HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլն» առաջարկում է հետ կանչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը:

Առաջակվում է ամրագրել օրենքում, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է այս օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով։ Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ։

Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով` նախագծի նախապատվությունը բոլորին է հայտնի:

«Ըստ էության հանրաքվեի մասին օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա մեկ դրույթ, որ արտակարգ դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ քան 65 օր հետո: Այսինքն՝ ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է սկսվի հանրաքվեն, օրենքում բաց է թողնված: Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի դեպքով մենք ունենք իրավիճակ, երբ հանձնաժողովներ էին կազմավորվել, կողմեր, ձևավորվել հիմնադրամներ, կնքվել պայմանագրեր, քարոզարշավը ամբողջութամբ ընթացքի մեջ էր»,-ասաց նա:

Հովակիմյանը հիիշեցրեց, որ համավարակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, և հնարավոր չէր հանրաքվե անցկացնել:

«Բայց ինչ խիտի լինի արտակարգ դրությունից հետո… Գործընթացը իրավակիրառողների` ԿԸՀ-ի, կառավարության մեր գործընկերների հետ քննարկելով՝ կարգավորել ենք»,- ասաց Հովակիմյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է քաղաքական մեծամասնությունը խորհրդարանին օժտի լիազորությամբ, օրինակ՝ չեղարկել խորհրդարանական կամ ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակել միապետություն:

«Եվ չեք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել Սահմանադրության մեջ, Սահմանադրությունը սարքել պոլի շոր` ձեր քաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար, ձևախեղել Սահմանադրությունը»,-ասաց նա:

Վահագն Հովակիմյանն արձագանքեց, որ խորհրդարանի ընտրությունների ճակատագիրը Սահմանադրությամբ ամրագրված է:

«Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ արտակարգ ու ռազմական դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում, նաև Սահմանադրությունը կարգավորում է արտակարգ դրության ավարտից հետո ինչպես են անցկացվում այդ ընտրությունները: Ինչ վերաբերում է հանրաքվեին, միայն նշվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ թե ինչ է լինում հետո, ինչպես է շարունակվում և այլն, այդ հարցերը չկան»,- ասաց նա:

Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: Ըստ նրա` փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքը չի սահմանում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հետաձգված հանրաքվեի անցկացման ընթացակարգը:

«Չկան կարգավորումներ, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակելուց հետո, այս մասով բաց է օրենքի կարգավորումները: Բաց է նաև այն դեպքը, երբ արտակարգ կամ ռազմական դրությունը երկարաձգվում է այնքան, որ հանրաքվեի դրված հարցի առարկան վերանում է: Այս կարգավորումները նույնպես բացակայում են»,- ասաց Կարապետյանը:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ևս նշեց, որ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

«Բայց չանցկացված հանրաքվեի ճակատագիրը թողնված է հանրաքվեի մասին օրենքի իրավակարգավորմանը: Այստեղ ունենք երկու ռեժիմ. մեկը` մինչև հանրաքվեի նշանակումը նախագահի կողմից, երկրորդը` նախագահի նշանակմամբ հանրաքվեի առկայությունը: Առաջին դեպքում սահմանված է, որ բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են, երկրորդ դեպքում սահմանված է՝ երբ է նշանակվում հանրաքվեն»,-ասաց փոխնախարարը:

Դանիելյանի խոսքով` այս առումով որևէ կարգավորում չկա, օրինակ՝ կազմակերպչական բնույթի հարցերի վերաբերյալ:

«Որպես իրավական նոր գործիք ավելացվել է հանրաքվեն հետ կանչելու ինստիտուտը: Խոսքը վերաբերում է բացառապես իրավական հնարավորություններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով հնարավորություն էր տրվելու Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնել (ՍԴ այն անդամների, որոնք նշանակվել կամ ընտրվել են մինչ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter