HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում աֆրոամերիկացու սպանության համար ձերբակալվել է նախկին ոստիկան

ԱՄՆ-ում ձերբակալվել է ոստիկանության նախկին չորս աշխատակիցներից մեկը, որն աշխատանքից հեռացվել է Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալվածը Դերեք Շովինն է։ Հենց նա է հասցրել վերջին հարվածը (ծունկը դրել է վզի վրա), որից հետո աֆրոամերիկացին մահացել է։ Շովինին մեղադրանք է առաջադրվել երրորդ աստիճանի սպանության համար (այսինքն, չկանխատեսված սպանություն՝ ուժի կիրառման միջոցով)։ Մինեսոտա նահանգի օրենքներով՝ նման հանցագործության համար սահմանված է պատիժ մինչև 25 տարվա ազատազրկում։

Բացի այդ, շարունակվում է ևս երեք ոստիկանների նկատմամբ հետաքննությունը, որոնք մասնակից են եղել պատահարին։ Դատախազ Մայք Ֆրիմանը հայտնել է, որ «շուտով նրանց նույնպես մեղադրանք կառաջադրվի», սակայն չի մատնանշել, թե որ հոդվածով։ Ֆրիմանի խոսքերով՝ սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ համապատասխան գործողություններն իրականացվել են ապացույցների ձեռքբերումից անմիջապես հետո։ 

Իր հերթին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն իրականացնում են պատահարի սեփական հետաքննությունը, որպեսզի պարզեն, թե արդյոք չի խախտվել քաղաքացիական իրավունքների մասին դաշնային օրենքները։ Բարը Ֆլոյդի ձերբակալությունն անվանել է «սարսափելի» և «ծայրահեղ շոկային»։

46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով Մինեապոլիս քաղաքում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք վեր են ածվել ոստիկանության հետ բախումների և անկարգությունների։ Ուրբաթ գիշերը՝ մայիսի 29-ին, ցուցարարները շրջափակել են ոստիկանության բաժանմունքը, որտեղ աշխատում էին Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանները։ Բաժանմունքի աշխատակիցները բարձրացել են տանիք և փորձել հավաքված ամբոխին ցրել նռնակների և արցունքաբեր գազի միջոցով։ Այն բանից հետո, երբ ոստիկաններին տարհանել են ուղղաթիռով, ցուցարարները մտել են ոստիկանության բաժանմունք և այրել այն։

Նույն օրը, ցույցերի լուսաբանման ժամանակ, ուղիղ եթերում ձերբակալվել է «CNN»-ի թղթակից Օմար Խիմենեսը, որն լուսաբանում էր Մինեապոլիսում տեղի ունեցող իրադարձությունները։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվածները բաց են թողնվել այն բանից հետո, երբ հաստատվել է նրանց լրագրող լինելը։

Այդուհանդերձ,  «CNN»-ը հերքում է ոստիկանության վարկածը՝ հայտարարելով, որ իր աշխատակիցներն անմիջապես հայտնել են իրենց ով լինելը, և այդ ամենը տեղի է ունեցել ուղիղ եթերում։

Մինեապոլիսում առաջին ցույցերը սկսվել էին դեռ երեքշաբթի օրը՝ մայիսի 25-ին։ Քաղաքում մտցվել էր արտակարգ դրության ռեժիմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twiiter»-ի իր միկրոբլոգում նշել է, որ հնարավոր է Մինեապոլիս ուղարկի Ազգային գվարդիայի ուժերին։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ֆլոյդի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները, որոնք ստուգում էին կեղծ փողերի օգտագործման տեղեկատվությունը։ Ֆլոյդին հրամայել են հեռանալ ավտոմեքենայից։ Նրանց խոսքերով Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը։ Ոստիկանների վրա եղել են տեսախցիկներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ «Սպաներին հաջողվել է ձեռնաշղթաներ անցկացնել կասկածյալին, որից հետո նրանք նկատել են, որ վերջինիս վիճակը վատացել է»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Համացանցում տարածված տեսագրությունն սկսվում է այն պահից, երբ ոստիկանը ծունկը դրել է Ֆլոյդի վզին՝ փորձելով խեղդել։ Վկաներից մեկի նկարահանած տեսագրության մեջ լսվում է, որ գետնին պառկած Ֆլոյդը կրկնում է. «Ես խեղդվում եմ, խեղդվում եմ, մի՛ սպանեք ինձ»։ Հավաքվածները խնդրել են ոստիկանին դադարեցնել խեղդել Ֆլոյդին և չափել նրա ճնշումը։ Որոշ ժամանակ անց Ֆլոյդը դադարել է շարժվել և նրան տեղափոխել է շտապ օգնությունը։ Հիվանդանոցի ճանապարհին վերջինս մահացել է։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter