HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է  հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը նախատեսում է 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելող Փաստահավաք հանձնաժողով ստեղծել։ Այդ նպատակով մշակված օրենսդրական փաթեթը («Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծ) ներկայացվել է հանրային քննարկման։ 

Ինչու է ստեղծվում Փաստահավաք հանձնաժողով

«1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ»,-հայտնել է արդարադատության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետևանք էին այս երևույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու և ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու միջոցով՝ հետագայում բացառելով նման երևույթների կրկնությունը:

Նախարարութունն ընդգծել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք է Փաստահավաք հանձնաժողովը՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաև՝ հաշտեցման հանձնաժողովը:

Փաստահավաք հանձնաժողովները ոչ դատական մարմիններ են:

Փաստահավաք հանձնաժողովի գործառույթը

Ըստ արդարադատության նախարարության նախագծի՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն ուղղված է նախևառաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների շրջանակում, դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը։

Այն պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` անձանց իրավունքների և արժանապատվության հարգում և պաշտպանություն, անկախություն, օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, ֆինանսական ինքնուրույնություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն։

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝

2.1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում

2.2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ

2.3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ

2.4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ

2.5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր

2.6) վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու:

Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Հանձնաժողովը լիազորված է լինելու անձից պահանջել և ստանալ վկայություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, դրանց ստորաբաժանումներ, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր։ 

Բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի, իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ և տրամադրել եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ։ Հանձնաժողովը նաև հնարավորություն է ունենալու ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ:

Հանձնաժողովի անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից, դրա աշխատանքները կիրականացվեն նիստերի միջոցով, իսկ գործունեությունը՝ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով։

Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը, հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները։ Իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում են միջանկյալ զեկույցներ։

Ըստ նախարարության՝ նման հանձնաժողովներն իրենց զեկույցների և առաջարկությունների միջոցով նպաստում են դատական կարգով իրականացվող հետապնդումների և հատուցումների արդյունավետ իրականացմանը, օժանդակում հասարակության մեջ լռության և անվստահության մթնոլորտի հաղթահարմանը, ինչպես նաև ներկայացնում ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ նոր բռնությունները կանխելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter