HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացին պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին. Երևանի քաղաքապետարանը աչք է փակում ինքնակամ շինարարության վրա

Ռուսաստանի քաղաքացի Սոնա Բալասանյանը վերջերս այցելել է Հայաստան ու նկատել, որ իր հողատարածքի կողքին շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տեղեկացել է, որ 7 հարկանի շենք է կառուցվում: Անմիջապես դիմել է դատարան, բայց ինքնակամ շինարարության ընթացքը չի կասեցվում:

Սոնա Բալասանյանը Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/21 և 14/22 հողամասերի սեփականատերն է, որտեղ նպատակ ունի կառուցել բնակելի առաձնատուն: Սակայն, այժմ փաստի առաջ է կանգնել, քանի որ այս տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Գարիկ Գրիգորյանին տրվել է շինարարության թույլտվություն՝ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 14/15 և 14/12 հասցեներում 7 հարկանի բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար, որն ամիջապես գտնվում է Սոնա Բալասանյանի հողամասերի կողքին:

Մարտի 12-ին Սոնա Բալասանյանը դիմել է վարչական դատարան՝ 7 հարկանի շենքի կառուցապատման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետի շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով, ինչը վարչական դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ:

«Մեր համոզմամբ՝ Երևանի քաղաքապետի՝ Գարիկ Գրիգորյանին տված շինարարական թույլտվությունը խախտել է Սոնա Բալասանյանի իրավունքները, այդ տարածքում ցածրահարկ առանձնատներ են, ու չի թույլատրվում կառուցել 7 հարկանի շենք, առավել ևս, երբ կառուցվող շենքի պատուհանների և պատշգամբների կառուցապատման արդյունքում ուղղակիորեն կխախտվեն մի շարք շինարարական նորմեր: Կառուցվելիք 7 հարկանի շենքի պատշգամբներից ու պատուհաններից ամբողջությամբ տեսանելի է դառնալու Սոնա Բալասանյանի կառուցվելիք բնակելի տան բակն ամբոջությամբ, իսկ ներքևի հարկերից՝ նաև տան ներսը, ինչը համարվում է նաև անձնական կյանքի ներխուժում»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ս. Բալասանյանի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Սիմոնյանը: Ըստ նրա՝ 7 հարկանի շենքն ամբողջությամբ խափանելու է նաև կառուցվելիք առանձնատան  լուսավորությունը, ինչպես նաև վտանգվելու են հակահրդեհային պահանջների պահպանման կանոնները:

Նշենք, որ վարչական դատարանի կողմից վիճարկման հայցի վարույթ ընդունելն օրենքով կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, որի նպատակը հայցվորի իրավունքները պաշտպանելն է։

Նշված հիմքով դեռևս մարտի 20-ին Սամվել Սիմոնյանը դիմել է Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանին՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու, այն է՝ 7 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու խնդրանքով:

Ի պատասխան փաստաբանի դիմումների՝ Երևանի քաղաքապետարանը մարտի 27-ին հայտնել է, թե հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետի տված շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջը քննարկվում է վարչական դատարանում, կառուցապատող Գարիկ Գրիգորյանը ծանուցվել է, որ անհապաղ պետք է կասեցնի նշված հասցեներում իրականացվող շինարարական աշխատանքները՝ մինչև հարցին վերջնական լուծում տալը: 

Հետագայում հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարիկ Գրիգորյանի կողմից անտեսվել է, թե դատարանի, թե Երևանի քաղաքապետարանի որոշումները, որոնց հիման վրա անհապաղ պետք է կասեցներ Դավիթ Անհաղթի փողոցի հ. 14/15 և հ. 14/12 հասցեներում իրականացվող շինարարական աշխատանքները՝ Սամվել Սիմոնյանն ապրիլի 22-ին կրկին դիմել է Երևանի քաղաքապետարան:

Այս անգամ Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, թե մայիսի 5-ին կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ նշված հասցեներում իրականացվում են հողային փորման աշխատանքներ, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջների շրջանակում արձանագրություն կազմելու հիմք ներկայում առկա չէ:

«Կարծում եմ, որ սա ուղղակի լղոզված պատասխան է, որը գործառութային իմաստով որևէ աղերս չունի իմ վերջին պահանջի հետ, քանի որ ես խնդրել էի անհապաղ դադարեցնել ինքնակամ շինարարարությունը: Միչդեռ Երևանի քաղաքապետարանն անհասկանալի կերպով, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջները, հետամուտ չի եղել դատարանի և իր իսկ կայացրած որոշման կատարմանը, որի արդյունքում Գարիկ Գրիգորյանը մինչ օրս շարունակում է իրականացնել ինքնակամ շինարարական աշխատանքներ»,- նշում է Սամվել Սիմոնյանը:

Փաստաբանը գտնում է, որ առկա է պաշտոնատար անձանց կողմից դրսևորված հանցավոր անգործություն և հովանավորչություն, ինչի հետևանքով նշված ապօրինությունը շարունակվում է:

«Հայտնի իրողություն է, երբ որևէ անձ, փորձում է իր պարիսպի վրա կոսմետիկ վերանորոգում կամ այլ թեթևակի շինարարական աշխատանքներ կատարել, ինչպիսի ջանասիրաբար, հետևողական և կոշտ վարչարարության է արժանանում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, մինչդեռ այս դեպքում Գարիկ Գրիգորյանն անկասելի է»,- հավելում է փաստաբանը:

Դիմող կողմի համար նաև հարց է առաջանում, թե ինչպես են Երևան քաղաքի հայտնի «Մոնումենտ» կոչվող վայրում, առանց իրավական հիմքերի, շինարարական աշխատանքներ կատարվում, ինչը քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից արժանանում է «հանցավոր անգործության»:

Սամվել Սիմոնյանը կարծում է, որ քաղաքապետարանի պատասխանն ընդամենը շղարշ է, թե իբր վարչական պատասխանատվության հիմք չկա: Ավելին, հենց Երևանի քաղաքապետարանն է արձանագրել, որ չնայած արգելքին, կատարվում են հողային փորման աշխատանքներ:

«Բա էլ ի՞նչ պետք է կատարվեր, պետք է 7 հարկանի շենքի երեսպատման աշխատանքներն արդեն սկսվեին, որ քաղաքապետարանն արթնանար քնից ու կասեցներ շինարարությունը, իրականում ծիծաղելի է»,- ասում է Ս. Սիմոնյանը:

Տարածքում նկատելի է, թե ինչ ինտենսիվությամբ և ծավալով են իրականացվում հողային փորման աշխատանքները: Ակնհայտ է, որ այդ աշխատանքները կատարվում են 7 հարկանի շենքի կառուցման համար, որի շինթույլտվության իրավաչափությունը վիճարկվում է դատարանում:

«Ստեղծված պայմաններում կարծում եմ, որ առկա է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ուղեկցվող ու ընդգծված հովանավորչություն: Երևանի քաղաքապետարանի կողմից կիրառվում են երկակի մոտեցումներ: Հողային փորման աշխատանքները չեն գնահատվում, որպես 7 հարկանի շենքի կառուցման համար շինարարական նախապատրաստական աշխատանքներ»,- նշում է Սամվել Սիմոնյանը:

Դիմող կողմը տեղեկություններ ունի, որ կառուցվելիք 7 հարկանի շենքի նախագծման աշխատանքների կատարող ճարտարապետը Լևոն Մելիքյանն է, ով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի համակուրսեցին կամ մտերիմն է, ինչը հիմք է տալիս ենթադրելու, թե ինչու է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահոսկողության վարչությունը նման ջանասիրությամբ կոծկում և անգործություն դրսևորում այս հարցում:

Փաստաբանը տեղեկացնում է, որ նշված խնդրին անհապաղ լուծում չտալու դեպքում, պատրաստվում են դիմել Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Երևանի քաղաքապետարանի և Գարիկ Գրիգորյանի գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ հարաբերություներ ունի Արթուր Մեսչյանը 7 հարկանի շենքի նախագծման աշխատանքները կատարող ճարտարապետի հետ: Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ չի կարող պատասխանել, քանի որ քաղաքապետարանի պաշտոնյաների անձնական բնույթի կապերին առնչվող տեղեկատվությունը չի կարող մեկնաբանել:

Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել նաև Արթուր Մեսչյանից, սակայն, վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց:

Մեկնաբանություններ (1)

Մինաս քեռի
Այսպիսի աննորմալ ու բազմակի կրկնվող քաշքշուկը կարող էր չլինել, եթե գոյություն ունենար քաղաքի ճարտարապետական գլխավոր հատակագիծ ու զարգացման միասնական նախագիծ: Ըստ որի, ի սկզբանե պարզ կլիներ տարածքների նշանակությունն ու նպատակը: Այդ դեպքում տիկին Սոնան կիմանար, որ տվյալ վայրում այդպիսի կառույցներ են լինելու (կամ չեն լինելու), իսկ կառուցապատողն ու քաղաքապետարանը հնարավորություն չեին ունենա տարբեր գործարքներ կատարելու: Բայց դե, ուղտին ասեցին ,,մեջքդ ծուռ է,, ինքն էլ պատասխանեց՝ ,,միթոմ ինչս է դուզ,,!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter