HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջուր ամեն տեղ կա

Յուրի Գրիգորյանը մասնագիտությամբ քանքան է։ Քանքանը պարսկերեն բառ է, որ նշանակում է հոր քանդող։ Հադրութի շրջանում պատրաստում է հերթական քահրեզը։ Քահրեզը քարերով կառուցված ստորերկրյա ջրագիծ է, որը, տարբեր երակներ իրար միացնելով, ջուրն ինքնահոս ձեւով դուրս է բերում երկրի երես։

Յուրի Գրիգորյանն ասում է, թե քահրեզը ջրմուղ համակարգերից ամենաարդյունավետն է՝ ամբողջ տարին ջուր է տալիս՝ ներդրումներ ու ծախսեր չպահանջելով։ «Ո՛չ էլեկտրաէներգիա ենք ծախսում, ո՛չ անհրաժեշտ սարքավորումներ, ո՛չ մի բան. ջուրը հավերժ գալիս է»,- ասում է քանքանը։

Հազարամյակներ շարունակ քահրեզները եղել են մարդու կենսապահովման հիմնական աղբյուրը։ Անցած հարյուրամյակում, տեխնիկայի զարգացմանը զուգահեռ, դրանք կորցրել են իրենց նշանակությունը, որովհետեւ էժան էլեկտրաէներգիան հնարավորություն էր տալիս պոմպերի միջոցով երկրի ընդերքից դուրս բերել արտեզյան ջրերը։ «Հիմա էլեկտրաէներգիան թանկ է, սարքավորումը փչացավ՝ դժվար է ճարվում»,- ասում է Յուրան։

Այդ պատճառով մարդիկ հիմա դարձյալ սկսել են գնահատել ստորգետնյա ջրագծերի նշանակությունը, քանի որ այս եղանակով ստացված ջուրը շատ ցածր ինքնարժեք ունի։ Յուրան ասում է, թե Ղարաբաղի գրեթե բոլոր բնակավայրերում թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի համար օգտագործվել են միայն քահրեզները. «æրի պրոբլեմը քահրեզներն են լուծել»։ Քանքանը վստահ է, որ Ղարաբաղի բոլոր գյուղերում էլ քահրեզներ կան, եւ կարծում է, որ մոռացության մատնված այդ համակարգերը դժվար չէ գտնել, նորոգել ու կրկին շահագործել։

Ղարաբաղի եւ Հայաստանի ստորերկրյա ջրագծերի միակ մասնագետ Յուրի Գրիգորյանը նորոգում է հին քահրեզներն ու կառուցում նորերը։ «Իննսունվեց թվականից մինչեւ հիմա ես զբաղվում եմ էս գործով,- ասում է նա։- Քսանվեցերորդ գործս ա։ Ես եւ՛ հներն եմ նորոգում, եւ՛ նորերը ստեղծում»։

Երկուսն էլ վարպետի համար հավասարապես հաճելի են, բայց ասում է, թե հները նորոգելիս վտանգն ավելի մեծ է՝ հաճախ փլուզումներ են լինում։

Յուրի Գրիգորյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով վերականգնել է Մարտունու շրջանի Գիշի գյուղի քահրեզը։ Անցած տարի չորս քահրեզ է վերականգնել Հայաստանում՝ Մեղրիի շրջանի Շվանիձոր գյուղում։ Հիմա հիմնականում Ղարաբաղում է աշխատում։ «Օրինակ՝ նոր քահրեզ եմ բացել, միանգամայն նոր քահրեզ մեր Մարտունի քաղաքի համար։ Վայրկյանում տալիս է 45 լիտր ջուր»։

Իսկ ինչպե՞ս են հայտնաբերվում ստորերկրյա ջրերի երակները։ «Շատ պարզ ու հասարակ»,-ասում է Յուրան եւ, վերցնելով մետաղալարի անկյունաձեւ երկու կտոր, դնում է կիսափակ բռերի մեջ ու քայլում։ Որտեղ մետաղալարի ծայրերը թեքվելով դիպչում են իրար, այնտեղ, ըստ Յուրի Գրիգորյանի, ջրի երակներ կան։ Տեսնելով թերահավատ վերաբերմունք' մետաղալարերը տալիս է մեզ. «Փորձեք ու կհամոզվեք, որ նույնիսկ հետազոտությունների համար ոչ մի ծախս չի պահանջվում»։ Փորձում ենք, իսկ Յուրան շարունակում է բացատրել. «Եթե լարերը պտտվում են, ուրեմն երակը հոսում ա գետնի տակով։ Եթե միայն թեքվում են, ուրեմն ջուրը կանգնած է»։ «Սա ես չեմ հորինել»,- ասում է Յուրան, բայց չի տալիս հորինողի անունը, որովհետեւ, նրա կարծիքով, ոչ ոք չգիտե, թե քահրեզը քանի տարվա պատմություն ունի։ «Քահրեզն ավելի հին է, քան այն բնակավայրը, որին ջուր է մատակարարում, որովհետեւ նախ ջուրն է լինում, հետո են մարդիկ գալիս։ Իսկ եթե ջուրը չի լինում, մարդիկ հեռանում են, բնակավայրերն էլ' ամայանում,- ասում է Յուրան եւ խորհուրդ տալիս ջուր չփնտրել:- Ջուր ամեն տեղ կա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter