Հայերն ու չեխերը կհամագործակցեն առողջապահության ոլորտում
Մարտի 12-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի առողջապահության նախարար պրոֆեսոր Լեոշ Լեգերի հետ: Չեխ պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ Չեխիայում ՀՀ դեսպանության և Հայաստանում Չեխիայի դեսպանության մոտալուտ բացումը կարևոր խթան կդառնա երկկողմ բարեկամական հարաբերությունները զարգացնելու գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես բժշկագիտության տարբեր բնագավառների մասնագետների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման, առողջապահության կազմակերպման և կառավարման, բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ոլորտներում:
Տիգրան Սեյրանյանը կարևորեց վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պարբերական, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ՝ տեղեկատվության օպերատիվ փոխանակումը համագործակցաբար կանխարգելիչ և հակահամաճարակային անհապաղ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Լեոշ Լեգերը ներկայացրեց Չեխիայի առողջապահության համակարգի հետ համայնավարական զարգացման դժվարին ուղին' նշելով, որ դրա մակարդակն այժմ մոտեցել է Եվրոպայում լավագույնը համարվող գերմանական, ֆրանսիական և շվեյցարական համակարգերին: Առավել զարգացած ուղղություններից են սրտաբանությունը, վնասվածքաբանությունը և ուռուցքաբանությունը: Չեխիայում ստեղծվել է առողջապահական ապահովագրության առաջատար համակարգ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել