HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը նախատեսում է սպասարկման ոլորտի աշխատակիցներին աջակցելու ծրագիր մշակել

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչ է մտադիր անել Կառավարությունը սպասարկման ոլորտի աշխատակիցներին աջակցելու համար: Սիմոնյանը հիշեցրեց, որ սպասարկման ոլորտի մասնագետներն օրեր առաջ ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց` դժգոհելով, որ որևէ աջակցության ծրագրից չեն կարողացել օգտվել: Սիմոնյանի խոսքով` նրանք չունեն գրանցում, քանի որ երբեմն ստիպված են եղել տարբեր ռեստորանների սպասարկել և ֆիքսված աշխատավայր չեն ունեցել, նաև եկամտի ֆիքսված չափ չեն ունեցել:

«Մոտավորապես 10-12 հազար մարդկանց մասին է խոսքը, որոնք դուրս են մնացել աջակցության ծրագրերից: Արդյոք նրանք ներգրավվելու՞ են որևէ ծրագրում, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց նա:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ասելով, որ մտածում են այդ խմբի մարդկանց աջակցելու մասին:

«Բարդ խնդիր եք բարձրացնում, բայց նաև պետք է հասկանանք՝ այդ խնդիրը որտեղից է գալիս: Այո՛, չձևակերպված աշխատանքը խնդիր է, բոլոր այն դեպքերում երբ անձին ուզում ենք նույնականացնել ու աջակցություն ցուցաբերել, խնդրի ենք բախվում»,- ասաց փոխվարչապետը:

Խոսելով պատգամավորի մատնանշած շահառուների մասին՝ Գրիգորյանն ասաց.

«Մտածում ենք այն մասին, որ նաև այդ խումբը ծածկվի կամ առանձին միջոցառմամբ կամ եղածի լրացմամբ, բայց էս պահին կոնկրետ լուծում կդժվարանամ ասել, որովհետև խնդիրը բարդ է»,- ասաց նա:

Կարեն Սիմոնյանն արձագանքեց, որ ռեստորաններն ամենաշատ վնասներ կրած սուբյեկտներն են, քանի որ մինչ արտակարգ դրության ավարտ տոնակատարություններ չեն թույլատրվելու:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ սահմանափակումներից նահանջ չի լինելու, այն լուծում չէ, ապա հավելեց, որ նման խումբ կա նաև տուրիզմի մի քանի բաղադիչներում:

«Կարծում եմ՝ լուծումներ կգտնենք»,-նշեց փոխվարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter