից Մկրտիչը պարտքով գումար է վերցրել, ապա նշանակում է, որ նրանց միջեւ իրականացվել է քաղաքացիաիրավական գործարք, որի պարագայում անձը չի կարող ենթարկվել քրեական հետապնդումների եւ ազատազրկման»: Պաշտպանը շեշտում է, որ խարդախության հանցակազմ առկա է միայն այն դեպքում, երբ խաբելու կամ վստահությունը չարաշահելու մտադրությունն առաջացել է բացառապես նախքան գույքը կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

Դատարանում Մարգարյանի դեմ քաղաքացիական հայց՝ գումարային պահանջ, ներկայացել է միայն Վլադիմիր Հայրապետյանը, ինչը բավարարվել է: Մյուսները նման պահանջ չեն ներկայացրել: Սա, իհարկե, զարմանալի է: Եթե քաղաքացիները պնդում են, որ տուժել են Մկրտիչ Մարգարյանից, ինչու նրա դեմ քաղաքացիական հայց չեն ներկայացրել: Օրինակ՝ վերաքննիչ ատյանում Հովհաննես Պողոսյանը նշել է, որ գումարային պահանջ չունի, հրաժարվել է այդպիսին ներկայացնելուց եւ խնդրել է դատարանին խիստ պատժել Մարգարյանին:

Արդյո՞ք սա չի նշանակում, որ համատեղ բիզնեսի մեջ ներգրավված անձինք, գործի ձախողման մեջ մեղավոր համարելով Մարգարյանին, որոշել են ուղղակի բավարարվել նրա ազատազրկմամբ եւ ինչ-ինչ նկատառումներով չպահանջել իրենց ներդրումները: 

Իր հերթին պաշտպանական կողմը բողոքարկել է նաեւ վերաքննիչի որոշումը, իսկ փաստաբան Գայանե Գրիգորյանը նշում է, որ մտադիր են առաջին ատյանի դատավոր Մխիթար Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու համար դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ:     

Մեկնաբանություններ (2)

Hrachik
havatanq vor poxenq nman hovanavorchutyun@!!!!!!!!
STS
HERTAKAN CEX SHPRTEL@ ANIMAST. ETPES EL CHEREVAC TE INCH XAXTUMA TUYL TVEL DATAVOR@ VOR DIMUM EN XORHURD? INCHI HODVACNER@ TPAGRELUC ARAJ CHEN USUMNASIRVUM AVELI HASKACOX MARDKANC KOXMIC

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter