
Հայաստանի միջազգային պահուստները տարեսկզբից աստիճանաբար նվազում են
Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 491 մլն դոլար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները (ՀՀ ԿԲ), ապրիլի ընթացքում պահուստները կրճատվել են 91 մլն դոլարով կամ 3.5%-ով։
Իսկ տարեսկզբի (2019 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի) համեմատ՝ Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 359 մլն դոլարով կամ 12.6%-ով։
Պահուստների վիճակագրության մեջ ընդհանուր օրինաչափություն կարելի է նկատել. տարվա վերջին եռամսյակում դրանք աճում են և հաջորդող տարվա սկզբից կրկին նվազում (տե՛ս ինֆոգրաֆիկան)։
Երկիրն այդ պահուստներով իր արտարժութային պարտավորություններն է կատարում։ Զգալի հատված ուղղվում է արտաքին պետական պարտքի սպասարկմանը։
2019 թվականի դեկտեմբերին ևս պահուստների էական աճ գրանցվեց։ Ըստ ԿԲ-ի ճշգրտված տվյալների՝ միայն դեկտեմբերի ընթացքում պահուստներն ավելացել են 475 մլն դոլարով կամ 20%-ով։ Իսկ արդեն հունվարից, ինչպես սպասվում էր, անկում գրանցվեց։
Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ արտարժույթով են, ոսկի չկա։ 2003 թվականի վերջին Կենտրոնական բանկը վաճառեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը։
Մեկնաբանել