HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աստված արդեն տվել է, մնում է գործը վերջացնենք»

«Խոտորաշեն-Մարտակերտ» ջրագծի Մեծ Շենի տեղամասի աշխղեկ Շմավոն Վիրաբյանը ցույց է տալիս թափանցիկ մշուշի մեջ նշմարվող անտառածածկ լեռն ու ասում. «Այ, էն սպիտակ կետը տեսնո՞ւմ եք, Իրեք Մանկունք վանքն ա, ջուրն էնտեղից ա գալիս, մեր նաչալնիկն էլ (ղեկավարը) հենա հրեն էնտեղ»:

Միջնադարյան այս հոյակապ շինությունից հինգ կիլոմետր վեր' Խոտորաշեն կոչվող վայրում, կա լեռնային հորդառատ մի աղբյուր, որի ջրերը հոսելով խառնվում էին գետերին ու կորչում, մինչդեռ Մարտակերտ քաղաքում ու շրջանի գյուղերում ջուրը մարդկանց, կարելի է ասել, տրվում էր կաթիլներով:

«Անտանելի, շատ անտանելի է վիճակն էս գյուղերում»,- ասում է Շմավոն Վիրաբյանը: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Չանախչի գյուղից է: Երկար տարիներ ապրում է Ստեփանակերտում: Ասում է, թե Ղարաբաղում ամեն տեղ էլ ջրի դժվարություն կա, բայց Մարտակերտում «շատ ա դժար»: «Դա շատ մաքուր ջուր ա, շատ մաքուր աղբյուր ա, շատ լավ աղբյուր ա դա: Բա ջուրն ըլնի ու մարդիկ ծարավ մնա՞ն,- ասում է աշխղեկն ու օրհնում արտասահմանի մեր էն հայերին, ովքեր օգնում են ջուր քաշելու գործին:-Սա փրկություն ա, է¯, փրկություն»:

Շմավոն Վիրաբյանը Վագիֆ Միրզոյանը

Մեծ Շենի տեղամասում խրամատներն արդեն փորված են, խողովակները կան: Զոդման աշխատանքներ են կատարվում: Տեղամասի աշխղեկն ասում է, թե բարենպաստ եղանակի դեպքում կհասցնեն մինչեւ Նոր տարի խողովակաշարը դնել խրամատների մեջ ու ծածկել:

Տեղի բնակիչները տարիներ շարունակ երազել են ունենալ մի ջրագիծ, որով հնարավոր կլիներ Իրեք Մանկունքի աղբյուրը հասցնել մինչեւ Մարտակերտ քաղաք: Այս երազանքն իրականություն դարձավ 2005 թվականի նոյեմբերին, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն աշխարհասփյուռ հայությանը ներկայացրեց Մարտակերտի շրջանի զարգացման ծրագիրը: «Հայաստան» հիմնադրամի ծրագրով նախատեսված է խմելու ջուրը Խոտորաշենից ինքնահոս ձեւով տեղափոխել Մարտակերտ քաղաք: Աղբյուրի բարձրությունը հնարավորություն է տալիս մայր խողովակաշարից ճյուղային ջրագծեր տանել նաեւ դեպի մոտակա գյուղեր:

Ջրագծի շինարարության Մաղավուզի տեղամասի պետ Վագիֆ Միրզոյանը Մարտակերտի բնակիչ է: Երբ հարցնում ենք ջրի մասին, ասես զարմանում է, որ չգիտենք. «Մարտակերտ մարդ կա' հինգ օրը մի անգամ ջուր ա վեր կալում երկու ժամով, մի ժամով ջուրը բաց են թողում»:

Նա ճանապարհի մոտ կանգնած սպասում է Մարտակերտից եկող տրակտորներին, որոնք կատարելու են խողովակների տեղադրման գործը: «Գնացեք ճանապարհով քիչ վերեւ,-ասում է Վագիֆը,- մեր էքսկավատորներն էնտեղ խրամատ են փորում»:

Հեռվից ժապավենի պես երեւում է «Խոտորաշեն-Մարտակերտ» ջրագծի խրամատը, որը բլրի գագաթից իջնում է ձորն ու կրկին բարձրանում: Էքսկավատորը , ասես քանոնով, գծում է խողովակաշարի ստորգետնյա ուղին: Քանի որ ջուրն ինքնահոս է, ամեն անկյունն ու թեքությունը կարեւոր նշանակություն ունեն:

Երբ վերադառնում ենք, Վագիֆն ինքնագոհ ժպիտով հարցնում է. «Տեսա՞ք, ինչ յուվելիրնի (ոսկերչական) գործ է արվում, ճնշման կորուստ պիտի չըլնի: Ճնշումն էնպես է հաշվարկած, որ ճյուղավորումով ջուր ստանան նաեւ Մեծ Շեն, Մաղավուզ, Վարընկաթաղ գյուղերը»:

Իրիկնադեմին Վագիֆի սպասած տրակտորները գալիս են: Մեքենավարներն իրենց հետ անկողին, հագուստ ու անհրաժեշտ պարագաներ են բերել: Մնալու են տեղամասում մինչեւ գործն ավարտելը: «Մենք աշխատում ենք, որ շուտափույթ վերջացնենք, որովհետեւ ժողովրդի համար ա էդ գործը, շուտ ջուրը հասցնենք տեղ,-ասում է Վագիֆ Միրզոյանը:-Ժողովրդի հարստությունը դա ջուրն ա: Եթե ջուրը եղավ, մնացածը հնարավոր ա ամեն ինչը ստեղծեն իրանք»:

Միասին գնում ենք Մարտակերտ' անծանոթ, բայց կարճ ճանապարհով: Ամեն տեղ հուշաքարեր են դրված, որոնք հավերժացնում են այս տարածքներում զոհվածների հիշատակը: -Սա Կարինեի քարն ա, սա քսանվեցի Յուրայինն ա® ,-հերթով թվարկում է Վագիֆն ու ընդհանրացնում,- էս մարդիկ որ զոհվել են, բա ջուրը հի՞նչ ա, որ չըլնի սրանց հարազատների հետին»:

Մարտակերտի մոտ շինարարական մի այլ տեղամասում Վագիֆը հրաժեշտ է տալիս մեզ. «Մայիսին որ գաք, արդեն ջուր ենք ունենալու»:

- Տա Աստված,-ասում եմ:

- Աստված արդեն տվալ ա, մնում ա գործը վերջացնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter