HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` մայիսի 26-ին, այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախագահ Հարությունյանի հրամանագրերի համաձայն` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում` ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը կապված է հանրության նոր պահանջներին և սպասելիքներին:

«Ոստիկանությունը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և ոչինչ չենք խնայելու համակարգի զարգացման, համակարգի ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և ամենակարևորը` համակարգի ծառայողների` հասարակության մեջ դերի բարձրացման ուղղությամբ: Ամենակարևորը օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելն է» ,- իր խոսքում շեշտել է Նախագահը:

Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին համատեղ աշխատանքի համար, իսկ նորանշանակ ոստիկանապետին մաղթել է հաջողություններ: Նա նշել է, որ մեկ տարվա գործունեության ընթացքում արվել է ամեն բան ոստիկանության առջև դրված խնդիրները իրականացնելու համար:

Ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր վստահության համար:

Աշոտ Հակոբջանյանի առաջին հրամանով Լևոն Մնացականյանն օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության գործում զգալի ներդրում ունենալու համար պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:

Աշոտ Հակոբջանյանի կենսագրությունը

Ծնվել է 1974թ. ապրիլի 10-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1996թ ավարտել է ԱրՊՀ-ի «Ագրարաարդյունաբերական կոմպլեքսի ճյուղերի կառավարում և էկոնոմիկա» բաժինը, իսկ 2001թ. Մոսկվայի ժամանակակից ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղի իրավաբանական բաժինը՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
1993-1995թթ.. ծառայել ԼՂՀ ՊԲ-ում, այնուհետև մինչև 1999թ օգոստոսի 4-ը ԼՂՀ ԱԱԾ-ում։

1999թ դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում, սկզբից որպես ՔՀՎ-ն ՔՀԲ օպերլիազոր, այնուհետև ավագ օպերլիազոր, քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։

2013թ-ի հուլիսի 9-ին նշանակվել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի պաշտոնին։
ԱՀ Նախագահի 2014թ-ի սեպտեմբերի 10-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում։

2018թ հուլիսի 12-ին երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԱՀ ոստիկանությունում ծառայությունից։

2018թ նոյեմբերի 10-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։
ԱՀ Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ և շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան Ազատամարտին:

ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Արիության համար» և «Երախտագիտություն» մեդալներով։
Պարգևատրվել է «Հայրենյաց պաշտպան», «Հինգերորդ բրիգադ 20 տարի», «Շուշիի ազատագրման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ ոստիկանության 100-ամյակ» և «Երկարամյա ծառայության համար» 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», կրծքանշանով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter