HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանը նախազգուշացրեց` դիմակ չկրող պատգամավորներին դուրս է հրավիրելու նիստերի դահլիճից

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը դուրս է հրավիրելու նիստերի դահլիճից այն պատգամավորներին, որոնք դահլիճում դիմակ չեն կրում:

Այս մասին քառօրյայի սկզբում հայտարարեց Միրզոյանը:

«Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց` պարտադիր նո՞րմ է համարվելու նիստի ընթացքում դիմակ կրելը, թե ոչ: Միրզոյանն արձագանքեց` կրելը պարտադիր է թե' իրավական ակտի գործադրման առումով, թե' ելնելով բոլորի պատասխանատվությունից:

Տեղից խոսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` սոցիալական հեռավորության դեպքում ի՞նչ կարիք կա դիմակ կրել: Միրզոյանն արձագանքեց` հեռավորությունը կարող է պահպանված լինել, սական խոսափողներն էլ կարող են վիրուսի կրիչ լինել:

«Նաև հիշեցնեմ պատգամավորների բարձր առաքելությունը` քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ սխալ եմ արել, մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալությունն է, բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր»,-ասաց Միրզոյանը:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց` դիմակով խոսելն անհարմար է, նաև հավելեց, որ ԱԺ դահլիճում դիմակ չկրելը չի կարող կանոնների խախտում համարվել, քանի որ, ըստ Սահմանադրության, արտակարգ դրությունը չի տարածվում խորհրդարանի վրա:

«Հետևաբար, պարետի որոշումները չեք կարող կիրարկել խորհրդարանում, չեք կարող պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար»,-ասաց Մարուքյանը:

Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ հարցը երկու շերտ ունի, այո, պարետի որոշումը քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե խորհրդարանին, սակայն երկրորդ շերտը քաղաքացիներին օրինակ ծառայելն է:

«Ես ուզում եմ վերահաստատել, պարոն Մարուքյան, կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ դիմակ կրել դահլիճում, ընդունեք որպես խնդրանք, չդիտարկեք որպես մարտահրավեր»,-ասաց ԱԺ խոսնակը:

Նիստի ընթացքում Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ` դիմակ չկրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter