HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փեթակում բոլոր մեղուներն աշխատում են

Լեւոն Ամիրզյանն արդեն 50 տարի մեղվաբուծությամբ է զբաղվում: Մանկուց հորն է օգնել, հետո արդեն ինքն է հետեւել մեղուներին։ Նախկինում 74 փեթակ են ունեցել, հիմա՝ 21։ «Էն ժամանակ ես հորս օգնում էի, հիմա ինձ օգնող չկա, մենակ եմ, զավակներս չեն սիրել, չեն արել, իսկ էս գործը սիրել է պետք»,- ասում է Լեւոն Ամիրզյանը։

Նա ապրում է Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում։ Կորոնավիրուսի համավարակը չի ազդել նրա աշխատանքի վրա: «Ես, իմ տունն ու իմ մեղուները»,- ասում է նա։ Լևոնը ախտահանիչ միջոցներ չի օգտագործում:

«Մեղուները սպիրտ, օծանելիք, սուր հոտեր չեն սիրում, եթե էդպես մոտենաս, նորմալ վիճակում քեզ չեն թողնի։ Դեպք ենք ունեցել, երբ մեր հարեւանը բենզինոտ ձեռքերով մոտեցել է փեթակին, հարձակվել են, մի կերպ ենք փրկել։ 90-100 խայթը մահացու է»,- ասում է Լեւոն Ամիրզյանը։

Լևոնի մեղվի փեթակները տան առջեւի այգում են։ Գարնան գալուն պես մեղուներն էլ սկսում են աշխատել, իսկ նրանց ամեն օր պետք է հետեւել։

«Մայիս-հունիս ամիսներին մեղուների զարգացման շրջանն է։ Նայում ենք, տեսնում՝ ինչ պահանջ ունի մեղուն, ձվարկությունը նորմա՞լ է, ձագատենդ ունի՞, թե՞ չէ։ Եթե եղանակը տաք է լինում, մեղուն զարգանում է, խոնավ ժամանակ կերի պակաս է լինում, այդ դեպքում պետք է օժանդակենք մեղվաընտանիքին: Նայում ես՝ փեթակը նորմալ վիճակում է, բայց մեջը մեղու չկա։ Մեղուն թռչում է դաշտ, հետ չի գալիս, ճանապարհը կորցնում է։ Եթե մի հատ էլ անկում է լինում, էնքան եմ ազդվում. ընտանիք է, իմ պատկերացմամբ ոնց որ մարդկային ընտանիք լինի»,- պատմում է Լևոնը։

2016թ․ին Լեւոնը 260 կգ մեղր է քամել։ «Նոյեմբերյանի տարածաշրջանի մեղրն առանձնահատուկ է, քանի որ մեր անտառներում լորենի շատ է աճում, մեր մեղրի բաղադրության 70-80 % լորենու նեկտարից է, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով»,- ասում է Լեւոնը։

Լեւոն Ամիրզյանն ասում է, որ մեղուները խելացի միջատներն են, աշխատում են եւ օգնում միմյանց։ Լավ բերքի հանդիպելիս կարողանում են ընտանիքի անդամներին տեղեկացնել, փոխանցել «կոորդինատները»։

«Դրսից նեկտար բերողին ու ներսում աշխատողին չես կարող առանձնացնել, իրենք են իրենց գործողությունները կարգավորում։ Եթե փեթակը բացես, նայես, չես կարող նկատել՝ որն է ջուր բերում, որը՝ նեկտար, բայց բոլորն էլ աշխատում են։ Էս պահին ձվարկություն է գնում, մայր մեղուն, իր շքախմբով ձու դնելով, առաջ է գնում», - ասում է Լեւոն Ամիրզյանը։

Փեթակների կողքին ջրի հատուկ սարքն է խոնավություն պահելու համար։ 

«Կարեւոր է, որ փեթակի կողքին ջուր լինի, որպեսզի մեղուն չգնա, կեղտոտ ջրերից ջուր բերի, դա վտանագվոր է հիվանդությունների տարածման համար։ Հենց շոգերը ընկնեն, ջրի պահանջարկը ավելանալու է, պետք է փեթակում խոնավություն պահպանվի», - ասում է Լեւոն Ամիրզյանը։

Բաղանիսում մեղվաբուծությամբ մի քանի ընտանիք է զբաղվում։ Յուրաքանչյուրն իր գնորդն ունի, եւ կարողանում է իրացնել մեղրը։

«Ում ուժը ինչքան պատում է, էդքան էլ պահում է։ Ես ընկեր ունեմ, որը 160 մեղվաընտանիք ունի, ինքը օգնող ունի՝ տղեն է, ախպերն է։ Ես չեմ ասում՝ սա էսքան ունի, ես էլ հասցնեմ դրան, ինչքան կա, դրանով եմ բավարարվում»,- ասում է Լևոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter