HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու բժշկական կենտրոնը կկառուցի պատգամավորի ՀՅԴ-ական թեկնածուն՝ ռուսաստանյան ընկերության հետ համատեղ

Այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման թույլտվություն տրամադրելը։ 

Ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն և հայաստանյան «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն համատեղ կառուցելու են Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնը։

Կառավարության որոշմամբ, առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-րդ հոդվածով, համաձայն որի օտարերկրյա իրավաբանական անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կարող են իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն՝ օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, մշակվել և շրջանառվել է «Պրոմստրոյ» ՍՊԸ-ին լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման թույլտվություն տրամադրելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Այսինքն՝ իրավական այս ակտով «Պրոմստրոյ» ՍՊԸ-ն ձեռք է բերում «Շինարարության իրականացում» գործունեության տեսակով զբաղվելու իրավունք։

43.3 մլն դոլար արժողությամբ (որից Համաշխարհային բանկի մասնաբաժինը 35 մլն է) վարկային համաձայնագիրը ստորագրվել է և ուժի մեջ է մտել 2013թ.-ին, իսկ ծրագրի ավարտման ժամկետ է սահմանվել 30.09.2022թ․։ Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացում․ նոր շենքի կառուցում և հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով։

Կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան 2019թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվել է ազգային մրցույթ։

Մրցութային պայմաններին բավարարող՝ ամենացածր գին առաջարկած մասնակից է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» և «ՊրոմՍտրոյ»՝ համատեղ գործունեությամբ հանդես եկող կազմակերպությունները։

«ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում գրանցվել է 2014-ին։ Ընկերության հիմնադիր և տնօրեն է ՌԴ քաղաքացի Հայկ Սերյոժայի Օհանյանը։ Վերջինս նաև գրանցված է Մարտունիում։  Հայկ Օհանյանի անվան հետ են առնչվում նաև ռուսական այլ ընկերություններ՝  «ПРОМСТРОЙ» ՍՊԸ-ն, «"ПСТ ЛОГИСТИК» ՍՊԸ-ն, «ПСТ ДЕВЕЛОПМЕНТ» ՍՊԸ-ները։ 

Հայաստանյան «Գևորգյան և Ներսիսյան» ընկերության հիմնադիր բաժնետերեր են ՀՅԴ-ական Եղիշե Գևորգյանն ու Տիգրան Ներսիսյանը։ Վերջիններս բարեկամներ են և հաշվառված են Նուբարաշենի հարևանությամբ գտնվող երկու հասցեներում։

Եղիշե Գևորգյանը նաև ՀՅԴ թեկնածուն է եղել 2018թ․խորհրդարանական ընտրություններում՝ 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները։

«Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն շինարարական ընկերություն է։ Համաձայն գնումների պայմանագրերի հաշվետվողականության կայքի՝ շուրջ 3 տասնյակ պետական գնումների պայմանագրեր են կնքել և իրականացրել ավելի քան 892 մլն դրամի աշխատանքներ։

Լուսանկարը՝ Մարտունու ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter