
Առաջարկվում է մանկապարտեզ հաճախող երեխայի`պետական համակարգում աշխատող ծնողը աշխատավայրը մեկ ժամ շուտ լքի
Առաջարկվում է համայնքապատական մանկապարտեզ հաճախող երեխայի` պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող ծնողին հնարավորություն ընձեռել աշխատավայրից դուրս գալ մեկ ժամ շուտ:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը:
Պատգամավորներն առաջարկում են «Աշխատանքային օրենսգիրքը» լրացնել նոր հոդվածով, ըստ որի ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ սահմանվում է նաև նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով:
Գործող օրենքով` ոչ լրիվ աշխատանքայրին օր կամ շաբաթ սահմանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ, աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա, հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով, հաշմանդամի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:
Նախագծով առաջարկվում է աշխատաժամանակի ռեժիմում բացառություն համարել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը` աշխատողի կողմից ներկայացված գրավոր դիմումի և տեղեկանքի հիման վրա: Ըստ նախագծի` այս դեպքում աշխատանքային օրը ավարտվում է աշխատաժամանակից մեկ ժամ շուտ, և գործատուն պարտավորվում է աշխատողին վճարել պայմանավորված աշխատավարձը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում (ՆՈՒՀ)-երում աշխատաժամերի ռեժիմը բարդություններ է առաջացնում այնտեղ հաճախող սաների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող նրանց ծնողների համար: ՆՈՒՀ-երի աշխատաժամը հիմնականում ավարտվում է 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ բարդություններ կրել, աշխատավայրը շուտ լքելու համար վերջինիս աշխատավարձից պահումներ են իրականացվում:
Նախագծի համահեղինակների համոզմամբ` այս կարգավորումը հնարավորություն կտա պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազամկերպություններում նախադպրոցական տարիքի երեխա խնամող անձանց լքել աշխատավայրը սահմանվածից մեկ ժամ շուտ` բացառելով աշխատավարձից պահումները:
Մեկնաբանել