HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՏՄՊՊՀ նախագահ. «Ամեն գնի բարձրացման պարագայում մենք չենք կարող միանգամից վարույթ սկսել, պետք է հատկորոշենք տնտեսվարող սուբյեկտի դիրքը շուկայում»

Խորհրդարանում, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, հրավիրվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներ:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ 2019-ն իրենց համար անցումային տարի է եղել, քանի որ ՏՄՊՊՀ նոր կազմն է ձևավորվել, փոխվել է հանձնաժողովի կարգավիճակը:

«Սահմանադրական փոփոխություններից հետո հանձնաժողովը, որպես ինքնավար մարմին, իր յոթ անդամով առաջին անգամ ընտրվեց խորհրդարանի կողմից և նոր կարգավիճակով սկսեց իր գործունեությունը: Իմ առջև առաջին խնդիրը դրված էր վստահության ամրապնդումը դեպի հանձնաժողով»,-ասաց նա:

Գևորգյանի խոսքով` ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, տնտեսական մրցակցության հանձնաժողովների կատարած աշխատանքներն իրենց ազդեցությունն են թողնում տնտեսական աճի և ընդհանրապես տնտեսության զարգացման վրա:

«Մի փոքր վիճակագրություն ներկայացնեմ` հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ 2017, 2018 թվականներին չեն եղել վարույթներ, 2019-ին եղել է երկու վարույթ, գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017-ին ունեցել ենք հինգ վարույթ, 2018-ին` երեք, 2019-ին` քսան վարույթ: Համակենտրոնացումների հայտարարագրում` 43, 25 և 30 վարույթ, չհայտարարագրված համակենտրոնացումներ` 23, 7 և 8 վարույթ: Անբարեխիղճ մրցակցությունը, որը ամենատարածվածն է մրցակցության ոլորտում, 2017-ին 55, 2018-ին` 35 և 2019-ին` 57 վարույթ է եղել: Պետական մարմինների հակամրցակցային գործողություններ` 2017, 2018 թվականներին ունեցել ենք 0 վարույթ, 2019-ին` վեց վարույթ»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` հակամրցակցային համաձայնությունները մրցակցության ոլոտում ամենածանր իրավախախտումներն են, և այս դեպքերի բացահայտման համար հանձնաժողովը չունի բավարար գործիքակազմ:

«Որովհետև այսօրվա գործիքակազմով հիմնականում պոստ ֆակտում ենք բացահայտում, անհրաժեշտ է մեծ գործիքակազմ, որպեսզի կարողանանք տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը բացահայտենք, այնտեղ տեսնենք ուղղակի կամ անուղղակի պայմանավորվածություն և դրա հիման վրա կարողանանք պատշաճ վարույթ իրականացնել: Սակայն անցած տարի երկու վարույթ ենք ունեցել, որոնցից մեկի քննությունը շարունակվում է»,-ասաց նա:

Գեղամ Գևորգյանի խոսքով` հանձնաժողովը նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ, որոնցով փորձելու են օպերատիվ գործողություններ իրականացնող մարմինների հետ այնպիսի կարգավորումներ սահմանել, ինչը հնարավորություն կտա բացահայտել տնտեսական մրցակցության ոլորտում առկա  արատավոր երևույթները: Խոսելով գնումների ոլորտում ի հայտ եկած խնդիրների մասին Գևորգյանն ասաց, որ առանձնացրել են տեխբնութագրերում առկա սահմանափակումների խնդիրը, որը հաճախ հանդիպում է:

«Նաև գնումների հակամրցակցային համաձայնությունները, երբ գնումներում բաժանվում են լոտերը, պայմանավորվում են գները` կամ տնտեսվարող սուբյեկտների միջև է տեղի ունենում կամ  գնումը կազմակերպող անձի կողմից: Մենք սկսել ենք գործընթաց, շուտով, կարծում եմ, կհարուցենք մեր ժամանակահատվածի անդրանիկ վարույթը, և հուսով եմ` լավ նախադեպ կլինի հետագայում նման երևույթները բացահայտելու համար»,-ասաց նա:

Գևորգյանը նաև հայտնեց, որ նախաձեռնել են թվայնացման մի գործընթաց, որով հանձնաժողովը գնումների համակարգի հետ կփորձի համագործակցել, քանի որ ֆիզիկապես տարեկան հինգ-վեց հազար գնում հնարավոր չէ բացահայտել:

«Համակարգը մեր կողմից նշած բառերի միջոցով ավտոմատ կբացահայտի խնդրահարույց կետերը և կներկայացվի հանձնաժողովին»,-ասաց նա:

Անդրադառնալով տնտեսվարողների` գերիրշխող դիրքի չարաշահման դեպքերին` Գեղամ Գևորգյանը նկատեց, որ այս հարցը կորոնավիրուսի պայմաններում ամենաշատ քննարկվողն է:

«Արդյոք գների բարձրացում-իջեցումը պատժելի է օրենսդրության տեսանկյունից և արդյոք հանձնաժողովն ունի որևէ լիազորություն: Այո, հանձնաժողովն ունի լիազորություն, եթե տնտեսվարող սուբյեկտներն ունեն գերիշխող դիրք: Ամեն գնի բարձրացման պարագայում մենք չենք կարող միանգամից վարույթ սկսել, պետք է հատկորոշենք տնտեսվարող սուբյեկտի դիրքը շուկայում և նոր սկսենք վարույթ: 2019-ին քսան գերշխող դիրքի չարաշահման դեպքով հարուցել ենք վարույթ»,-ասաց նա:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի` անբարեխիղճ մրցակցությունը ամենատարածվածն է,  ինչը դրսևորվում է հասարակությանը մոլորեցնելու կամ շփոթեցնելու ճանապարհով,  երբ գրանցված ապրանքային նշանների նմանեցում կամ ապրանքի վերաբերալ ոչ պատշաճ ինֆորմացիայի տրամադրում է լինում:

«Այստեղ ունեցել ենք 57 վարույթ, սակայն գործունության առաջին օրվանից որդեգրել ենք չվնասելու սկզբունք, քանի որ համատարած բնույթ է կրում, ուստի 2019-ը հայտարարեցինք իրազեկման, այլ ոչ թե տուգանքի տարի, դրա հաար տուգանքները բավական մեղմ էին»,-ասաց նա:

Ըստ Գևորգյանի` 2020-ին պատասխանատվության միջոցները կլինեն  շատ ավելի խիստ:

«Մենք առաջարկելու ենք տնտեսվարողներին փոփոխություններ, որ խանութների դարակաշարերում ապրանքատեսակները հստակ իրարից տարանջատվեն` օրինակ կարագ, սփրեդ, մարգարին առանձին լինեն, բուսական յութով թթվասերը կենդական ծագում ունեցող թթվասերից առանձին լինի, որ հասարակության մոլորեցումը հնարավորինս բացառենք, և իրավախախտում դրսևորած տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկենք»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով`  մրցակցության զարգացման արդյունքում կարագի գինը` 2018-2020 թվականների դինամիկայի արդյունքում, 4430-ից 3680 է դարձել` մոտ 17 տոկոս գնանկում արձանագրելով:

«Կարագի գինը իջել է միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխության և մրցակցության արդյունքում, ընդ որում կարագի շուկայում խտրական վերաբերմունք դրևորելու փաստի հիմքով հարուցվել է վարույթ, որը վիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց, սակայն մոտ ժամանակներս կավարտվի: Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կողմից իրացման ցանցերում անհավասար պայմաներ առաջարկելու խնդիրն է քննարկվում»,-ասաց նա:

Խոսելով շաքարավազի գների մասին Գեղամ Գևորգյանն ասաց, որ շուկայում առաջին երկու տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը 82-ից դարձել է 79-ը, իսկ իրացման ոլորտում 98-ից 96 տոկոս ցուցանիշ է արձանագրվել:

«Գների դինամիկան 335 դրամից մի պահ դարձել էր 189 դրամ, այնուհետև կարգավորվեց մինչև 255 դրամ, այստեղ ևս հարուցած վարույթ ունենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կոնյակի ոլորտում մրցակցությանը, ապա այն, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, բավական բարձր է:

«Սակայն հանձնաժողովը հայտնաբերել է խնդիրներ, որը տեսչական մարմնի հետ աշխատանքի արդյունքում կուղղենք այս տարի: Երբ մթերված խաղողի ծավալը և արտահանված խաղողի ծավալը գնային քաղաքականության առումով կասկածներ է առաջացնում, որ կարող են լինել անբարեխիղճ մրցակցության դիրքորոշումներ»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter