HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նորակառույցի կառուցապատողը հրաժարվում է պոմպակայանը հանձնել Ջրային կոմիտեին. բնակիչները բողոքում են

Հենրի Ստեփանյանը 2018թ.-ին բնակարան է գնել Նոր Նորքի Ն. Ստեփանյան փողոց 3/6 նորակառույց շենքում, սակայն բնակարան տեղափոխվելուց հետո պարզվել է, որ շենքի ջրամատակարարումն իրականացնում է կառուցապատող «Օլիմպ քնսթրաքշն ընկերությունը», այսինքն՝ շենքը չի հանձնվել Ջրային կոմիտեին, եւ շենքի բնակիչները չեն հանդիսանում «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդներ։

Հենրի Ստեփանյանի Ջրային կոմիտե ուղարկված հարցման պատասխանում նշված է, որ պոմպակայանը, նախքան կոմիտեին հանձնելը, պետք է համապատասխանի չափանիշներին՝ ունենա սեփականության իրավունքի վկայական, առանձնացված մուտք, առանձին էլեկտրասնուցման հաշվիչ։ Իսկ այս շենքի պոմպակայանն ունի առանձին հաշվիչ, սեփականության վկայական, սակայն առանձնացված մուտք չունի։ Պոմպակայանի մուտքն ավտոկայանատեղի տարածքով է։

Հենրին ասում է, որ շենքի նախագծով պոմպակայանը դրսից պետք է ունենար առանձին մուտք, սակայն կառուցապատումից հետո պարզվեց, որ չունի այդպիսի մուտք։ Շենքի վերելակների վրա մինչև հիմա փակցված են նախագծի նկարները։ Այնտեղ երեւում է առանձին մուտք ունեցող պոմպակայանի տարածքը։

Շենքի ավարտական ակտը ստորագրել են ինչպես Քաղաքաշինության կոմիտեն, այնպես էլ մատակարար «Գազպրոմ Արմենիա», ՀԷՑ, «Վեոլիա ջուր» ընկերությունները։

Ինչից են սկսվել դժգոհությունները

Բազմաբնակարան շենքը 140 բնակարան ունի։ Կառուցապատող «Օլիմպ քնսթրաքշն» ՍՊԸ-ն բնակիչներին առաջարկել է զբաղել շենքի կառավարմամբ։ Բնակիչները չեն համաձայնել։

«Կառուցապատող ընկերության նախագահ Արամ Տեր-Խաչատրյանի հետ տարաձայնություններ ունեցանք, ուզում էինք, որ գրանցվի ֆիրմա եւ օրինականության սահմաններում սպասարկում լինի։ Հետո մենք բնակիչներով օրինական ընկերություն ստեղծեցինք՝ «Սմարթ» համատիրություն, շենքի սպասարկումն ավելի մատչելի իրականացնելու համար»,- ասում է համատիրության ղեկավար ընտրված Հենրի Ստեփանյանը։

Բնակիչները ջրի վարձը տալիս էին կառուցապատողին

Շենքի կառուցապատման ընթացքում տեղադրվել է հաշվիչ, որտեղ հաշվարկվում է շենքի ջրօգտագործման ամբողջական ծախսը։ Բնակիչներն իրենց բնակարաններում տեղադրված ջրաչափերի ցուցմունքով վճարում են «Օլիմպ քնսթրաքշնին», վերջինս էլ գումարը փոխանցում է «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Արդեն մի քանի ամիս է՝ շենքի բնակիչները ջրի վարձ չեն կարողանում վճարել, քանի որ կառուցապատողն այլեւս գումար չի հավաքում։

Շենքի բնակիչների մեծամասնությունը, ըստ «Սմարթ» համատիրության ղեկավարի, պահանջում է ունենալ անհատական բաժանորդային քարտեր, ստուգված, ստուգաչափված հաշվիչներ, որպեսզի կախում չունենա որեւէ մեկից։ Իսկ կառուցապատողը նշել է, որ այդ դեպքում համատիրությունն էլ պետք է հավաքի ջրի վարձերը եւ վճարում կատարի։

«Ջրի վարձ հավաքելը համատիրության գործը չէ։ Եթե համատիրությունը չկարողանա բնակիչներից գումարը հավաքել, մի մասը, որոնք պարտաճանաչ են վճարում, կարող են ջրազրկվել։ Ինքը սկսեց գումարները չհավաքել, որ կուտակվի էդ պարտքը, որոշ ժամանակ կուտակվելուց հետո դիմել է «Վեոլիա ջուր», ասել ջրանջատում արեք, ինձ էդ հաշվիչը պետք չի, ինչպես նաեւ, առանց համատիրության կարծիքը հարցնելու, դիմում է ուղարկել «Վեոլիա ջուր» որպեսզի գլխավոր հաշվիչն ու ջրագիծն անվանեն «Սմարթ» համատիրության անունով»,- ասում է Հենրի Ստեփանյանը։

«Վեոլիա ջուր» ընկերությունը հրաժարվում է սեփականատերերին դարձնել անհատական բաժանորդներ

Կառուցապատող «Օլիմպ քնսթրաքշն» ընկերությունը մի քանի անգամ դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի շենքի բնակիչները դառնան բաժանորդներ, սակայն ընկերությունը տեղեկացրել է, որ անհատական բաժանորդային քարտերի բացման հարցին ընթացք կտրվի ջրամատակարարման եւ ջրահեռացման արտաքին համակարգը, պոմպակայանն ու դրա սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին հանձնելուց հետո։ Ընկերությունն ավելացրել է նաեւ, որ գրանցման համար պետք է դիմել Ջրային կոմիտե։

«Մեզնից հավաքել են սեփականության վկայականներ եւ անհրաժեշտ փաստաթղթեր։ Համատիրությունը ստորագրահավաք է անցկացրել, որպեսզի դառնանք բաժանորդներ, սակայն գործընթացն առաջ չի գնում»,- ասում է համատիրության նախագահը։

Կառուցապատողի եւ Ջրային կոմիտեի մեջտեղում

«Սմարթ» համատիրության՝ ուղարկած հարցման պատասխաններից մեկում Ջրային կոմիտեն տեղեկացրել է՝ քանի որ կառուցապատումն իրականացվել է մասնավոր ընկերության կողմից, ապա կոմիտեն ավարտական ակտի հետ որեւէ առնչություն չունի, ինչպես նաեւ նշել է՝ քանի որ պոմպակայանը չի հանձնվել Ջրային կոմիտեին, եւ որպես պետական գույք ամրացվել, հետեւաբար շենքի ջրամատակարարման համակարգի բաղկացուցիչ մաս կազմող գույքի վերաբերյալ որեւէ արձանագրություն կազմելու իրավասություն չունի։ Նշել է, որ կարող են դիմել հատուկ մասնագիտացված փորձագիտական կազմակերպության։

«Հետքի» հետ զրույցում Ջրային կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանը նշեց, որ իրենք որեւէ լծակ չունեն կառուցապատողին ստիպելու պոմպակայանը հանձնել. «Կառուցապատողը կնքել է պայմանագիր մատակարար «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Վեոլիան» ասում է, որ կարողանա պոմպակայանը շահագործել, անհրաժեշտ է, որպեսզի այն ունենա էլեկտրաէներգիայի հաշվիչ, առանձին մուտք, էս, էս, էս բաները, տեխնիկական պահանջները։ Մենք ինչում ենք մեղավոր, որ պոմպակայանը առանձին մուտք չունի, գործընթացն արել են, բայց կոմիտեն տեղյակ չէ, մեր իրավասության շրջանակում չէ, սա կառուցապատողի իրավունք է, ինքը պետք է կառուցապատման տեխնիկական վերահսկողության իրականացներ, տարբեր կառույցներ պետք է անեին, վրիպակները պետք է բացահայտվեին»,- ասում է Արմեն Սերգոյանը։

Ով է պոմպակայանի սեփականատերը

Շենքի բնակիչները, երբ պոմպակայանը Ջրային կոմիտեին հանձնելու համար ստորագրահավաք են կազմակերպել, չեն իմացել, որ պոմպակայանը շենքի ընդհանուր օգտագործման տարածքը չէ։

«Սմարթ» համատիրությունը միայն մայիսի սկզբին է իմացել, որ պոմպակայանի (Նոր Նորք Ն. Ստեփանյան փողոց 3/6 շենքի 282 եւ 283 հասցեներ) սեփականության իրավունքը պատկանում է «Օլիմպ քնսթրաքշն» ՍՊԸ-ին և շենքի սեփականատերերը որևէ իրավասություն չունեն դիմելու Ջրային կոմիտե և պահանջել, որպեսզի ընդունի պոմպակայանը իր ենթակայության ներքո։

«Մենք մի քանի անգամ խոսել ենք կառուցապատող ընկերության տնօրեն Արամ Տեր-Խաչատրյանի հետ, վերջինս բազմիցս տեղեկացրել է, որ դեմ է իր պարկինգը (նույն տարածքում է պոմպակայանը) հանձնել «Վեոլիա ջրին»։ Մենք մի քանի հարեւանով առաջարկել ենք գնել, բայց ինքը՝ որպես կառուցապատող, պարտավոր է հանձնել Ջրային կոմիտեին, սակայն ասում է՝ իմն է տարածքը, չեմ հանձնում»,- ասում է Հենրի Ստեփանյանը։

Պոմպակայանի ծախսած էլեկտրաէներգիայի համար այժմ վճարում է համատիրությունը։

«Մենք երբ ստորագրում էինք, որ համաձայն ենք պոմպակայանը Ջրային կոմիտե հանձնելուն, չգիտեինք, որ այն ինչ-որ մեկին է պատկանում, ոչ թե համատեղ օգտագործման տարածք է, հիմա փաստացի բնակիչները հանձնելու բան չունեն։ Հիմա ջրի վարձ չենք վճարում, վճարել ենք, մինչեւ այն պահը, երբ ասաց, որ չենք կարող դառնալ «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ, ստացվում է, որ ես ջուր եմ առնում մեկ այլ բաժանորդից, ու անօրինական է սա»,- ասում է շենքի բնակիչ Տիգրան Սարիբեկյանը։

«Հետքի» հետ զրույցում կառուցապատող ընկերության տնօրեն Արամ Տեր-Խաչատրյանը նշեց, որ գոյություն ունեցող ջրի եւ կոյուղու կենտրոնական մագիստրալը, որը անցնում է փողոցում նախկինում եղել է «Օլիմպ քնսթրաքշնի» անունով, ըստ նրա՝ համատիրությունն այն պետք է ընդունի. «Պետք է գնա «Վեոլիա ջուր» անվանափոխեն համատիրության անունով, հետո շարունակությունը կլինի պոմպակայանը հաձնել «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Չեն ուզել անել։ Ինքը պարտավոր է ընդունել գլխավոր ջրագիծը»,- ասաց Արամ Տեր-Խաչատրյանը։

Իսկ այն հարցին, թե որտե՞ղ է նշված, որ համատիրությունն է պարտավոր ընդունել ջրագիծը, չէ որ պոմպակայանի սեփականությունը, ըստ Կադաստրի կոմիտեի, պատկանում է «Օլիմպ քնսթրաքշնին», վերջինս պատասխանեց. «Աղջիկ եք ու լրագրող եք, ձեր խաթր եմ էսքան ժամանակ տրամադրում, դիմեք իրավաբանի, պոմպակայանը ես պետք է նվիրեմ «Վեոլիա ջրին», բայց մինչեւ իմ նվիրելը համատիրությունը պարտավոր է ընդունել ջրային համակարգը»։

«Սմարթ» համատիրության ղեկավար Հենրի Ստեփանյանը ասում է, որ համատիրությունը որեւէ պարտավորություն չունի ջրագիծն ընդունելու, իսկ եթե անգամ ջրօգտագործման հաշվիչն անվանափոխվի համատիրության անունով, միեւնույն է, շենքի բնակիչները չեն կարող դառնալ «Վեոլիա ջուր» ընկերության սեփականատերեր։

«Եթե պիտի հանձներ պոմպակայանը, ինչու մինչեւ համատիրության ստեղծումը չի արել կամ մինչեւ շենքի բնակեցումը»,- ասում է համատիրության ղեկավարը։

Փաստաբան Աշոտ Սաֆարյանի պնդմամբ՝ շենքի յուրաքանչյուր բնակչի իրավունքն է ունենալ ջրամատակարարում. «Մարդիկ տուն են առել, պետք է ամեն ինչ հարմարավետ լինի։ Բայց պարզվում է, որ պոմպակայանը որեւէ անձի սեփականությունն է, եւ նա կարող է ցանկացած պահի անջատել ջրագիծը։ Ախր 20 կնիք կա ավարտական ակտի վրա, հասկանում եք, բոլորը ձեռքերը լվանում են»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ շենքի խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։

Ով պետք է վերահսկի պոմպակայանը Ջրային կոմիտեին հանձնելու գործընթացը

Ջրային կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանը պնդում է, որ Ջրային կոմիտեն պոմպակայանում առկա խախտումների մասին չի կարող որեւէ արձանագրություն կազմել, քանի որ ինքն առաջնորդվում է «Վեոլիա ջուր» ընկերության պահանջներով.

««Վեոլիա ջրին» ասում ենք՝ մեզ հետ կնքած պայմանագրով կրում ես քեզ հանձնված գույքի շահագործման պարտավորությունները, հետեւաբար քեզ ենք հանձնելու սա, եթե համաձայնություն տալիս ես, ասում ես՝ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, մենք կընդունենք, եթե խնդիր կա, թող էդ մարդիկ վերացնեն»։

Հենրին դիմել է Քաղաքաշինության կոմիտե, որտեղից պատասխանել են, որ բազմաբնակարան շենքերի խախտումների վերաբերյալ բազմաթիվ արձագանքներ են ստանում, եւ խնդիրները կարգավորելու նպատակով «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվելու։

Իսկ Նելսոն Ստեփանյան 3/6 շենքի նախագծային լուծումներից շեղումների վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն նշել է, որ դիմելու է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարան։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Քաղաքաշինության վերահսկողության բաժնի պետ Արտաշես Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ տեսչական մարմինը ավարտական ակտ կազմելուց հետո խախտման դեպքում որեւէ գործողություն չի կարող կատարել, պատասխանատու մարմինը դառնում է համայնքապետարանը։

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով  բնակելի շենքերի նորմերի լիազորությունը համայնքապետարանինն է, տեսչական մարմինը վերահսկողությունը կատարում է շինարարության ընթացքում։ Ավարտական ակտը, որ լինում է, արդեն պետք է վիճարկվի դատական կարգով։ Հնարավոր է նաեւ պոմպակայանը եղել է նորմերով կառուցված, քանի որ եղել է դրական եզրակացություն «Վեոլիա ջրի» կողմից, հետո կարող է կառուցապատողը փոփոխություններ է արել։ Շատ բաներ կարող են փոխվել»,– ասում է Արտաշես Սարգսյանը։

Իսկ Երեւանի համայնքապետարանը եւս իր վրա չի վերցնում հարցի կարգավորումը, «Սմարթ» համատիրության հարցման պատասխանում համայնքապետարանը հղում է կատարում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքին, նշում է, որ օրենքը գործում է համայնքների համար, եւ յուրաքանչյուր դեպքի համար տրամաբանական չէ առանձին պատասխան տալը։

Պետական կառույցների ոչ մի պատասխանում չկա նաեւ որեւէ նշում՝ ջրագիծը համատիրության կողմից ընդունելու պարտավորության մասին։

Մեկնաբանություններ (3)

Վարդան
Սմարթ համատիրությունը սույն թվականի փետրվարին համատիրության գումարները չվճարովների նկատմամբ դրսևորել է է ինքնիրավչության հատկանիշներ` կոնկրետ հարկերում անջատելով վերելակը։ Սեփականատերերը դիմել են ոստիկանություն, և ոստիկանների միջամտությամբ միայն վերականգնվել է վերելակի աշխատանքը։
Վարդան
Սմարթ համատիրությունը հրաժարվում է բնակիչներին տրամադրել իր գործունեության վերաբերյալ փաստաթղթեր` մասնավորապես անդամավճարների ձևավորման հետ կապված հիմնավորումներ, որի հետևանքով հավաստի կասկած է առաջանում, որ վերջինս կատարում է չարաշահումներ։ Նելսոն Ստեփանյան 3/6 շենքի բնակարանի սեփականատեր Ա. Տեր-Խաչատրյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Սմարթ համատիրության` վերջինիս գործունեության հետ կապված փաստաթղթերի պատճենները տրամադրելը պարտավորեցնելու մասին։ Կից հղումը http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204009800
Վարդան
Հոդվածը ամբողջությամբ սուտ է, քանի որ Օլիմպ քնսթրաքշն ընկերությունը շուրջ 1 տարի է, չկարողանալով ստանալ համատիրության համաձայնությունը պոմպակայանը հանձնելու մասին,դեռևս 2019թ. սեպտեմբերին դա պարտավորեցնելու խնդրանքով հայցով դիմել է դատարան։ Կից ապացուցող հղումը http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203974003

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter