HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանությունը, Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավն անթույլատրելի ճանաչվելուց հետո, գրություն է ստացել, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ

«Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին գրավի դիմաց ազատ արձակելու ապրիլի 1-ին կայացված որոշումը մայիսի 21-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվել է։ Դատարանը գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի։ Վերաքննիչ դատարանի որոշումից անցել է 5 օր, սակայն Վահագն Աբգարյանը արգելանքի չի վերցվել, նա նորից քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխվել։

Աբգարյանի պաշտպանական խումբը գտնում է, որ նա առհասարակ չպետք է կալանավորվի, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, իսկ Վահագն Աբգարյանի գործով տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը պնդում է, որ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում, և դատարանի որոշումն ի կատար չի ածվում։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։

Ինչպես նշեցինք, Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչվել ապրլի 1-ին։ Այս պահի դրությամբ գրավը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, համարվում էր կալանավորման այլընտրանքային խափանման միջոց։ Այսինքն՝ եթե անձի նկատմամբ գրավի կիրառումը համարվում էր թույլատրելի, նշանակում է, որ առկա են եղել նրան կալանավորելու հիմքեր, պարզապես նրա նկատմամբ կիրառվել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ։ Ապրիլի 24-ից, այսինքն՝ մինչև Վահագն Աբգարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը, ուժի մեջ է մտել «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ գրավը դարձել է ինքնուրույն՝ կալանավորումից անկախ խափանման միջոց։ Քրեական դատավարության օրենսգրքում կատարված այս փոփոխությանը հղում կատարելով՝ Աբգարյանի պաշտպաններ Արթուր Գրիգորյանը, Արմեն Սողոմոնյանը, իրավապաշտպան Մարինա Պողոսյանն այսօր հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Աբգարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ։

«Վերջին օրերին իրավապահ համակարգի և, զարմանալիորեն,  նաև փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ սկսել են տեղեկատվություն տարածել Ալավերդիում տեղի ունեցած հայտնի սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանի կալանավորման մասին: Այս պահին չենք խոսում այն մասին, որ այս քրեական գործը ստեղծվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից ղեկավարած խմբի կողմից ապացույցներ կեղծելով, վկաներին խոշտանգելով եւ այլ ապօրինություններով: Դրան արդարադատությունը ևս կհասնի ու ոչ մի կեղծարար, ոչ մի իրավապահ չի պլստալու: Այո, Քրեական վերաքննիչ դատարանի որոշմամբ անթույլատրելի է ճանաչվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը: Այն ոգևորությունը և Վահագն Աբգարյանին կալանավորելու ցանկությունները, որոնք առաջացել են որոշ փաստաբանների ու իրավապահների մոտ Քրեական վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումից հետո, այնքանով են անհիմն, որ Վահագն Աբգարյանին գրավով ազատելու պահին՝ սույն թվականի ապրիլի 1-ին, գրավը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, կալանավորումը փոխարինող խափանման միջոց էր: Քրեական վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին, ըստ փոփոխված Քրեական դատավարության օրեսնգրքի, գրավն արդեն ինքնուրույն խափանման միջոց էր, և դրա վերացումը ինքնաբերեբար կալանավորման չի բերում: Վահագն Աբգարյանի վերաբերյալ գրավի վերացումը ընդամենը նշանակում է, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ գործող խափանման միջոց այս պահին առհասարակ չկա: Սեփական մտքի թռիչքները, հարգելի՛ ընդդիմախոս գործընկերներ, պետք չէ ներկայացնել որպես իրավական իրողություն և ընդամենը կարդացեք օրենքը և ղեկավարվեք դրանով»։

Այս հայտարարությունից հետո «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել նաև Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը: Պաշտպանը հիշեցրել է Վերաքննիչ դատարանի մայիսի 21-ի որոշումը՝ Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ու նշել, որ ոստիկանությունը ի կատար չի ածում դատարանի որոշումը։

«Արդեն 5 օր է, ինչ ոստիկանության զարմանալի անգործության հետևանքով որոշումն ի կատար չի ածվում: Իսկ այսօր Վահագն Աբգարյանի պաշտպանների կողմից տարածվել է հայտարարություն, թե իբր այդ որոշումն ի կատար ածվել չի կարող, քանի որ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առանձին որոշում կայացված չէ:

Հույս ունեմ, որ գործընկերներս պարզապես թյուրիմացության մեջ են, քանի որ փորձում են առաջնորդվել 2020 թվականի ապրիլի 24-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն գրավն այլևս կալանավորման այլընտրանքային խափանման միջոց չի հանդիսանում, այլ առանձին խափանման միջոց է:

Մեր պարագայում, սակայն, առաջին ատյանի դատարանի կողմից կայացված (հիմա արդեն բեկանված) որոշումը կայացվել էր նախքան փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ապրիլի 1-ին, և բնականաբար առաջին ատյանի դատարանի կողմից գրավը ոչ թե որպես նոր խափանման միջոց էր ընտրվել, ոչ թե վերացվել կամ փոփոխվել էր ընտրված խափանման միջոց կալանավորումը, այլ պարզապես գրավի կիրառումը ճանաչվել էր թույլատրելի՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց: Նման պայմաններում պարզ է, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը դատական ստուգման էր ենթակա դրա կայացման պահին գործող՝ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող քրեադատավարական նորմերի համատեքստում:

Առաջին ատյանի դատարանի կողմից 01.04.2020թ. կայացված որոշման բեկանումը, գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչումը չէր ենթադրում կրկին խափանման միջոցի ընտրություն, այն պարզ պատճառով, որ այն արդեն իսկ ընտրված է, և այդ խափանման միջոցը կալանավորումն է: Ավելին՝ 2020 թվականի ապրիլի 24-ից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացվել են նմանատիպ մի քանի որոշումներ ևս, որոնք ի կատար են ածված:Միաժամանակ կոչ եմ անում ոստիկանությանը տեղեկացնել հանրությանը, թե ինչո՞ւ մինչ այժմ չի կատարվում դատարանի որոշումը»,- գրել է Երվանդ Վարոսյանը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը, որում դատարանը ևս անդրադարձել է Քրեական դատավարության օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություների հարցին ու դիրքորոշում հայտնել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի 1-ի որոշումը դատական ստուգման պետք է ենթարկվի այդ պահին գործող, տվյալ իրավահարաբերությունները կարգավորող վերոգրյալ քրեադատավարական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում:

Այսպիսով, ստուգման ենթարկելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատավոր Արմեն Բեկթաշյանը դրանում նշված հանգամանքները հիմնավոր չի գնահատել ու բեկանել է այն։

Ոստիկանությունից խնդրեցինք հայտնել՝ արդյոք ստացե՞լ են հանձնարարություն՝ Վահագն Աբգարյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, ինչպես նաև, թե արդյոք որոշումն ի կատար ածվե՞լ է։  Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին միայն, որ ոստիկանությունը ստացել է գրություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Այլ պարզաբանումներ չհնչեցին։

 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter