
Առաջարկվում է համայնքապատկան հողատարածքների աճուրդի մեկնարկային գինը 50 %-ից դարձնել 100 %
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկանի խոսքով` երկու խնդիր է առաջարկվում լուծել` սպանդանոցների հետ կապված հողամասի նպատակային նշանակության պարզեցում և համայնքապատկան հողատարածքների աճուրդի կադաստրային արժեքի բարձրացում:
Նախարարի խոսքով` աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմ ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու, մեկնարկային գինը վերանայելու անհրաժեշտությամբ են պայմանավորված այս փոփոխությունները:
«Խնդրի գոյության մասին բազմիցս բարձրաձայնվել է, մասնավորապես «Հետաքննող լրագրողների» կողմից, այս հարցում մեծ ներդրում ունի «Հետք» լրագրողական կայքը: Խնդրի բարձրաձայնումից հետո այն հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում, և այս փոփոխություններն առաջարկում ենք ձեզ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է ապահովել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը:
«Կադաստրային արժեքի 50 % գումարի փոխարեն առաջարկվում է 100 տոկոս, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ անցկացնելու հնարավորությունը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն նախավճարը վճարելու` տվյալ հողամասի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով և կտրվի մասնակցի վկայական»,- ասաց Պապիկյանը:
Նախարարի խոսքով` ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկել է նախագծում ամրագրել, որ աճուրդը կարելի է կայացած համարել այն դեպքում, երբ նվազագույնը մասնակցել է երկու անձ: Պապիկյանի խոսքով` այն գլխադասային հանձնաժողովում հավանության է արժանացել:
Սուրեն Պապիկյանի համոզմամբ` նախկինում արձանագրված հողի կարգավիճակի փոփոխությունը մեծապես կախված է եղել նրանից, որ համայնքները` հատկապես փոքր համայնքները, չունեն գլխավոր հատակագիծ:
«Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ համայնքների հիմնական հատվածը գլխավոր հատակագիծ կամ երբևէ չի ունեցել կամ ունեցածը այս պահին խաթարված է»,- ասաց Պապիկյանը` հավելելով, որ փոքր համայնքները միջոցներ չունեն հատակագիծ պատվիրելու համար:
Նախագծում նշվում է, որ աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչը իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:
Մեկնաբանել