HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Վերացվում է չհարկվող անշարժ գույքի հասկացությունը»․ հարկային համակարգում փոփոխություններ են նախատեսվում

Կառավարության մայիսի 27-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում հարկային համակարգում։

«Ներկայումս հարկման բազայի համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը: Ինչպես հայտնի է, այն էականորեն տարբերվում է դրանց շուկայական արժեքներից։ Այս փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկերի հարկման  պոտենցիալը մոտավորապես 4,3 անգամ կաճի։ Հնարավորություն կընձեռնվի համայնքներին, որոնց համար հիմնական եկամուտների աղբյուրը հանդիսանում են հենց գույքահարկերից ստացվող եկամուտները, իրենց առջև ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, որպեսզի հնարավոր լինի հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն»,- նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Վերջինիս խոսքով՝ գործող համակարգում կա չհարկվող շեմ՝ մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում։ Նախատեսվում է որոշակի դրույքաչափ սահմանել ցանկացած արժեք ունեցող անշարժ գույքի համար։ Նպատակն է՝ փորձել հասնել նրան, որ հարկ վճարողը լինի ոչ միայն շահառու, այլ նաև՝ պահանջատեր։ Այսինքն՝ թեկուզ փոքր չափով, բայց կատարելով վճարում համայնքի բյուջե՝ նաև լինի պահանջատեր նույն համայնքային ծառայությունների որակի տեսակետից։

«Վերացվում է չհարկվող անշարժ գույքի հասկացությունը։ Օրենքի ընդունումից հետո մոտավորապես 500 000 քաղաքացու գույքահարկը կնվազի առաջին տարվա ընթացքում։ Կլինի գույք, որի հարկը կլինի տարեկան 100 դրամ։ Եթե հաշվի առնենք այդ սեգմենտը, շատ սիմվոլիկ բան է։ Ինչքան էլ մարդը լինի սոցիալապես անապահով, տարեկան 100 կամ 200 դրամ գույքահարկ վճարելը նրա սոցիալական իրավիճակի մեջ որևէ բան չի փոխի, բայց պետական կառուցվածքի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մեջ շատ լուրջ և էական փոփոխություն կմտցվի։ Գույքահարկը ավելանալու է, և առավելապես այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ»,-հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter