HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կորոնավիրուսի դեմ պայքար. ի՞նչ գնումներ է կատարել դատական դեպարտամենտը

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինչպես մյուս պետական մարմինները, այնպես էլ դատական համակարգն աշխատում է արտակարգ ռեժիմով: Դեռևս մարտի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, ի ապահովումն հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարման, միջոցառումների վերաբերյալ որոշում է կայացրել:

Միջոցառումներից մեկն այն է, որ բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրմամբ, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացվեն հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ հեռավար համակարգի գործարկման մեկնարկը տրվել է մարտի 25-ին և ներառել բոլոր դատարանները:

Հեռավար դատավարություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել 28 պրոյեկտոր և 30 տեսախցիկ, իսկ 3 պրոյեկտոր եղել է դատական դեպարտամենտի հաշվեկշռում: Նշված 28 պրոյեկտորները ձեռք են բերվել մրցութային կարգով «Տեխնոֆորում» ՍՊԸ-ից՝ ընդհանուր մոտ 8 մլն 76 հազար դրամով: Իսկ 30 տեսախցիկները ձեռք են բերել «Ինո-Թեքնոլոջի» ՍՊԸ-ից՝ 216 հազար դրամով:

Նշված բոլոր տեխնիկական միջոցները հատկացվել են 16 դատարաններին և բաշխվել հետևյալ կերպ.

Կարեն Փոլադյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների նպատակով դատական դեպարտամենտը ծախսել է մոտ 4 մլն 494 հազար դրամ, որից՝

Ուշագրավն այն է, որ նույն ապրանքը դատական դեպարտամենտը ձեռք է բերել տարբեր գներով: Մասնավորապես՝ ոչ ստերիլ բժշկական ձեռնոցների մեկ զույգը «Լևոն և Լամարա դեղատուն» ՍՊԸ-ից ձեռք է բերել 35 դրամով, «Ս.Ա.Վ. ԳՐՈՒՊ»-ից՝ 56 դրամով, իսկ «Մարգ- Ֆարմացիա» ՍՊԸ-ից՝ 72 դրամով:

10,000 հատ բժշկական դիմակները ձեռք են բերվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությունից՝ 1 հատը 180 դրամով:

Բացի ձեռք բերված ապրանքները, դատական դեպարտամենտի ձեռնարկած միջոցառումներով ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և բոլոր դատարանների վարչական շենքերը, որոնք ներառել են դրանց նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները:

Գլխավոր լուսանկարում՝ Դատական դեպարտամենտի շենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter