
ՃՈ-ի և ՊՊԾ-ի փոխարեն նոր պարեկային ծառայություն. խորհրդարանը քննարկեց նախագիծը
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության նախաձեռնությունը, որով առաջարկվում է ներդնել պարեկային ծառայություն:
Ներկայում ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունները, որոնք իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը: Առաջարկվում է այս երկու ծառայությունների փոխարեն ներդնել պարեկային ծառայություն:
Նախագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, որի խոսքով` փաթեթը ներկայացվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և ոստիկանության վերափոխման ու հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու համատեքստում: Ծառայության աշխատակիցների հարկված աշխատավարձը կազմելու է շուրջ 237 հազար դրամ:
Փոխնախարարի խոսքով` պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով:
Ըստ հիմնական զեկուցողի` «Պարեկային ոստիկանությունը» առաջին փուլով գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում, և վերջում` ամբողջ հանրապետության տարածքում: Իսկ մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որքան են ՃՈ և ՊՊԾ հաստիքների թիվը Երևան համայնքում, և որքան է նախատեսվում նոր ծառայության հաստիքների քանակն առաջին փուլում:
Փոխնախարարն արձագանքեց, որ ՊՊԾ-ի երևանյան ստորաբաժանման շարային ծառայողների թիվը 840 է, ՃՈ առաջին սպայական գումարտակի շարային ծառայողների թիվը 230: Նոր պարեկային ծառայության դեպքում շարային ստորաբաժանումների ծառայողների թիվը Երևան համայնքում նախատեսվում է 700: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն հաղթահարի այս մրցույթը կամ չեն ցանկանա մասնակցել, նրանց այլ աշխատանք է առաջարկվելու, օրինակ` ոստիկանության զորքերում, որտեղ ևս, ըստ փոխնախարարի, որոշ ռազմավարական հեռանակարներ կան:
Խոսելով աշխատավարձային ֆոնդի մասին փոխնախարարն ասաց, որ վերոնշյալ ծառայությունների աշխատավարձային ֆոնդը Երևանի համար տարեկան շուրջ 3 միլիարդ դրամ է, նոր ծառայության դեպքում տարեկան կլինի 4,3 միլիարդ դրամ:
«Նաև հաշվի ենք առնում, որ ՊՊԾ, ՃՈ գծով ունենք պարգևատրման ֆոնդ, և այս ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 միլիարդ դրամի հետ՝ մի բան էլ խնայում ենք, բայց սա 2021 թվականի բյուջեի մասին է խոսքը»,-ասաց Գրիգորյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հետաքրքրվեց համակարգի ներդրման ժամկետներից և հաարցրեց, թե ինչու պիլոտային ծրագիրը Երևանում է իրականացվում և ոչ թե փոքր մարզում:
«Երևան քաղաքում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է, ամբողջական ներդրումը 2022 թվական առաջին եռամսյակ, ըստ մեր ռազմավաարության»,-ասաց հիմնական զեկուցողը:
Թե ինչու չեն փորձարկել փոքր մարզից, փոխնախարարն ասաց, որ նման տեսակի ծառայության նկատմամբ գրավչության փոփոխություն է պետք, և եթե որևէ փոքր մարզում իրականացվեր պիլոտային ծրագիր, մարզի տվյալները նույն խնդիրները չէին գեներացնի, ինչ կա Երևանում:
«Նաև կարևոր է, թե երկիրն առաջին փուլով մեկ կրթական ցիկլով քանի պարեկային ծառայող կարող է պատրաստել` չունենալով որոշակի կրթության որակ»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը:
Տեղեկացնենք նաև, որ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է նոր ծառայության ստեղծման մասին և ներկայացրել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն մրցույթին դիմողները: Ըստ այդմ` կարող է դիմել 18-35 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում օրենսդրությամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով, անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքի) ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին: Դիմորդները հինգ ամիս շարունակ Ոստիկանության կրթահամալիրում ուսանելու են:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել