HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպումները, ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանին և կուսակցության անդամներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Արթուր Թովմասյանը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում առաջարկել է ձևավորել համազգային հարցերի օրակարգ, որոնց շուրջ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական հայացքներից, կունենան միասնական կարծիք: Առաջարկվող հարցերի շրջանակը վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և երկրի անվտանգային հարցերին։

Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է ընդդիմության  կարևոր դերակատարությունը՝ թերությունների վերհանման և բացթողումների մատնանշման համատեքստում:

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ողջունել է ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպելու նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական և երկուստեք արդյունավետ: Այնուհետև կուսակցության ղեկավարն անդրադարձել է առաջարկվող օրակարգին և ներկայացրել հարցերի շուրջ իրենց կուսակցության տեսակետը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկրի զարգացման խնդիրներին, օրենսդրական բարեփոխումներին և համագործակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հաջորդիվ ԱԺ նախագահն ընդունել է ԼՂ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության առաջին քարտուղար Բահատուր Դավթյանի գլխավորությաբ:

Բահատուր Դավթյանը, շնորհավորելով ԱԺ նախագահին երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ օրենսդիր մարմնի հետ կուսակցության կապը շարունակական կլինի:

ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել տարբեր հարցերի շուրջ ներկայացվող առաջարկները:

Այս ձևաչափով օրվա վերջին հանդիպումն Արցախի Պահպանողական կուսակցության մի խումբ անդամների հետ էր՝ կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Ողջունելով վերջիններիս՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է արտախորհրդարանական ուժերի հետ շարունակական հանդիպումների ու համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Դավիթ Բաբայանի քաղաքական փորձն ու հմտությունն արտաքին քաղաքականության բնագավառում: 

Դավիթ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ գործող քաղաքական ուժերի հետ հանդիպումների անցկացումը ողջունելի և կարևոր քայլ է՝ խնդիրների քննարկման, դրանց լուծման մեխանիզմների ընտրման առումով՝ միաժամանակ առաջարկելով՝ համազգային կարևորության հարցերի շուրջ խորհրդարանում լսումների և հանդիպումների ձևաչափը դարձնել օրինաչափ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter