
4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրությունները կլինեն համամասնական ընտրակարգով
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության և մի խումբ պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը:
Փաթեթն ընդունվեց միաձայն` 116 կողմ ձայնով:
Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Ըստ նախագծի` մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը՝ 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 100-ապատիկի, ավագանու անդամը՝ 15-ապատիկի չափով ընտրական գրավ:
Փոփոխություններից մեկն էլ այն է, որ նախատեսվում է Ընտրական օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը:
Մեկնաբանել