
Մայիսյանի ավագանին սոցիալական օգնություն է հատկացրել համայնքապետի կնոջը՝ 60-ամյակի առթիվ
Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ավագանին պարբերաբար «հատուկ» ուշադրության է արժանացնում համայնքի ղեկավարի ընտանիքին: Նրանց վաճառվում են հողեր, տրվում սոցիալական օգնություններ:
2019թ. նոյեմբերի 8-ին արտահերթ նիստով ավագանին որոշել է համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա (2000քմ) արոտավայր գործառնական նշանակության հողամասն ուղղակի՝ առանց աճուրդ հայտարարելու, վաճառել համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին:
Հողամասը վաճառվել է ընդամենը 16.000 դրամով, որն, ըստ ավագանու, հողամասի կադաստրային արժեքն է: Որոշման կատարման հսկողությունը վերապահվել է հենց համայնքի ղեկավարին: Որոշումը ստորագրել են ավագանու 5 անդամներ, բոլորն էլ կողմ են քվեարկել:
Ավագանու որոշումից պարզ է դառնում, որ Ռուզաննա Մկրտչյանին հողամաս վաճառելու առաջարկությունն ավագանու անդամներին արել է տիկնոջ համայնքապետ ամուսինը:
Նույն օրը ավագանին որոշել է նաև համայնքի ղեկավարին պարգևատրել 150 000 դրամով՝ «իր պարտականությունները բարեխղճորեն և գերազանց կատարելու համար»:
Հերթական անգամ համայնքի ղեկավարի կնոջը ուղղակի հողի վաճառքի թույլտվություն համայնքի ավագանին տվել է 2019թ. դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում կայացրած որոշումով: Այս անգամ Մայիսյանի ավագանին որոշել է Ռուզաննա Մկրտչյանին օտարել 0,2776 հա (2776 քմ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 0,2 հա-ը՝ արոտավայր, իսկ 0,0776 հա-ը՝ վարելահող:
Հողամասի վաճառքի ընդհանուր գինը ավագանին սահմանել է ընդամենը 134,146 դրամ, որը դարձյալ կադաստրային արժեքն է:
Նույն թվականի դեկտեմբերի 13-ի նիստով ավագանին որոշել է դիմում ներկայացրած ընտանիքներին տալ դրամական օգնություն: Պարզվում է՝ սոցիալական օգնության համար դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի դուստրը՝ Նելլի Մովսիսյանը: Համայնքային բյուջեից նրան հատկացվել է 40,000 դրամ օգնություն:
2020թ. հունվարի 16-ին էլ ավագանին որոշել է 50.000-ական դրամ օգնություն հատկացնել համայնքապետի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին և վերջինիս քրոջը՝ Դիանա Մկրտչյանին: Իսկ ապրիլի 10-ին 40,000 դրամ օգնություն է հատկացվել համայնքապետի քենու՝ Դիանա Մկրտչյանի սկեսրայրին՝ Սերգեյ Հարությունյանին:
Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են հողերը կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին վաճառվել ուղղակի վաճառքով: Համայնքապետը պատասխանեց, որ Ռուզաննան այդ տարածքում հող է ունեցել և դրա դիմացի 700 քմ հողն է գնել: Երբ հիշեցրինք նաև 2000 քմ արոտավայրի մասին, համայնքապետը նշեց, թե աճուրդով է գնել: Վկայակոչեցինք ավագանու որոշումը, ըստ որի՝ ուղղակի վաճառք է եղել։ Ե. Մովսիսյանն արձագանքեց. «Պատկերացրեցիք, չէ՞, դուք: Իրա հողի դեմը 700 մետր վարելահող ա, 2000 մետր արոտավայր ա: Այ, դա ուղղակի վաճառքով դրվել ա, որ առնի ինքը»:
Համայնքապետից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու են սոցիալական օգնություններ ստացել դուստրը, կինը և վերջինիս քույրն ու ընտանիքի անդամը:
Եսայի Մովսիսյանը նշեց, որ Դիանա Եսայանի սկեսրայրը «92 տարեկան անձնավորություն է, տարիքային հարաբերություններով» օգնություն են տվել: Համայնքապետն ասաց, որ օգնությունը տրամադրվել է Դիանա Մկրտչյանի սկեսրայրին՝ Սերգեյ Հարությունյանին, պարզապես Դիանայի անունն է գրվել:
Եսայի Մովսիսյանը սկզբում հերքեց, որ ավագանին սոցիալական օգնություն է հատկացրել նաև իր կնոջն ու դստերը: «Չկա նման բան»,-ասաց Ե. Մովսիսյանը: Երբ պնդեցինք՝ հիշեցնելով ավագանու որոշման մասին, համայնքի ղեկավարն ասաց. «Դե ինչ ասեմ, տվել ենք իրանց, հատկացրել են, էլի»:
Հեռախոսազրույցից րոպեներ անց զանգահարեց Եսայի Մովսիսյանը և ասաց, որ իր եղբոր որդին զոհված ազատամարտիկ է: Ծնողները Ռուսաստանում են, դուստրը՝ Նելլին, սոցիալական օգնությունը ստացել և ուղարկել է Ռուսաստան:
Ինչ վերաբերում է կնոջը հատկացրած սոցիալական օգնությանը, Ե. Մովսիսյանն ասաց, որ «Ռուզաննա Մկրտչյանին 60-ամյակի կապակցությամբ օգնություն ա տրվել, ի՞նչ ա եղել»:
Ի դեպ, այս տարվա մարտ ամսին Արմավիրի մարզպետարանը իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացրել Մայիսյան համայնքում, և նյութում արծարծված հարցերին որևէ անդրադարձ չի կատարվել ամփոփիչ արձանագրությունում:
Մեկնաբանել