HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծաթագիր շարունակական վեպ

Ես  փորձում  եմ  կյանքը  տեսնել :

Լևոն  Ջավախյան

----------------------------------

Գրողը գրիչը թաթախում է եռացող ոլորապտույտի մեջ ու շարժելով տրվում կենտրոնախույս ու կենտրոնաձիգ ուժերի հորձանքներին: Հաճախ շոշափողի պես հպվում է կյանքին, ինչպես դերակատարման պահին լարախաղացի ձեռքին հավասարակշռության ձողը, բայց հանկարծ թափարծ առնում, հետո ճեմում, նստում – ելնում, ասում – խոսում, ու այս ամենի մեջ նա մի նպատակ ունի՝ հասկանալի ու անհասկանալի դեսուդենի մեջ կայացնի իր յուրահատուկ  աշխարհը՝ գիրը, որը կյանքի ու մահի նման բարձր է: Գրականության մշտամնա արարումն անժամանակի անվրեպ թիրախավորումն է տիեզերահյուլե մարդու հոգու ինքնաբուխ պատվեր – արձագանքով, որ գալիս է այս կամ այն կերպ, իրենով լցված իրականությունից:

Լևոն Ջավախյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Հայտնի չէ, թե ես ինչ եմ գրում՝ պատմվածք, նովել, ակնարկ, էսսե: Դրանք մի պոռթկումով գրված գործեր են, որոնք սյուժե չունեն, երկարություն չունեն, կարճ տարածքի գործեր են: Ու դա գալիս է իմ գենետիկայից: Մի բան էլ շեշտեմ. ընդհանրապես դա հատուկ է մեր լոռեցիներին: Լոռեցիներից ոչ ոք մեծ կտավի գործ չի ստեղծել՝ ո՛չ Սայաթ-Նովան, ո՛չ Թումանյանը, ո՛չ էլ անգամ Հրանտ Մաթևոսյանը: Մենք կարճ տարածության մարդիկ ենք: Ես ճակատագրին հավատացող մարդ եմ: Մարդուն ճակատագիրը լուր է տալիս, և մարդը պիտի գնա ճակատագրին ընդառաջ: Եթե գնում ես ճակատագրին ընդառաջ, նպատակներդ իրագործվում են: Էդքանը հասկացել եմ: Մի անգամ փորձել եմ վեպ գրել, չեմ կարողացել, որովհետև դա իմ տարածքը չէր» (Հարցազրույց, Կարինե Ռաֆայելյան): Չնայած նա համառորեն մերժում է և իրեն չի տեսնում որպես վիպագիր ( «իմ գենը կարճ տարածության համար է»), սակայն բնախույզ ճամփորդի պես սկսած առաջին գրքից («Ամենաանկեղծ մարդը») մինչև գրվող վերջին գործերը, օղակ առ օղակ մանկական վկայության պես գրում է իր ժամանակի շղթայական, շարունակական վեպը:

Իրական կյանքը՝ գրականության հենք:  Մարդ - աշխարհ, ասել է թե՝ գրող – աշխարհ  երկխոսությունում է ծնվում  տեքստ- ասելիքը՝ գիրը, փորձելով երևակել կյանքի խորհրդավոր իսկությունը: «Գրական թերթ»-ում տպագրված «Ամսվա հարց»-ը սյունակի «Ե՞րբ և ի՞նչ գործողությունների արդյունքում է հասարակության համար բախտորոշ իրադարձությունը դառնում գրական նյութ» հարցադրումն ինձ մտորել տվեց:

«Բախտորոշ իրադարձությունը», կախված քաղաքական իրադրությունից, տարբեր ձևով է մեկնաբանվում, ուստի այն արտացոլող գրականությունը եթե ինչ-որ ժամանակ անց է գրվել, թերևս անկողմնակալ չէ, ժամանակով ողորկված է, հետևաբար կասկածելի են նրա բացարձակ ճշմարտությունն ու ստույգությունը: Այսօր ավելի քան երբևէ արդիական է և պահանջված, ինքնաբուխ, դեպքերի տաք շնչով գրված խոսքը, ինքնաբերաբար և գրականությունը, որը հորդում է դեպքերի, իրողությունների, իրադարձությունների անմիջական ազդեցության ու տպավորության տակ, երբ դեռ չեն չորացել կամ լղոզվել ճշմարտության քրտինքն ու արցունքը, որոնց միջով բեկված լույսը դեռ պահպանել է անկեղծ հայացքը: Ճշմարիտ գրական նյութ  դառնալու համար Հայնրիխ Հայնեն ասում էր՝ ամեն մարդ մի աշխարհ է: Ես այդ աշխարհի կողմնակիցն եմ: Ես այդ աշխարհից եմ գալիս: Իմ գրքերը  թերթ առ թերթ հեղեղված են մեծ աշխարհի մարդկանցով: Այնտեղ իմ տիեզերքն է, և ես ուրախ եմ, որ այն գտնված է»,- գրում է Լևոն Ջավախյանը «Կիկոսի ճառը» պատմվածքում:

Ներկա արագություների պայմաններում, իհարկե, գրականությունը լրագրության արձագանքման անմիջականությունը չունի, զիջում է նրան,բայց գերեզանցում է կարևորով՝ հարատևությամբ: Ուստի լրագրական տեղեկատվական հոսքում հայտնված գրողի խոսքը, որը հարկավ գրականություն է, ասես օազիս – կատարսիսի պես բան է դառնում. «Հայացքս փախցնում եմ… Աղջիկս էլեկտրոնային փոստով ուղարկել է թոռնիկիս պատկերը: Թոռնիկիս, որ չէր ծնվել, այլ որերորդ երկնքից վայր էր ընկել… Շեկի վրա տղա է՝ կապույտ աչքերով: Հաճույքից ճմլվում եմ: Անտես նայվածքով գգվում եմ այտին, հեռվից հեռու դեմքի գույները փայփայում, հարազատ դիմագծերը գուրգուրում, ու սիրտս լցվում է մտերմիկ զգացումով, մղկտացող կարոտով, փափագող սպասելիքներով, որ հանդիպել ես քեզ, կյանքի քո մասնիկին, սակայն մեկ այլ մաշկի տակ, մեկ այլ կյանքի մեջ… Օ՜, երջանկություն, որ իմ մեջ ես… Բաղձանքս երկրի վրա է, որ երկնային չափեր ունի: Ամեն ինչ ճակատագրի մեջ է. ես հենց այդ թելադրանքն եմ գրի առնում, միայն թե գիրս թերի է, ուժս՝ նվազ, միտքս՝ տկար, և ամենևին ունակ չեմ բացատրելու, թե ի՛նչ է ճակատագիրը: Ո՞վ գիտի, միգուցե, դա էլ բացատրություն է… Ես հենց այդ երկինքն եմ փնտրում՝ այն տեղը, որտեղից մանուկներ են ընկնում» («Հա՛յր մեր, ո՞ր երկնքումն ես…»): Մեր օրերի, անգամ ժամերի աչքի ընկնող  գրականություն կերտողներից մեկը, անկասկած, Լևոն Ջավախյանն է, որի մասին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը հետևյալ կարծիքն ունի. «Լևոն Ջավախյանը ժամանակակից հայ արձակի ականավոր դեմքերից է, և նրա ստեղծագործությունը նշանակալից երևույթ է 21-րդ դարի նորաոճ գրականության զարգացման հեռանկարում»:

Լևոն Ջավախյանի էսսեակնարկային նորաոճ գրականությունը:  Մի տիեզերաչափ կյանքի աշխարհաշարժ  տակ ու վրայով, վեր ու վարով, բավականին անսովոր պարզագույն հայտնի–անհայտներով հավասարում է Լևոն Ջավախյանի գիրը, որում մտքի պրպտուն արագությունը գրի հանկարծափոխ գործողությունների նշանն է, ինչի գումարը գեղարվեստական գործ է, որը և ջավախյանական գրականությունն  է, իսկ խոշոր հաշվով գումարելիներն  ընթացիկ ժամանակով թելադրվող, կյանքի բազմազանությամբ սյուժեի բաղկացուցիչ դրվագներն են («Ամեն ինչին ձև կա, որ մեր գեղում ղայդա են ասում: Օղորմածիկ մերս ասում էր՝ բիջն էլ իր կնունքն ուզում ա… Հիմա մեր ուզածն ի՞նչ ա… Նորահարսի պես մի բան. շինել ու շինվել… Առանց կառույցի երկիր չի զարգանա: Եթե ավանակից վայր չես ուզում ընկնել, պիտի քշելու ձևը իմանաս: էշն էլ հո զոքանչ չու՞նի, որ գնան բողոքի: էշի փեսայությանը ո՞վ կդիմանա… Որտեղ փեսա՝ էնտեղ զոքանչ: Չոլախ Քալին իր աղջկան մարդու էր տվել: Մի շաբաթ էր անցել, էրկու շաբաթ, խաբար չկար՝ ո՛չ կարմիր խնձորն էին բերում, ո՛չ էլ աղջկան: Ճարը կտրած՝ ինքն էր գնացել: Աղջկան ասել էր՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա: Աղջիկը թե՝ ա՛յ մեր՝ մոտ ա գալիս, որ մի բան ըլնի: Քալին ձեռը ճակատին ա դնում, աչքերը թախտի ծալքերի վրայով տանում-բերում ու ասում՝ մարդուդ վիր կունիս ու րիգունը դբա մեր տուն կգաք… Աղջիկը երեկոյան կողմ, գլուխը կախ, մարդուն թևանցուկ, գալիս է հերանց», «Ես կանգնեցնում  եմ քայլերն իմ կյանքի»), ժողովրդախոսակցական լեզուն ու ազգային ինտելեկտը. «Ապրում եմ, քանի դեռ մեր գյուղի սգո հանդիսությունների մշտական դամբանախոսը՝ Տռթմանանց Գիքոն, չի կանգնել գլխավերևումս ու հայտնել իր անփոփոխ մարգարեությունը. այն գուրգուրանքն ու սփոփանքը, որ չի ստացել կենդանի օրոք, կստանա մայր հողի գրկում…»: Տռթմանանց Գիքոն կիսագրագետ է, բայց այդքանը գրագիտորեն լավ է յուրացրել: Մնացածը սովորական է, առօրեական: Հետո էլ իմիջիայլոց կասի. - Բոլ ա՝ վե՛ր կալեք… Քանի վեր չեն կալել, ես եմ վերցնում՝ խոսքը, գանձը, բառն ու բանը, որ շուրջս սփռված է իբրեւ մանանա» («Չոչորան»):  Լրագրային ու հրապարակախոսական երանգները («Հասարակական հորձանքը մեկ մակընթացություն է բերում, մեկ տեղատվություն… Պղտոր սելավի պես հորդում է կյանքը: Բացի պատերազմից, այս ամենից ի՞նչ ենք շահել, ի՞նչ ավելացրեց այն մեր կյանքում, ի՞նչ բարձունքների հասանք… Ատելություն, միայն ատելություն: Եթե Ղարաբաղյան շարժման ընթացքում այն ուղղված էր արտաքին թշնամու դեմ, ապա հիմա միայն և միայն միմյանց դեմ: Ատելությունը բախում է բոլորի դռները՝ սպառնալով կործանել միասնական ոգին: Միայն գույներն են փոխվել: Անցյալում կարմիր ու սպիտակ էին, հիմա՝ սև ու սպիտակ: Աշխարհը ծիածանի պես բազմերանգ է, իսկ մարդկանց ուղեղը երկգույն՝ սև ու սպիտակ… Ովքե՞ր են հնարել այս գույները… Եվ որտեղի՞ց այսքան ուժ, կորով, ավյուն, և որտեղի՞ց այսքան եռանդ կուտակված էներգիան բաց օդում պարպելու համար: Մի ելք եմ նշմարում. Ավգյան ախոռներն անցյալում են, և չկա այն առասպելական հերոսը, ով կփոխի Նաիրյան գետերի հունը: Կեղտը փորփորելու ամեն մի փորձ բորբոքում է գարշահոտությունը» («Ղազագիր»), նուրբ դիտողականությունն ու բացախոսությունը («Գեղեցիկ Ձալոն մեր գյուղի ամենակրքոտ կինն էր: Շատ տղամարդիկ էին նրա վրայով անցել, բայց գրեթե միշտ տակն էին մնացել: Էդ օրը, թե ոնց էր եղել, իր մարդու հույսին էր մնացել: Ծմակում բեզարած, հունձից հոգնած, սարի փեշերին ջարդված ու փշրված տղամարդ, մի կերպ ոտքը դրել էր թախտին, հեծել կնոջը ու գլուխը թաղելով փափուկ ստինքների մեջ՝ խճճվել ահռելի ազդրերի արանքում: Կինը փորձել էր հեշտացնել ամուսնու գործը: Հանդարտ վարգել էր. տակին ասես տրոփող, դոփող մադիան ձի լիներ, որ քառատրոփ արագացումով, թվում էր, թե կհասներ նպատակին: Մինչդեռ ձիավորը թույլ-թույլ ոտքերով աքցանել էր մեջքն ու ալիքվելով, անհավես, ուժահատ հրմշտոցով՝ փորատակից ջանացել իր ճլորող խթանի խուտուտով, հեշտագին դարձնել ընթացքը», «Չոչորան» ), գրողական ինքնագիտակցությունը ու ենթագիտակցական զգացողությունը («Ոտքերիս տակ Շնողն էր ու պատռված անտառները, որոնց սրտի մեջ քաղցկեղի պես բուն էր դրել դեղին շիկահողի բորբոսը: Պղնձի հանքերն էին: Ինչ-որ մեկի ախորժակը բավարարելու համար մանկությանս երկիրն իր կյանքով պիտի հատուցեր: Միլիոնավոր տարիներով ստեղծված Աստծո դրախտը՝ մութ անտառներով, վճիտ աղբյուրներով, զրնգուն օդով, ծառ ու ծաղկով, թռչունների ծլվլոցով, կխտարի թառանչով, արջ ու աղվեսի քրթմնջոցով, առվակների զրնգոցով՝ կոպեկի արժեք չունեին: Քանզի բոլորինն էին: Սրտի ինչ բաբախյունով էինք  բացում դրախտի դռները: Երեք ամիս նրա բնակիչն էինք՝ ոտքներս շաղոտ, այտերս կարմիր, ցորնագույն մաշկով, մարմնով կայտառ ու աչքերով պայծառ. մեկ անձրևի մեջ, մեկ ամպի, մեկ էլ կայծակ-որոտի, մեկ էլ թավշյա պայծառ առավոտի, երբ արեգակն էր մեզ գգվանքով շոյում ու թռչուններն էին անուշ երգ ասում» («Մանկության գագաթ») ), առօրեական գեղագիտությունն ու մարդկային սոցիալ-հոգեբանական վիճակը,   «Կողքովս միայն մարդիկ չէ, որ անցնում են: Ժամանակն է անցնում: Բայց էս մեկն ամենևին չէի սպասում: Կաղ մարդ առաջս ընկավ: Տեր Աստված, բա մարդ էնքան մեծանա, որ չոլա՞խն էլ իրենից անցնի… Որ ուշադիր նայեցի՝ ճանաչեցի: Իկոնա Սերոժն էր, Վերնիսաժի ականավոր դեմքերից: Ինքը ո՛չ սուրբ էր, ո՛չ էլ սրբապատկեր, բայց Իկոնա Սերոժ էին ասում: Նրա բիզնեսն ու պիզդեսն իրար հետ էին, քանզի առևտուրն իրականացնում էր սիրուհու հետ համատեղ, որն իր տեսքով, հագուկապով, գունագեղ քսվածքով ու գռեհիկ վարվելակերպով ոչ մի կապ չուներ միջնադարյան սրբապատկերների հետ» («Իկոնա Սերոժը») անկեղծությունն ու ճշմարտախոսությունը («Սիրո մասին եմ գրում, բայց էլի ու էլի սիրո պակաս զգում: Իմ ուզածն ի՞նչ է… բացել գրքերիցս մեկն ու մի պահ կտրվել առօրյա աշխարհից: Ես Ձեզ ամենեւին էլ չեմ կտրում աշխարհից, պարզապես հրավիրում եմ մեկ այլ երկիր՝ իմ հորինած աշխարհը… Ես այն հորինել եմ սիրով, միայն թե վայելքի պակաս ունեմ: Միայն թե էս աշխարհն իմ աշխարհին խանգարում է: Փեշից ձգում է… Կյանքի ճահիճն իր ծանծաղուտն է տանում, որտեղ, ճիշտ է, իրական կյանք է, բայց մեր ուզածը չէ» («Ձեր ոտքը զգույշ դրեք հայոց հողին»)), գեղարվեստական մտածողությամբ  իմաստախոսությունը. «Երևի թե սխալ է սահմանել, թե ինչ է արվեստը, բայց առանձին մարդկանց գոյությունն ինձ գայթակղում է օգտվել սխալվելու հնարավորությունից: Պատմվածքը ևս գրվում է սխալվելու մեծ հավանականությամբ: Այդ պահին գրողը քայլում է եզրով: Նա շատ նման է անդունդի վրայով շարժվող լարախաղացի, ով ամեն պահ կարող է վայր ընկնել: Ես միշտ պատրաստ եմ նման հանդգնության, միայն թե գլխիս մեջ միտք ծագի: Կարևորը մտքի թռիչքն է, որը միշտ չէ, որ քեզնից է կախված… Մնացածը սոսկ տառապանք է, որ միայն և միայն քեզնից է կախված: Մտահղացումը քմահաճ է, նման գյուտի, էվրիկայի, որ կարող է լինել կամ չլինել: Ամեն դեպքում, խնդիր առաջադրելն ավելի դժվար է, քան լուծելը… Մի ակնթարթը, մի բառը, մեկ տողն անգամ բավական են, որ բռնկվեմ» («Կյանքի ծաղիկը» ) ու ռոմանտիկ պոռթկումները՝ «Ես էլ եմ Աստծուն մոտենում: Դժվարն էս աշխարհը լքելն է: Անկարելին էս ծաղիկ լույսից, կանաչ, կապույտ, ծիրանագույն և բազմագույն բնությունից կտրվելն է, հեռու, մոտիկ ընկերներից ու բարեկամներից հեռանալը… Երբ մենակ ես… Երբ մենակ ես մահվան հետ: Մութը քեզ ընկեր չէ, լռությունը ապավեն չէ,  ոչ էլ դադարը՝ կանգառ. շուրջդ անդունդ է, անհատակ վիհ, վերջ, որն անվերջություն է: Եվ մենակ ես այդ ամենի հետ: Այդ պահին, թերևս, մի բան կարելի է ցանկանալ՝ թոթափել մենակությունը, անէանալ, տարրալուծվել… Բայց ինչո՞ւ եմ հիմա մահվան մասին մտածում, երբ առջևս բավականին կյանք կա: Պարզ ջրերի մեջ քարեր են նետում, ահա թե ինչու… Ջրեր են պղտորվում… Ապրելը լավ է, իսկ լավ ապրելն ավելի քան լավ» («Գափոյին սպասելիս»),  փիլիսոփայությունն   ու ներհայեցողականությունը «Մակեդոնացուն ձգտել եմ հասնել մանկուց, իսկ Դիոգենեսին՝ չափահասության տարիքից, երբ գիտության ծարավից խեղդվում էի. ես էլ էի ուզում ապրել տակառի մեջ ու ինձ զգալ, այնպես, ինչպես աշխարհի ամենահարմարավետ կացարանում… Ամենակարևորը սրտում է, որ Դիոգենեսը գտել էր տակառի մեջ, իսկ անկարևորը՝ դրսում, միայն դրսում… Մարդ, որն ազատագրվել էր ինչքից՝ ամեն ինչ կարող էր գտնել, թեկուզ, տակառում: Ժամանակները փոխվել են, գոնե հիմա, ես Դիոգենեսին չեմ գերադասում Ալեքսանդրից. նա Մակեդոնացուն զգուշացնում էր ծաղրածու դառնալուց, մինչդեռ ինքն արդեն իսկ ծաղրածու էր… Այդպես էլ պիտի լիներ. անիրականանալին չիրականացավ: Երկու երազանքս էլ հօդս ցնդեցին. մի պարագայում ուժս պակասեց, մյուսում՝ խելքս… Բայցևայնպես, նրանց օրինակն աշխարհը բարեփոխելու լավագույն կերպը չէ: Երկուսն էլ ուզում էին փոխել աշխարհը, բայց ոչ մեկը չէր ուզում փոխվել, իսկ դրա համար անհրաժեշտ էր ընդամենը չդառնալ աշխարհի ստորության մասնիկը… Ամենուրեք կյանք է, և կյանքից պրծում չկար, նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու և Մեծն Դիոգենեսի պարագայում: Եվ շարժվում են քարավանները դեպի անհասանելին, դեպի քաղաքական, բարոյական, կենցաղային տարաբնույթ ոստայններ, որտեղ և խճճվում, թպրտում, լռվում են խիղճը, սիրտն ու հոգին, որտեղ թեև կար բարեկեցություն, բայց չկար ազատություն, արդարություն, խաղաղություն… և իհարկե, վերադարձի ճամփա…» («Ղազագիր»), միջանկյալ մանրապատումներն ու խոհաշեղումները՝ «Տախտակները քաշեցին ու դագաղը վեր բարձրացրին: Մահվանից մեկ ամիս ավել էր անցել: Կափարիչը մի կողմ տարան: Ե՞վ… Այն ինչ տեսան՝ վեր էր սպասածից… Հանգուցյալի վրայից դարչնագույն ամպ պոկվեց: Սրճագույն մեծ գլուխներով մժեղանման միջատներ էին, որ ամպի տեսքով բարձրանում էին, սակայն և, նույն պահին ևեթ, լույսից խոցված՝ ցած  թափվում: Մարդկանց գլխին մահվան անձրև էր թափվում. ձեռքերի անկանոն շարժումներով փորձում էին ետ վանել անդրաշխարհիկ այցելուներին… Հետո հասկացան եղելությունը: Դրանք նեխած մարմնից սերված դարչնագույն թրթուրներ էին, որ փոխակերպվել էին մեծ գլխով ու թևավոր մարմնով թիթեռ զեռունների… թիթեռի թևով անգամ ապրել էին ուզում: Իզուր: Նրանց կյանքը մահվան մեջ էր: Առավել սարսափելին, որ տղան տեսավ, ննջեցյալ հայրն էր: Լխկած ուղեղը, երկու սպիտակ առվակով, քթի անցքերից դուրս էր հոսում… » («Զավակի մահը») և այլն, գրելուց առաջ կապույտով ավելացնեմ՝ ժողովրդական ոգու թևերով անցնող տարերքը: Արժի նշել նաև Ջավախյանի գրականության առանձնահատկություն հանդիսացող մտերմիկ ոճը, որն ապահովում է տարբեր ճաշակի  ընթերցողների անմիջական  հաղորդակցությունը:

Գրականագետները մինչ օրս Լևոն Ջավախյանին  անդրադարձել են որպես գրական փոքր ծավալի ստեղծագործությունների՝ պատմվածքների ու էսսեների խորահմուտ հեղինակի, բայց դրանք իրապես շարունակաբար ամբողջացող վեպի պատումներ են՝  նոր ժամանակներին համահունչ ու համընթաց մեր կյանքի վիպային հարաշարժ տեսիլում: Սա է թերևս ի նկատի ունեցել ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, երբ նախանշում էր Լևոն Ջավախյանի տեղը նորաոճ գրականության զարգացման հեռանկարում, ուստի վստահաբար կարելի է բանաձևել կարճ ու հստակ՝ նորաոճ աստիճանավորված շարժումում (պատումներ, էսսեներ, ակնարկներ) ամբողջացող (վեպ) գրականություն:

Չսրբագրված ժամանակի գեղարվեստը:  Վերջին երկու տարում Հայաստանում, հետևաբար և Լևոն Ջավախյանի  անձնական կյանքում բուռն իրդարձություններ եղան: Գրող Լ. Ջավախյանի անձնականն ու գրական կյանքն այնպես շաղկապված ու միահյուսված են, որ  դժվար է զատել միմյանցից, և հենց սա էլ հանգեցրել է այն զուլալ բնականությանը, որ գրականության մեջ կոչվում է մարդկային խղճի հետ զրույց՝ գրական տեքստ, ինչը և ներկայանալի է որպես Լևոն Ջավախյանի գիր իր ժողովրդային անպաճույճ, բայց խորը խոհական առանձնահատկությամբ. «Կյանքում ամենաանհավատալին մահն է: Դրա համար էլ մարդիկ հավատ են ստեղծել: Մենք՝ լոռեցիներս, քանի որ խորապես հավատացյալ չենք, հավատին կից Կիկոս ենք ստեղծել ու շատ դեպքերում նրան հավատացել: Կիկոսի մեջ հաշտ ու խաղաղ ապրում են կյանքն ու մահը: Թումանյանը նրա մեջ մահը տեսավ, ես էլ փորձում եմ կյանքը տեսնել...» («Այսպես խոսեց Կիկոսը»):

 30/12/2019, «Գրական թերթ»-ի հարցին, թե «Համակարծի՞ք եք, որ ժամանակակից գրականությունն ամեն օր պարտվում է քաղաքականությանն ու մեդիային» պատասխանել եմ՝  «Ո՜չ: Գրականությունը երբեք չի պարտվում: Այն գոյում է ժամանակի անսպառ կենսաէներգիայից սնվող ոգով: Ցանկացած ժամանակաշրջան բերում է իր գրականությունը, որը, բնականաբար, արտացոլանքն է առկա իրողությունների գեղարվեստական ընկալման: Գրականությունն այսօր ազատ է ու անկանոնիկ իր զարգացման ու դրսևորումների մեջ, ինչն էլ հաճախ դժվարացնում է որոշել գրական ստեղծագործության ժանրային պատկանելությունը: Ժամանակակից գրականության առաջընթացը մշակութային տարբեր ոլորտների սերտաճումով է պայմանավորված: Գրական ժանրը հաճախ տարաբնույթ ժանրերի փոխներթափանցումից առաջացած հիբրիդային տեսակ է, որը համաշունչ է նորագույն մտքի և արագությունների դարին, որտեղ ժամանակը միշտ սղության մեջ է և օդ ու ջրի պես անհրաժեշտ է օպերատիվ ու բազմաբովանդակ տեղեկատվությունը` ժամանակի սրընթաց հոսքը մեկնելու»: Եվ երկրորդ՝ «Ընդհանրապես գրականությունն ունի ոչ միայն թելադրելու, կրթելու, ընդվզելու, այլև թելադրվելու, կրթվելու ունակություն: Այս հակադրություններում էլ ձևավորվում է արդի գրականությունը, որն առաջին պլան է մղում հիբրիդային նոր գրական ժանրեր, որոնցից է Լևոն Ջավախյանի պատմվածք - ակնարկային` ժամանակի հետ հարահոսվող արձակը, որի բովանդակային, տեղեկատվական, մեկնաբանական արժեքը «Ֆուխարայի հալը» գիտցողի իմաստությունից է գալիս, բնականաբար, նրա գրականության ոգեղեն բարձրությանը չեն կարող հասնել, հետևապես և մրցակցել քաղաքականությանն ու մեդիային իրենց կիրառական գործառույթներով»:

Սակայն չսրբագրված ժամանակի անմիջական գրական արտացոլանքը ինքնաբերաբար ունենում է «սևագրի անհղկությունը», ինչքան էլ այն կատարյալ լինի, այնպես որ Լևոն Ջավախյանը չի խուսափել դրանից (անդրադարձս մամուլում վերջին շրջանի հրապարակումներին է վերաբերում),  և այնպես է ստացվում, երբ ստեղծագործության շարժառիթը՝ առանցքային ասելիքում ներառվում է մի շարք իրար հաջորդող նոր միտք – ասելիք, որը երբեմն  հանգեցնում է  նպատակամետ ասելիքի տարրալուծում ընդհանրականի մեջ, չնայած որ ամեն մի առանձին միտք կարող է ինքնուրույն գործի հիմք դառնալ:

Վիպական ժամանակների զավեշտն ու լրջությունը: Լևոն Ջավախյանի վերջին շրջանի գործերից է «Լռության ձայնը» ստեղծագործությունը՝ որպես պայթող լռություն, որի հարվածային ալիքը հոգևոր մտորումների տեղիք է տալիս: Վերնագիրն իսկ հուշում է, որ այն ինչ-որ եզրակացության հանգեցնող մտածումների ծնունդ պետք է լինի: Արձակագիրը, վերապրելով իր բոհեմիկ կյանքը, որը կաֆե - ակադեմիական կրթարան էր նրա համար, ու ներկայացնում  է Արմեն Մարտիրոսյանի բոհեմիկ խենթություններից մի դրվագ, որից ածանցվող ասելիքը որոշակի ընդհանրական օրինաչափություն  է՝ ճշմարիտ իմաստության  հանգող: Ջավախյանը, գեղարվեստի լեզվով նուրբ  ու անբռնազբոս զրուցելով, ցույց է տալիս, որ աշխարհում ճշմարտություն տեսնողն է Քրիստոս դառնում:  Ճշմարտությունն է միակ ու իսկական ջուրը , որի վրայով կարող ես քայլել ու չխորտակվել: Ջավախյանի  խոսքը հիմնականում ոչ թե բացահայտում, այլ  ներկայացնում  է ճշմարտությունը. «Իմ ասելիքը ավարտ չունի: Իմ վերջակետը հաճախ բազմակետն է, շարունակվող լռությունը... Չգիտեմ էստեղ ո՞նց, բայց մեր գեղում թամամ խոսքն էշին են ասում... Իմ գրությունները ո՛չ մարգարեություն են և ո՛չ էլ Հովհանու Ավետարան: Պարզապես լռին միջոց է հաղորդակցվելու մարդկության հետ»: Սակայն նրա գիրը՝ կյանքից բխող, այնքան օրգանական է շարունակվում տեքստում, որ թվում է՝ ամեն ինչ ծամել դրել է բերանդ, այնինչ տանում  է դեպի ճշմարտություն, հաճախ էլ նրա միջով անցկացնելով՝ քեզ վերածում հայտնվածդ զգայաիրադրության խոհուն լրացնող,  անբաժան մաս, որովհետև քեզ զգում ես կամ էլ նմանեցնում տվյալ միջավայրի գործող անձերից մեկը: «Արմեն Մարտիրոսյանը օրերից մի օր Պապլավոկում էնքան էր խմել, որ բանաստեղծ լինելը քիչ էր համարել...Երևի օղին էր դուխ տվել: Ասել էր` էլ բանաստեղծ չեմ...  Խիստ էինք զարմացել: Արմենը նրանցից էր, ով  զօր ու գիշեր ստիխներից էր խոսում, ոնց որ Չարենցը... Ասել էինք, բա ի՞նչ ես... Ասել էր, ուզու՞մ եմ ջրերի վրայով քայլեմ... Ու՞մ մտքով կանցներ... Պապլավոկի առջև արհեստական լիճ կար: Մինչև հա ու չէ կանեինք՝ Արմենը դուխով, հույսով ու հավատով ոտքը դրեց ջրերին: Հավանաբար իր հավատի վրա այնքան էլ վստահ չէր: Ջուրը չներեց: Քայլ անելն ու չլմփոցով լճի մեջ ընկղմվելը մեկ եղավ: Նա էր հարբած, հո մենք հարբած չէինք. ձեռքներս մեկնեցինք ու Արմենին լճից հանեցինք: Բայց այդքանից հետո էլի մեջքը գետնովը չէր տալիս: Ասում էր. -Ջուրը կեղծ էր...»: Այս փոքրիկ դրվագը ինչքա՜ն ընդգրկուն ու բնութագրական է հայկական ներկա վիպական ժամանակների համար, երբ անիրական ցանկությունների ձախողման պատճառը բոլորն են , բայց ոչ երբեք անհատը, որն առաջինը ինքն է իր մեջ տեսել կուռքին. «Եվ խիստ հիասթափություն է ապրում, երբ մեկ էլ նկատում է, որ մարդիկ փոխարեն իրեն երկրպագեն, ընդհակառակն, իրենից հիասթափվել են... Մինչդեռ նրան ձեռքերի վրա էին բարձրացրել. բարձրացրել ու աստվածացրել... Դանդաղ, բայց սահուն ընթացքով հիասթափվում են, հիասթափվում են բոլորը՝  հարուստներն ու աղքատները, մերժվածներն ու լքվածները, ընդոծիններն ու օրինածինները, բարիշտներն ու ամբարիշտները, մերձավորներն ու  հեռավորները, նախկին ու ներկա զինակիցները, ընկերներն ու բարեկամները... Այդ ամենը գլխացավանք է բերում, անգամ երբ գլուխ չկա: Բողոքը կուտակվում, կուտակվում,  ձյան պես իջնում է շենքերի տանիքներին, ծառերի ճյուղերին, մայթեզրի քարերին, դատարկ գլուխներին, երկար թարթիչներին, թաց ուսերին... Իջնում է, իջնում՝ դարսդարսվում... Լռությունը սեղմվում է: Այնուամենայնիվ, ճշմարտությունն իր մեջ է, թերևս այդպես է կարծում...Մնացյալը՝ կեղծիք, սուտ, ուղեղի բորբոս...»: Պարադոքսալ է այսօրվա վիպական ժամանակը, որովհետև կարծես թե վիպականի հետ կապ չունեցող բողոքն ու հիասթափությունը հայտնվել են առաջին պլանում: Հետևաբար խզումը իրականության և ճշմարտության միջև շատ ակնառու է ու աչք ծակող, և զավեշտալին մանավանդ այն է, որ ասես ոչ ոք չի տեսնում, թե ինչպես է այդ խզումը իր պորտով անցնում, ու ամեն ոք անխտիր գիտի՝ ինքն անփոխարինելի է, և Ջավախյանի «Չոչորան»-ի Ձալոյի պես կամեցող. «Ամեն Աստծո օր,- ասում էր,- աղոթում եմ, Աստոծ, Աստոծ կանչում, որ մեր գեղումը ինձանից լավ մի բոզ մեյդան ընգնի, որ գեղացիք ինձ մոռանան… Բայց գեղեցիկ Ձալոյին գերազանցելը զոռ էր: Նա անկողնում երկու մարդու գործ էր անում»: Համենայնդեպս Լևոն Ջավախյանի համար մեր ժամանակները մի ճանապարհ ունեն՝ սիրո ճանապարհը, չնայած այն թաղված է ատելության ավերակների տակ, որտեղից, ինչպես «Գափոյին սպասելով» պատմվածքում է գրում, պարզ ջրերի մեջ քար են նետվում: Դրանցից մեկը թերևս լեզվի գեղագիտության նահանջն է, երբ ազգագրությանը, ժողովրդական բանահյուսությանը փոխարինելու է գալիս նոր ամբոխալեզուն կամ ավելի պարզ՝ շեղալեզուն /ժարգոն/, այստեղ է, որ գրողն ընտրության առջև է կանգնում, ինչ անի, առաջին՝ հարազատ մնա կանոնարկված գեղարվեստական լեզվի՞ն, թե՞ ընդունի երկրորդ տարբերակը՝ տրվելով միջավայրի լեզվին, որտեղից սնվում է գրողի ասելիքը: Լևոն Ջավախյանը հիմնականում առաջնորդվում է երրորդ տարբերակով, այսինքն՝ իր խոսակցական լեզվով, որն ամենի սինթեզն է. «Իմ շուրջ ծավալվում են գործողությունները, և էստեղ ստեղծվել է մի յուրահատուկ լեզու, որը չէի ասի, թե գրական լեզու է, չէի ասի, թե բարբառ է: Դա իմ լեզուն է, իմ խոսակցական լեզուն: Ես որ սկսել եմ գրել, սովորել եմ ուրիշների վատ գրածի վրա: Կարդացել եմ էդ գործերն ու հասկացել, թե ինչպես է պետք գրել, որ դրանց նման չլինի: Գրականությունը հավատքի նման բան է ինչ-որ տեղ: Եթե ընթերցողը հավատում է, հետևիցդ կգա, գիրդ կկարդա: Եթե չի հավատում, չի գա: Դրա համար ես ձեռքս դրել եմ սրտիս, իմ մեջ խորհուրդ արել ու որոշել՝ միայն ու միայն գրել անկեղծ: Դրա համար էլ ես չէի կարող ուրիշ հերոս ստեղծել: Իմ անձի շուրջ ծավալվում են և՛ գործողությունը, և՛ աշխարհը: Գրականությունը հնարանքի ոլորտ է, բայց իմ գրածի մեջ հնարանք չկա: Պարզապես ինձնից «ուստա» գրողները կարողացել են էնպես հնարել, որ հավատ են ներշնչել ընթերցողներին: Ես էդպես չէի կարողանա, դրա համար ուղիղ կապով եմ գնացել» («Հայրենիքը սահման ունեցող բան է, գրականությունը սահման չունի», «Իրատես»-ի հարցազրույցը Լ. Ջավախյանի հետ): Իսկ քանի որ Լևոն Ջավախյանի ստեղծագործությունների  գլխավոր հերոսն ինքն է, ուստի նա  գրի մեջ էլ պիտի մնար պարզ, ամիջական ու անկեղծ, ինչպես որ կյանքում է, ու ամենակարևորը, հարազատ մնալով ստեղծագործությունը ներկայացնելու իր որդեգրած չափորոշիչին՝ իրավիճակին անհարիր ու հնարովի լեզվով չարտացոլեր ասելիքը:

Վերջաբանի փոխարեն: 2018 թվականին լույս տեսած «Ծնկան ծերին» գիրքը, ըստ իս, Լևոն Ջավախյանի շարունակական վեպի՝ «Ծնկան ծերին» վերնագրված հերթական գլուխն է: 2018թվականին Հայաստանում աշխարհացունց ու հեղափոխական իրադարձություններ տեղի ունեցան, ուստի Լ. Ջավախյանի շարունակական վեպը պիտի հարստանար  նոր գլուխներով՝ դառնալով մեր օրերի չսրբագրած համայնապատկերը: Լևոն Ջավախյանի նորօրյա գիրը վավերագրի արժեք ունի, այն լույսով է գրված.«Մեր աշխարհում մի սար կա, որին Սուրբ Լիս են ասում: Էդ սարից իջած միպտղունց ճրագ էի»:

Հակոբ  Հարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter