HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը Կապանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կապանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է

«Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Այս ահազանգերից քիչ անց փաստաբանները կրկին տեղեկացրել են, որ արգելանքի վերացված անձանցից երկուսն արդեն գտնվում են քննչական մարմնում:

Փաստաբանների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ բերման ենթարկված և ազատ արձակված անձի վրա առկա են մարմնական վնասվածքներ, Ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տնից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Ըստ ահազանգի՝ նա ներկայում հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին:

Մենք մանրամասն ուսումնասիրել ենք նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները:

Ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թե ՛ կենտրոնական մարմինը, թե՛ Սյունիքի մարզային ստորաբաժանումը նախաձեռնել են անհրաժեշտ քայլեր: Աշխատանքներ են տարվել Ոստիկանության և քննչական մարմինների հետ: Կապի մեջ ենք փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: Այս անձի հարցով մենք կապի մեջ կլինենք քննչական մարմնի հետ:

Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ Ընդ որում, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև:

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի Դատախազություն և Ոստիկանություն։ Փաստաբանները նշել են, որ ահազանգից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին առավոտյան կներկայացնեն լրացուցիչ գրավոր բողոք, ինչը նույնպես հաշվի կառնվի մեր գրավոր պահանջները կազմելիս:

Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»։

Լուսանկարը՝ 168.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter