HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հանձնարարությամբ շարունակվում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ շարունակվում է սոցիալական աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի մասնավորապես ծերանոցներին: Այս փուլում նախագահի աշխատակազմը պաշտպանիչ դիմակներ է բաժանել Երևանում, Գյումրիում և Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ինչպես նաև Աբովյանում գործող տարեցների խնամքի հաստատություններին, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ Երևանում և մարզերում գործող տարեցների խնամքի 21 կենտրոններին, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 տարեցների:

Մարզերում հեռավար կրթությունը խրախուսելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը, նախագահի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ, շարունակում է համակարգչային տեխնիկա տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին: Այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Իսկ նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են:

Նախագահի աշխատակազմի սոցիալական ծրագրերը շարունակական բնույթ ունեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter