HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գողթի ջրամբարից ջուրը կհասնի Հացավան և մյուս համայնքներ․ գողթեցիների պահանջը բավարարվել է

Գողթում 4 տարի առաջ ոռոգման ցանցի շինարարական դադարեցված աշխատանքները կվերսկսվեն։ Գողթի բնակիչների գլխավոր պահանջը բավարարվել է՝ համայնքի ներտնտեսային ցանցը կնորոգվի։ Երեկ՝ մայիսի 22-ին, համայնք են այցելել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, որոնք գյուղացիների հետ հանդիպել են և համաձայնության եկել։

«Հետք»-ը գրել էր, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորած 7,2 միլիոն դոլար արժողությամբ ծրագրով մեկնարկած շինարարությունը 2016 թ․-ին դադարեցվել էր Գողթի բնակիչների պահանջով։ Ծրագրով ոռոգման ցանց էր կառուցվել Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ, Ձորաղբյուր և Ջրվեժ համայնքների հողերը ոռոգելու նպատակով, բայց ծրագրի վերջնական փուլի շինարարությունը դադարեցվել էր։ Գողթի սարերում գտնվող «Գեղարդալիճ» ջրամբար հասնող 1.9 կմ խողովակաշարը այդպես էլ չէր կառուցվել, քանի որ Գողթում դեմ էին ծրագրին։ Գյուղացիները թերահավատ էին, որ ջրամբարի ջուրը կբավարարի և՛ իրենց, և՛ մյուս համայնքներին, ինչպես նաև պահանջում էին, որ հիմնանորոգվեն գյուղի ներտնտեսային ջրագծերը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գողթում ձեռք բերված պայմանավորվածությանը։ «Կարող ենք արձանագրել, որ համայնքի հետ այլեւս ունենք լիարժեք փոխըմբռնում խնդրո առարկային վերաբերող՝ մի շարք հարցերի շուրջ, եւ Գեղարդալճի ինքնահոս համակարգի վերջին 1.9 կմ-ոց հատվածի շինարարությունը շուտով կմեկնարկի։ Զուգահեռաբար Ջրային պետական կոմիտեն՝ համայնքի 10 % համաֆինանսավորմամբ կիրականացնի նաեւ ներտնտեսային ցանցի 1.76 կմ-ոց հատվածի կառուցումը՝ այդով համայնքում առկա ոռոգման ջրի մոտ 50 %-ոց կորուստները հասցնելով գրեթե զրոյի։ Շնորհակալ եմ քննարկման մասնակից բոլոր կառույցների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Գողթի մեր քաղաքացիներին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այսօրվա կառուցողական եւ արդյունավետ քննարկման համար»,– հայտարարել է Կոտայքի մարզպետը։

Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետի և Ջրային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը ներկա է եղել գյուղից 200 բնակիչ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ջրամբարից դուրս եկող խողովակաշարի շինարարությունը և գյուղի ներտնտեսային ցանցի շինարարությունը զուգահեռ կսկսվեն։ «Հուշագիր կստորագրվի համայնքի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ջրային կոմիտեի միջև, որ ջրամբարի 2.4 միլիոն խորանարդ մետր ջուրը պետք է մեր համայնքը ստանա։ Իսկ ներտնտեսային ցանցի շինարարության համար Գողթ համայնքը 10 % համաֆինանսավորում կանի»,– ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ բոլոր գիտեն, եթե պայմանավորվածությունը խախտվեց, նախկին իրավիճակն է կրկնվելու՝ շինարարությունը դադարեցվելու է։

Լուսանկարում՝ Հացավան գյուղն է։ Հեղ․՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter