
ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության առաջարկ` ուղղված մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրային ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մի խումբ պատգամավորների նախաձեռնությունը:
Փաթեթի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ելույթում հիշեցրեց, որ ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի ցանկանում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների առաջարկով հանդես գալ, ինչից հետո արձագանքել են պատգամավորներ և միացել իրեն:
«Այն միտված է ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը, նաև վերահսկողական գործիքների հստակեցմանը: Նոր խմբագրմամբ շարադրել ենք կանոնակարգ-օրենքի 8-րդ կետը, հանձնաժողովի նախագահը գործող օրենքով ընթացք էր տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին, մենք ավելացրել ենք նաև` հանձնաժողովի անդամներին է ներկայացնում: Կարևորել ենք հանձնաժողովի նախագահի հաշվետվողականությունը հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորների առաջ»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով` հանձնաժողովի նիստից առաջ նախագահը պարտավորվում է հրավիրվող բոլոր փորձագետների ցանկը ներկայացնել հանձնաժողովի անդամ բոլոր պատգամավորներին:
Նախագծում նշվում է, որ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացնում է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:
«Գործող օրենսդրության համաձայն` հանձնաժողովը քվորում է ապահովում, երբ ներկա է մշտական հանձնաժողովի առնվազն մեկ քառորդ պատգամավոր, մենք քննարկման արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ առավել լեգիտիմ համարելու համար նիստի ընթացքում կայացված որոշումները, կարևոր է, որ մշտական հանձնաժողովներն ապահովեն 50+1 ձևաչափը»,-ասաց Հայրապետյանը:
Առաջարկվող մյուս փոփոխությունն այն է, որ արգելվի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի տեսակետը ներկայացնի այն պատգամավորը, որը նախագծի համահեղինակ է: Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ նման դեպքեր եղել են խորհրդարանում, ինչն ըստ իրեն շահերի բախում է:
Հայրապետյանի խոսքով` առաջարկվում է մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարին օրենքով վերապահել մեկ փորձագետի հնարավորություն:
«Հանրությունը մեծ սպասումներ ունի խորհրդարանի վերահսկողական գործառույթների առումով, և մեծ ակնալիքներ կան նաև հանձնաժողովներից: Սա հնարավորություն կտա համեմատաբար ավելի բարձր աշխատավարձով լավ մասնագետների ընդգրկել խմբակցություններում և հանձնաժողովներում»,-ասաց նա:
Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` ողջունելով առաջարկվող փոփոխությունները: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մեկնաբանել