
ՏՄՊՊՀ նախագահ. «Մեր երկրում արտադրված դիմակը տնտեսվարողները ձեռք են բերում նախ մեծածախ, հետո տալիս դեղատնային ցանցերին»
Բժշկական դիմակների գների բարձրացման հարցով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել: Այս մասին խորհրդարանում ՏՄՊՊՀ 2019 թվականի գործունեության զեկույցի քննարկմանն ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ վարչապետը հանձնարարական է հնչեցրել` ուսումնասիրել դիմակների շուկան, ապա հետաքրքրվեց, թե գների բարձրացումն արդյոք կապ ունի անբարեխիղճ մրցակցության հետ:
«Ուսումնասիրությունը ավարտել ենք, հանձնաժողովի վաղվա նիստում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը: Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչ մայիս ժամանակահատվածը, որովհետև դիմակի գները կարգավորված են եղել դեկտեմբերին, համեմատել ենք բոլոր մեծածախ և մանրածախ վաճառք իրականացնող խոշոր յոթ ընկերությունների մարժաներն ու գնային քաղաքականությունները»,-ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով` ներկրումը թանկացել է մոտ տասն անգամ:
«Բայց ներկրման արժեքի թանկացումից, մի մեծածախ ձեռքբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մի հատ էլ մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում, և այդ մարժաների չափը մեզ անհանգստացրել է ու դրա հիման վրա էլ իրականացրել ենք ուսումնասիրություն»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Գևորգյանն ընդգծեց, որ այս ամենը մի քանի օրվա աշխատանք չէ, քանի որ հանձնաժողովն ուսումնասիրում է ամբողջ շուկան, որպեսզի պարզ լինի շուկայում այդ ընկերության տեղադիրքը, ապա ուսումնասիրում են Պետական եկամուտների կոմիտեի տվալները և փաստացի ուսումնասիրում իրավիճակը բոլոր դեղատնային ցանցներում, այդ թվում` մարզերում:
«Հետո էս բոլոր տվյալների հաշվարկ ենք իրականացնում, և երբ վարույթի հիմք է առաջանում, սկսում ենք հարուցել, որովհետև այս վարույթը չափազանց ծանր է ու պատասխանատվությունը շատ մեծ` նախորդ տարվա ամբողջ շրջանառության հասույթի մինչև տաս տոկոսը»,-ասաց նա:
Խոսելով դիմակների միջազգային գների մասին` Գևորգյանն ասաց, որ ՌԴ-ում Հայաստանից ավելի թանկ է, ընդ որում` տարբեր մարզերում տարբեր գների, Վրաստանում Հայաստանից էժան է, իսկ մեզ մոտ արձանագրված ամենաբարձր գինն, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, 220 դրամն է:
«Կա նաև մեկ արատավոր երևույթ, երբ մեր երկրում արտադրված դիմակը տնտեսվարող սուբյեկտները ձեռք են բերում նախ մեծածախ, հետո տալիս դեղատնային ցանցերին, այսինքն` երկու մարժա է կիրառվում»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ պարետատան վերջին նիստին քննարկել են հնարավորության դեպքում հանրային վայրերում ավտոմատ ապարատներից դիմակներ գնելու հարցը:
«Էս պարագայում մոտ 100 դրամով գինը կիջնի, որովհետև միջնորդները դուրս կգան»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ 220 դրամը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կա ուսումնասիրություն տնտեսվարող սուբյեկտները գերշահույթ ապահովելով են դիմակների գներն այդքան բարձրացրել, թե չէ:
«Տրամաբանությունը հետևյալն է, եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված եռաշերտ, մեկանգամյա օգտագործման դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին եղել է 116 դրամ: Հայաստանում արտադրված դիմակի ինքնարժեքը երբ հաշվում ենք, հիմնականում ներկրվում են պարագաները, ներկրված պարագաների գինը թանկացել է»,-արձագանքեց ՏՄՊՊՀ նախագահը:
Ըստ նրա` տրամաբանությունն այն է, որ ամբողջ աշխարհում եղել է դիմակների մեծ ծավալի առաջարկ և դեֆիցիտ:
«Արտադրող երկրները, որոնք հիմնականում ՌԴ-ն ու Չինաստանն են, որտեղից մենք ներկրում ենք, ներկա պարագայում սկսեցին ավելի մեծ շահույթ հետապնդել և սկսեցին համաշխարհային շուկայում այդ ծավալի դիմակ իրացնել: Միջազգային գները ևս դրա մասին են վկայում. այսինքն` առաջարկի ու պահանջարկի գաղափարն են աշխատեցրել»,-ասաց նա:
Գևորգյանի խոսքով` ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների` Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ:
«Բայց խոսքը չի վերաբերում նրան, որ հինգ դրամով ներկրել են ու վաճառել 200 դրամով, խոսքն այն մասին է, որ 110, 120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամ, ընդ որում` հարկերը ներառյալ, երբ հարկերը հանում ենք, 40-50 դրամ շահույթի մասին է խոսքը, բայց երկու մարժա է եղել»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ մեկանգամյա ձեռնոցների շուկայում ևս ուսումնասիրություն են կատարում:
«Էստեղ շատ ավելի մեղմ է գնի բարձրացումը, բայց նկատում ենք որոշակի գնի մարժայի, նաև ներմուծման գների բարձրացում»,-եզրափակեց նա:
Մեկնաբանել