HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել է պահնորդական ծառայությանը՝ իր տանը շուրջօրյա պահպանություն իրականացնելու խնդրանքով

«Երկու օր է՝ իմ ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ են լինում։ Ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում, իմ տանը կպած գտնվում է Քանաքեռի հին կինթատրոնը, հիմա «ձայնագրման ստուդիա» է կոչվում։ Այնտեղ կա փոքրիկ խաղահրապարակ, երեխաներս միշտ գնում, խաղում են։ Տիրոջ որդին, ով 40  տարեկան է, պահանջում է, որ իմ երեխաները չպետք է այդտեղ խաղան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի ընտանիքի հետ երեկ միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ Աթանեսյանի՝ իրեն պատմել են, որ վերը նշված պահանջը պայմանավորված է իր անձով։

«Էդ փաստաբանը կյանքներս կերել է»,- ըստ Աթանեսյանի՝ նման բան է ասել ձայնագրման ստուդիայի տիրոջ որդին։ Աթանեսյանը հայտնեց, որ ինքը վերը նշված անձի հետ որևէ հարաբերություն չունի։

«Ես այդ անձի հետ որևէ հարաբերություն չունեմ, չեմ ճանաչում։ Իմ տան ու այդ հիմնարկի միջև ճաղավանդակ կա, որոշում են պատնեշով փակել։ Դե փակում են, իրենց խնդիրն է։ Կինս զանգում է, ասում եմ՝ ոչ մի բան մի արա։ Հասկանում եմ, որ սադրանք է։ Տեսնելով, որ այս դեպքում էլ ռեակցիա չկա, յոթ տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, հայհոյում են ամենավերջին, ստոր, սեռական բնույթի հայհոյանքներով»,-պատմեց Աթանեսյանն ու նշեց, որ որդին պատասխանել է հայհոյանքին։ Դրանից հետո, ըստ Աթանեսյանի, 40 տարեկան տղամարդը փորձել է պատուհանից հարվածել որդուն, կինը դուրս է եկել ու սկսել են այժմ էլ վերջինիս հայհոյել։ Դրանից հետո Աթանեսյանի ընտանիքի անդամները տուն են մտել, կինը զանգահարել է իրեն։

«Հասկացել եմ, որ սադրանք է, զանգահարել եմ ոստիկանություն, ինչքան հնարավոր է շուտ տուն եմ հասել։ «Փառք ու պատիվ մեր ոստիկաններին, համարյա ինձ հետ հավասար հասան մեր տուն։ Այս մարդիկ հարձակվեցին ինձ վրա։ Եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, ես, գուցե, հիմա ճաղերի հետևում լինեի, չգիտեմ՝ ինչով կավարտվեր այս ամենը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը երեկ Մարդու իրավունքների պաշտպանի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։ Այսօր նա պարզաբանեց, թե ինչու է այդպես կարծում։

«Բոլորդ կհիշեք, որ մեր գործող քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի տարի առաջ PR ակցիա էր կազմակերպել, սնունդ էր բաժանում։ Դա եղել է հենց այդ հիմնարկում»,- հիշեցրեց Տիգրան Աթանեսյանը և նշեց, որ այդ հիմնարկի հետ կապված անձինք սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ։

«Ես առավել քան համոզված եմ, որ այս ամենում կան կազմակերպիչներ։ Չեմ կարող ասել, թե իրենց կոնկրետ ցուցում են տվել այս ձևով անել, բայց որ ոգևորել են ու ասել են, որ կարող են նման բան անել ու  երևի թե մարսել, դա եղել է»,-ասաց Աթանեսյանը՝ շեշտելով, որ միջադեպի ժամանակ պարբերաբար խոսվել է իր՝ փաստաբան լինելու մասին։

Այս պահին տեղի ունեցած միջաղեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Պահանջելու եմ, որ այդ անձինք անպայման ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես նաև բացահայտվի այդ շղթան։ Առավել,  քան համոզված եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ, քանի որ պաշտպանում եմ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց, ինչպես նաև  իշխանության գործունեության վերաբերյալ իմ հանրային դիրքորոշմամբ»,-ասաց փաստաբանը։

Պաշտպանը նշեց նաև, որ ստիպված է եղել դիմել պահնորդական ծառայություն, այժմ իր տանը  շուրջօրյա պահպանություն է իրականացվում։

«Ինձ չեն ներում, որ եղել եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ հակառակ դիրքորոշում իր վարած քաղաքականության հետ՝ թեպետ իր գործով իմ կարծիքը մնացել է նույնը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Վերջինս հայտնեց, որ միջադեպի մասնակից անձինք բերման են ենթարկվել, ապա ազատ են արձակվել, քանի որ այս պահին դեռևս հարուցված քրեական գործ չկա։

Աթանեսյանը կարծում է, որ տեղի ունեցածը խուլիգանության հատկանիշներ է պարունակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter