HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ ներկայացուցիչ. «Այս պահին ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է»

Հայաստանի կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ այս պահին ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է և կարող է շատ հանգիստ սպասարկել թե՛ վարկառուներին, թե՛ ավանդատուներին։

«2020 թվականը բանկային համակարգի համար սկսվել է մեծ ձեռքբերումներով։ Ռիսկերը գտնվել են կառավարելի մակարդակում։ 2019 թվականին մենք ունեցել ենք բավականին հաջող տարի թե՛ ընդհանուր տնտեսության, թե՛ ֆինանսական համակարգի զարգացման տեսանկյունից։ Բանկերը ցուցաբերել են շարունակական կայուն աճի միտում, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում»,- այս մասին այսօրվա առցանց ասուլիսին հայտարարեց Հայաստանի կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Ներկայացվում էր 2019 թվականի ֆինանսական կայունության տարեկան հաշվտվությունը, ինչպես նաև՝ այս տարվա ռիսկերը։

Անդրանիկ Գրիգորյանը նկատեց, որ 2019 թվականն առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների մեծ աճով՝ հատկապես հիպոթեքային և մի քանի այլ տեսակի վարկերի, այդ թվում՝ սպառողական։ Նա վստահեցնում է, որ այդ աճը, սակայն, ռիկսային մակարդակի չի հասել և բնակչությունը ի զորու է իր եկամուտների հաշվին մարել պարտավորությունները։

«Քանիցս հայտարարել ենք, որ մենք հետևում ենք այս վարկերի վարքագծին՝ կապված տնային տնտեսությունների եկամուտների հետ։ Հետևում ենք եկամտի և պարտքային բեռի ցուցանիշներին։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ, որպեսզի ռիսկեր չստեղծվեն թե տնային տնտեսությունների, թե բանկային համակարգի համար։ Հիմնականում շեշտադրվում է պարտքի բեռի սահմանափակումը, որպեսզի տնային տնտեսությունների մոտ չլինեն ֆինանսական դժվարություններ հետագայում պարտքերը սպասարկելու հարցում։ Վերլուծություններն իրականացվում են։ Այդ մասով մենք դեռևս խնդիր չունենք»,- ասում է Անդրանիկ Գրիգորյանը։

Ֆինանսական համակարգում բանկերի՝ շոկերին դիմակայելու ունակությունն, ըստ Կենտրոնական բանկի վերլուծությունների, շարունակել է բարձր մնալ։ Բավականին մեծ աճ կա կապիտալի մասով։

2019 թվականին ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ և վարկեր/ՀՆԱ ցուցանիշները, որոնք բնութագրում են, թե բանկերն ու մնացած ֆինանսական կազմակերպությունները որքանով են մասնակից տնտեսությանը, աճել են։ Մասնավորապես, ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը տարվա ընթացքում աճել է 8.9 տոկոսային կետով՝ կազմելով 106.5%։ Իսկ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 4.8 տոկոսային կետով՝ կազմելով 58.7%: Այդպիսով, ֆինանսական միջնորդությունը խորացել է։

Բանկերի կշիռը ֆինանսական համակարգում 83.5% է

Հայաստանի ֆինանսական համակարգում առյուծի բաժինը շարունակում է մնալ բանկերի ձեռքերում։ 2019 թվականի տվյալներով՝ Հայաստանի ֆինանասկան համակարգի ակտիվների կազմում 83.5%-ը բանկերինն է, 10.1%-ը՝ վարկային կազմակերպություններինը, 3.6%-ը՝ կենսաթոշակային ֆոնդերինը, 1%-ը՝ ապահովագրական ընկերություններինը, 0.9%-ը ներդրումային ընկերություններին է բաժին ընկում, մնացած 0.9%-ն էլ՝ այլ ֆինանսական կազմակերպություններին։

Տարվա ընթացքում բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշն աճել է 5.9 տոկոսային կետով՝ կազմելով 89%: Բանկերի կողմից տրամադրվող վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացել է 3.2 տոկոսային կետով ու կազմել 52.1%:

Կարևոր ցուցանիշ է նաև ավանդներ/ՀՆԱ հարաբերակցությունը, որը կազմել է 49.7%-ով՝ աճելով 4.2 տոկոսային կետով։

Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների (վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ և այլն) փոքր տեսակարար կշռով պայմանավորված՝ վերջիններիս գործունեության ազդեցությունը ֆինանսական համակարգի կայունության վրա նշանակալի չի գնահատվում։  Այս մասին կարդում ենք Կենտրոնական բանկի  կողմից հրապարակված Ֆինանսական կայունության 2019 թվականի հաշվետվության մեջ։

«Այս պահին շուրջ 540 հազար ֆիզիկական անձանց և շուրջ 17 հազար իրավաբանական անձանց վարկերի վճարումները հետաձգվել են»

Ըստ Անդրանիկ Գրիգորյանի՝ այն բարձր իրացվելիությունը, որն ունի Հայաստանի ֆինանսական համակարգը, հնարավորություն տվեց բանկերին և վարկային կազմակերպություններին առաջիններից մեկն արձագանքել այն իրավիճակին, որն առաջացել է նոր համավարակի՝ COVID-19-ի հետևանքով։ «Մենք ունեցանք տնտեսական ակտիվության դանդաղում, տարբեր տեսակի բիզնեսների դադարեցում և այլն։ Ֆինանսական կառույցները երկարաձգեցին իրենց հաճախորդների վարկային պարտավորությունները։ Այս պահին շուրջ 540 հազար ֆիզիկական անձանց և շուրջ 17 հազար իրավաբանական անձանց տրամադրված վարկերի վճարների ժամկետների էական վերանայումներ են եղել։ Քաղաքացիներին հնարավորություն է տրվել շուրջ երեք ամիս հետաձգել վարկերի մարումները»,- ասաց նա։

Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ այս պահին, նույնպես, ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է և կարող է շատ հանգիստ սպասարկել թե՛ վարկառուներին, թե՛ ավանդատուներին. «Անհրաժեշտության դեպքում մենք՝ որպես Կենտրոնական բանկ, քանիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք տրամադրելու լրացուցիչ իրացվելի միջոցներ, եթե դրա կարիքը լինի ֆինանսական համակարգում, որը հուսով եմ՝ չի լինի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter